Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՎԵԱՐԿԵՔ ՀԱԿ-Ի ՕԳՏԻՆ

Մայիս 19,2009 00:00

«Ձեզ չենք հիասթափեցնի»,- կոչ արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը

Վերջին երկու օրերի ընթացքում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող Հայ ազգային կոնգրեսը բավականին մարդաշատ հանդիպումներ ունեցավ երեւանցիների հետ: Կիրակի օրը Կոնգրեսը Քանաքեռ համայնքում էր, իսկ երեկ՝ Շենգավիթում:

ՀԱԿ-ի երեկվա հանդիպման ժամանակ, ի թիվս այլ բանախոսների՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի, Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի, ելույթ ունեցավ նաեւ այդ համայնքի բնակիչ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանը: Նա նկատեց, որ եթե առաջիկա ընտրությունները լինեին նորմալ երկրում եւ համարվեին բացառապես քաղաքապետի ընտրություններ, ապա ինքը կնախընտրեր խոսել քաղաքի, Շենգավիթ համայնքի խնդիրների մասին, կթվարկեր այն պրոբլեմները, որոնք տարիներ շարունակ իրենց լուծումը չեն գտնում, մեկ առ մեկ կմատնանշեր այն ապօրինությունները, որոնք կատարվում են, եւ որոնց երեւանցիները որեւէ կերպ հակադրվել չեն կարողանում: «Բայց խնդիրն այն է, որ ուժերը, այդ մարդիկ, ըստ էության, մեր մրցակիցները չեն, որովհետեւ այդ մարդիկ ձգտում են միայն այս ավազակապետության հովանու ներքո ինչ-որ տաքուկ տեղեր գտնել կամ պահպանել: Դա իրենց անձնական խնդիրն է, բայց դա որեւէ կերպ չի փոխելու ո՛չ մեր կյանքը, ո՛չ մեր կենցաղը, որովհետեւ վերջին 10 տարին մենք հենց այդ մարդկանց իշխանության ներքո ենք ապրում: Հենց այդ մարդիկ են, որ իրենց ծանոթների կամ իրենց փայաբաժնի համար մի օր թակում են մեր դուռն ու ասում՝ «պետական շահերի համար» ձեր տունը պիտի վերցնենք ու էստեղ էլիտար բան կառուցենք: Սրանք հենց այն մարդիկ են, որ ամեն օր արհամարհում են օրենքը եւ մեր կյանքը դարձնում անտանելի, այդ մարդիկ են, որ կեղծել են նախորդ ընտրությունները: Սրանք մեզ համար ի՞նչ մրցակիցներ: Մեր խնդիրը շատ ավելի մեծ ու սկզբունքային է. մենք պայքարում ենք համակարգի՝ ավազակապետության դեմ: Պարզապես մեր վերջնական նպատակին հասնելու համար այս փուլում մենք օգտագործում ենք Երեւանի քաղաքապետի ընտրությունները»:

Կ. Ռուբինյանը համոզմունք հայտնեց, որ ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ էլ ընդդիմության հաղթանակն առաջիկա ընտրություններում կասկած չի հարուցում. մնում է միայն, որ բոլորը, այդ թվում՝ նաեւ ալարկոտ ընտրողները, ակտիվորեն մասնակցեն ընտրություններին եւ քվեարկեն այն թեկնածուի օգտին, ում իրենք նախընտրում են, որովհետեւ ակտիվ մասնակցությունը, բանախոսի ասելով, էապես նվազեցնում է կեղծիքների հնարավորությունը: Բանախոսն ասաց, թե նախորդ՝ նախագահական ընտրություններից հետո զարհուրելի իրադարձություններ եղան՝ «հանցախումբը թույլ տվեց իրեն սեփական խաղաղ ժողովրդի վրա կրակել» եւ մինչ օրս անպատիժ մնալ: Ուստի, նրա ասելով, առաջիկա ընտրությունները հնարավորություն են ընձեռում ՀՀ քաղաքացիներին իրենց քվեով շառաչուն ապտակ հասցնել «սեփական ժողովրդի վրա կրակողին, ընտրակեղծարար ղումարբազին, անմեղ մարդկանց վրա գործ սարքող եւ բանտերում պահող սրիկային»:

Խոսեց նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա հիշեցրեց, որ 1989 եւ 1990թթ.-երին հենց այդ շրջանից ինքն ընտրվել է Հայաստանի ԳԽ պատգամավոր. «Չեմ կասկածում, որ այս անգամ արդյունքը նույնն է լինելու, եւ ես այս համայնքում լրիվ հաղթելու եմ, մանավանդ, որ իմ թիմակիցներից Ստեփան Դեմիրճյանը 2003թ.-ին այս թաղամասում համոզիչ հաղթանակ է տարել, իսկ 1998-ին նույնքան համոզիչ հաղթանակ էր տարել նրա հայրը՝ Կարեն Դեմիրճյանը»: Լ. Տեր-Պետրոսյանը նկատեց, որ Շենգավիթը ընդդիմության համար հաղթանակների ավանդույթ ստեղծող թաղամաս է ու այս անգամ էլ հուսախաբ չի անի, բայցեւ շենգավիթցիներին խնդրեց առաջիկա ընտրությունները չկապել միայն իր անվան հետ: «Սա անձնավորված պայքար չէ: Այսօր մենք հանդես ենք գալիս ոչ թե որպես անհատներ, այլ որպես մի հզոր՝ հարգված, ձեզ ծանոթ, կառավարման փորձ ունեցող մարդկանց թիմ: Պետք է նկատի ունենալ, որ իշխանությունների կողմից եւս այս ընտրապայքարը անձնավորված չէ: Կարեւոր չէ, թե ով է իշխանությունների նախընտրած քաղաքապետի թեկնածուն: Հասկանալի է մեկ բան. պայքար է գնում Հայաստանի լճացումը պահպանելու, թալանը շարունակելու եւ Հայաստանը վերափոխելու միջեւ: Ուրիշ խնդիր, ուրիշ գաղտնիք այս պայքարում գոյություն չունի»,- ասաց ՀՀ առաջին նախագահն ու հավաստիացրեց, որ գործող քաղաքապետն ու այդ պաշտոնին հավակնողները ընդամենը գործող այդ ավազակապետական համակարգի մի գայլիկոնն են, որ նրանք չէ, որ որոշում են այդ համակարգի բախտը, նրանք պարզապես ապահովում են ավազակապետության գոյությունը: Եթե նրանք ընտրվեն, ավազակապետությունը շանս կունենա երկար ժամանակ փաթաթված մնալ մեր ժողովրդի վզին, եթե դա թույլ չտանք, հնարավորություն կունենանք վերափոխելու մեր երկիրն ու ունենալու նորմալ պետություն: «Այսօր իշխանությունը ժողովրդի կողմից ետ վերցնելու ժամանակն է: Ես ուզում եմ վստահեցնել, որ եթե դուք կատարեք ձեր քաղաքացիական պարտքը, միահամուռ կերպով քվեարկեք ՀԱԿ-ի օգտին, Կոնգրեսը ձեզ չի հիասթափեցնի»,- իր ելույթն այսպես եզրափակեց ՀՀ քաղաքապետի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանը:

Ի դեպ, հանդիպումը վարող Արամ Մանուկյանը պատեհ առիթը գտավ հավաքվածներին տեղեկացնելու, որ աշխարհին հայտնի են երեք ազգային կոնգրեսներ՝ մեկը Մահաթմա Գանդիի կողմից ստեղծված, մյուսը՝ Նելսոն Մանդելայի, եւ Հայ ազգային կոնգրեսը: Նա տեղեկացրեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին երկու ազգային կոնգրեսները՝ Հնդկաստանում եւ Հարավային Աֆրիկայում, համապետական ընտրություններում հաղթանակ են տարել, ու հավելեց, թե հիմա հերթը Հայ ազգային կոնգրեսինն է:

Երեկվա հանդիպումն էլ ավարտվեց բազմամարդ երթով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել