Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մայիս 16,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ ութերորդ

 ԳՆԱ ՄԵՌԻ՝ ԱՐԻ ՍԻՐԵՄ

 Երբ ճաշարանի տիկինն օղին բերեց, օղու հոտից հիշեցի, որ մոտավորապես մի տարի առաջ էդ նույն ճաշարանում Վալոդի ու Տիկոյի հետ մեր շախմատիստների հաղթանակն էլ էինք տնական թթի արաղով նշել, բայց նաեւ հիշեցի, որ շախմատիստների էն արաղը Վալոդն էր իրենց Նոյեմբերյանից բերել, եւ երբ ճաշարանի տիկինը նաեւ հացը, պանիրն ու թթուն բերեց, ես նաեւ սուրճ խնդրեցի, եւ մինչ սուրճը կեփեր, ես բաժակիս կեսը խմեցի ու մտքիս մեջ օղորմի տվի Օդնային, եւ երբ սուրճը բերեց, ես արդեն մնացած կեսն էլ էի խմել ու մնացած կեսով վարչապետին էի օղորմի տվել, եւ երբ սուրճը բերեց, ընդարմացած ուղեղովս նաեւ Նավասարդյան Աշոտին հիշելով՝ եւս հարյուր գրամ խնդրեցի, եւ երբ դատարկ բաժակս տարավ ու լիքը հետ բերեց, ես լուսահոգիներ Վարդազարյան Արտակին ու Մկրտչյան Կարոյին էլ էի ընդարմացած ուղեղովս արդեն հիշել, եւ երբ տիկինը երկրորդ հարյուր գրամը բերեց, ես էդ երկրորդի կեսը խմեցի՝ մտքիս մեջ Անդոյի, Աշոտի, Արտակի ու Կարոյի համար Բարձրյալից երկնային արքայություն աղերսելով, եւ ընդարմացած մտքով մտածեցի ու հասկացա նաեւ, որ էդ հիշածներիցս ոչ մեկն իր երազանքն ամբողջացած չտեսավ, ու էդ պահին հիշածներս նաեւ մարտի 28-ով էին իրար հետ կապված, ու ընդարմացած մտքով նաեւ հիշեցի, որ Սերվետն էլ է մարտի 28-ի ծնունդ, ու ընդարմացած մտքով հիշեցի նաեւ, որ ես, Կարոն, Արտակն ու Սերվետը մի անգամ միասին ու համատեղ էինք մեր ծնունդները Սերվետի արվեստանոցում մինչեւ լույս նշել, եւ ընդարմացած մտքով ինձ ու Սերվետին հիշելով՝ երկրորդ բաժակիս երկրորդ կեսն էլ խմեցի՝ Բարձրյալից Սեւոյի ու ինձ համար համբերություն ու կյանք խնդրելով, եւ խմածիս ու կերածիս համար ճաշարանի տիկնոջը վճարելով՝ տպարանի ճաշարանից դուրս եկա, եւ հիմա չեմ հիշում՝ հետո ուր գնացի, որովհետեւ ծննդյանս էդ չարաբաստիկ ու չարագուշակ օրվա երկրորդ կեսն էս պահի դրությամբ մտքիցս ընդհանրապես ջնջված է, ու էս պահի դրությամբ՝ էդ չարաբաստիկ ու չարագուշակ օրվա մասին նաեւ էն գիտեմ, որ էդ օրն իմ կյանքում առաջին անգամ էի մենմենակ օղի խմում:

Ես նպատակադրվել էի Ծաղկաձորում յոթերորդ գիրքս ավարտել եւ անմիջապես ու տեղում էս ութերորդը ցրցամ տալ, ու էդ նպատակս, ինչպես տեսնում եք, ավելցուկով իրագործեցի, եւ էս պահի դրությամբ՝ ո՛չ միայն էս ութերորդի հիմքերն են հիմնավոր գցված, այլեւ էս ութերորդը հիմնավորապես հունի մեջ է, եւ դա վերստին մեր ստեղծագործական տան տնօրեն Մովսեսի շնորհիվ է, որովհետեւ Մոսոն մեծահոգաբար համաձայնվեց, որ եւս մի ամբողջ շաբաթ Ծաղկաձորում մնամ ու էսպես ինքնաբուխ ու անվճար ստեղծագործեմ, ու էս պահի դրությամբ, իմ բախտից, էս հավելյալ շաբաթվա կեսն էլ դեռեւս չի լրացել. այսինքն, ես եւս երեքուկես օր ստեղծագործելու ունեմ, եւ եթե էս տեմպերով շարունակեմ, երեւի էս ութերորդս կես գցեմ, բայց դժվար թե էդպիսի բան տեղի ունենա, որովհետեւ արդեն տեղի ունեցածն աննախադեպ է. այսինքն, ես էս վերջին չորս ու հինգ օրերին ոչ թե իմ սովորական ու մշտական գրաֆիկով ու տեմպով էի գրում, այլ՝ միանգամայն ինքնամոռաց ու տենդագին, եւ դա աննախադեպ էր էն իմաստով, որ վերջին չորս ու հինգ օրերին ոչ թե պարտադիր գրելիքս էի գրում, այլ՝ չնախատեսված եւ պարտադիրի մեջ չմտնող բաներ, եւ եթե Երվանդի ու էդ տանձուխնձորների պատմությունը զուտ դեպքերի ու իրադարձությունների արդյունք էր, ապա վարչապետի ու Օդնայի հատվածը հանկարծակի արթնացած հիշողությանս արդյունքն էր, որովհետեւ հանկարծակի արթնացած հիշողությունս ինձ հուշեց, որ՝ մինչ էսպես երկարբարակ հիշում ու գրում էի, ահագին արժեքավոր ու կարեւոր մարդիկ հեռացան կյանքից ու մեզանից, եւ վարչապետն ինձ համար ամենաարժեքավորներից ու ամենակարեւորներից էր, եւ վարչապետից ու Օդնայից հետո ուրիշներն էլ են հեռացել, եւ եթե ուրիշներին մեկ առ մեկ չեմ անդրադառնում, էդ ամենեւին չի նշանակում, որ էդ ուրիշներն արժեքավոր ու կարեւոր չէին, եւ եթե հեռացածներից ոմանք անձամբ ինձ համար արժեքավոր ու կարեւոր չէին, կյանքից ու անձամբ ինձնից հեռանալուց հետո անմիջապես արժեքավոր ու կարեւոր դարձան, որովհետեւ էդ բոլորի հեռանալուց հետո է միայն չհեռացածների համար պարզ դառնում, որ յուրաքանչյուր հեռացածի պատճառով առաջացած որոշ ու որոշակի դատարկությունը որեւէ ձեւով ու որեւէ ուրիշով հնարավոր չի լցնել, եւ նույնիսկ Աստված է անզոր այդ անել, որովհետեւ Աստված հիմնականում ստեղծելով է զբաղված, այլ ոչ թե՝ հեռացածների առաջացրած դատարկությունները լցնելով ու լցոնելով, եւ երբ Աստծո արարածներն անժամանակ կամ ճիշտ ժամանակին հեռանում են, Աստված անժամանակ կամ ճիշտ ժամանակին նորերին է ստեղծում ու ուղարկում, բայց էս նորերն ի վիճակի չեն փոխարինել հեռացածներին եւ ոչ էլ ի վիճակի են հեռացածների առաջացրած դատարկությունը լցնել, որովհետեւ մեր Աստծո ձեռամբ արարվածները բոլորն էլ բացառիկ ու անկրկնելի են, եւ նորերն արարվում են ոչ թե հներին փոխարինելու կամ հների առաջացրած դատարկությունը լցնելու նպատակով, այլ միայն՝ նորանոր խորքեր ու գաղտնիքներ բացահայտելու ակնկալիքով, եւ եթե միայն հայերն են ասում՝ «գնա մեռի՝ արի սիրեմ», դա դեռ չի նշանակում, թե միայն հայերս ենք ըմբռնել հեռացածների անփոխարինելիության իրողությունը, որովհետեւ հայերն ու ուրիշներն ուրիշ խոսք էլ ունեն՝ «մեռածի մասին կամ լավ, կամ՝ ոչինչ», եւ եթե էս երկրորդ ասացվածքն իր ժողովրդականությամբ էապես է զիջում առաջինին, ապա առաջինը, չնայած իր ժողովրդական էությանը, երկրորդին պարզության տեսակետից է էապես զիջում, որովհետեւ, ինչքան էլ ժողովրդական, առաջինն իր մեջ ավելի՛ շատ ընդհանրացում ու վերացարկում է պարունակում, ինչպես նաեւ՝ տողատակ ու ենթատեքստ, ինչպես նաեւ՝ ալեգորիա. մի խոսքով՝ տեղով մետաֆոր է, եւ երբ մերոնք ասում են՝ «գնա մեռի՝ արի սիրեմ», դրանով ավելի շատ բան են ասում, քան բոլոր նրանք, ովքեր ասում են՝ «մեռածի մասին կամ լավ, կամ՝ ոչինչ», բայց էս բացատրությունս, ցավոք սրտի, միայն մեզ է հասկանալի, որովհետեւ իսկական պոեզիան եղել ու մնում է անթարգմանելի եւ բնագրի լեզուն չիմացողների համար՝ անմատչելի ու անիմանալի, իսկ որ «գնա մեռի՝ արի սիրեմ»-ը տեղով մեկ պոեզիա է, դրանում մի քանի կարծիք լինել չի կարող, բայց, այսուհանդերձ, էդ բացառիկ ասացվածքն իր մեջ ոչ միայն պոեզիա է պարունակում, այլեւ՝ բամբասանք, ընդ որում՝ էդ բառի ամենալայն ու ամենաընդգրկուն իմաստով, որովհետեւ իսկական բամբասանքն էն բամբասանքն է, որն իր մեջ պոեզիա է պարունակում եւ հասկանալի ու մատչելի է միայն ընտրյալներին, եւ եթե բամբասանքը բամբասողից ու արհեստավարժ ունկնդրից բացի՝ այլոց էլ է մատչելի ու հասկանալի, դա արդեն ոչ թե բամբասանք է, այլ՝ պրիմիտիվ ու պարզունակ այլ բան, ու էդ այլ բանն էնքան անարժեք ու անկատար է, որ մարդիկ դրան համապատասխան անվանում չեն հորինել եւ մեքենայորեն բամբասանք են անվանում՝ ճիշտ այնպես, ինչպես որ մեքենայորեն պոեզիա են անվանում պրիմիտիվ, պարզունակ ու չափածո հանգաբանությունը, եւ եթե ճշմարիտ պոեզիան մատչելի ու հասկանալի է միայն հեղինակին ու արհեստավարժ ընթերցողին, ապա պարզունակ ու պրիմիտիվ հանգաբանությունը մատչելի ու հասկանալի է բոլորին՝ բացի հեղինակից ու արհեստավարժ ընթերցողից, ու էս արհեստը մեզանում էնքան լայն տարածում ունի՝ ինչքան պրիմիտիվ ու պարզունակ էն խոսակցությունները, որոնց անարդարացիորեն բամբասանք ենք անվանում, ճիշտ այնպես, ինչպես անհեթեթ ու պարզունակ հանգաբանությունն ենք անարդարացիորեն պոեզիա հորջորջում, մինչդեռ պարտավոր ենք ցանկացած երեւույթի համար համարժեք ու բնորոշ անվանում գտնել, եւ երբ անցած հազարամյակի վերջերին անհեթեթ հանգաբանություններիս համարժեք «անտիպոեզիա» անվանումը հայտնաբերեցի ու հայտնագործեցի, մարդիկ ու գրագետներն էդ փաստը չափազանց հիվանդագին ընդունեցին, եւ հիմա որ հիշում ու մտածում եմ, սկսում եմ նաեւ հասկանալ, որ դա շատ էլ բնական ու տրամաբանական էր, որովհետեւ առաջին անգամ հայտնագործված ու առաջին անգամ ասված ցանկացած բառ ու խոսք միշտ էլ թերահավատություն ու թերըմբռնում է առաջացնում, եւ եթե մեր Աստծո «եղիցի լույս» բացականչությունը սվիններով չեն դիմավորել, դրա թերեւս միակ բացատրությունն էն է, որ էդ ժամանակ մարդիկ ընդհանրապես գոյություն չեն ունեցել, այսինքն, ըստ ամենայնի, Աստված միանգամայն գիտակցաբար նախ իր էդ բացականչությունն է արել, այնուհետեւ՝ նոր միայն հանգիստ խղճով արարել է Ադամին ու Եվային, որովհետեւ, եթե հակառակն աներ, այսինքն, եթե Ադամին ու Եվային ծեփեր, շունչ ու հոգի տար եւ հետո միայն բացականչեր՝ «եղիցի լույս», Ադամն ու Եվան ոչ միայն էդ բացականչությունն էին ծաղրի ենթարկելու, այլեւ հետեւողականորեն ու շարունակաբար հիշելու եւ սերունդներին էին փոխանցելու էդ «եղիցի լույս» բացականչությանը նախորդած խավարի ու մթի տարիների մասին իրենց հիշողություններն ու տպավորությունները, եւ, ըստ երեւույթին, նաեւ էդ պատճառով Աստված Ադամին ահագին ուշ ստեղծեց, իսկ Եվային՝ ավելի ուշ, եւ եթե հակառակն աներ, այսինքն՝ եթե Ադամին ու Եվային ստեղծելուց հետո աղաղակեր՝ «եղիցի լույս», պատկերացրեք՝ սերունդներն ինչպիսի՜ սահմռկեցուցիչ տեսարաններ էին իրար փոխանցելու էդ աղաղակին նախորդած խավարի ու մթի տարիներից, մանավանդ որ՝ էդ բացականչությանը նախորդած տարիներին հեչ հովհարային միացումներ էլ չեն եղել, ու, էդ ամենից էլ զատ, միեւնույն է, եթե Ադամից ու Եվայից հետո Աստված բացականչեր ու աղաղակեր՝ «եղիցի լույս», իր էդ աղաղակն Ադամի ու Եվայի կողմից չէր ընկալվելու, որովհետեւ, էլի եմ ասում, մահկանացուներս մշտապես խրտնում ենք ցանկացած նոր խոսքից, եւ երբ մեր հայրենակից Պարույր Սեւակն Աստծուց բազում հազարամյակներ անց կրկնելով բացականչեց՝ «եղիցի լույս», նույնիսկ է՛դ ժամանակ բազում մահկանացուներից չհասկացվեց, եւ չնայած էսօրվա օրով մեծուփոքր հայերս լավ էլ հասկանում ենք՝ ինչ ասել է՝ «գնա մեռի՝ արի սիրեմ», այդուհանդերձ, հասկանում ենք նաեւ, որ բոլորիս հասկանալի էդ նախադասությունը մեր հայրենակից նախորդներից ինչ-որ մեկն է առաջին անգամ ասել, եւ պատկերացրեք՝ մեր հայրենակից նախորդներից մյուսներն ինչպիսի՜ ատելությամբ ու թշնամանքով նայած կլինեն էդ առաջին ասողին, եւ որպեսզի լավ պատկերացնենք, պիտի փորձենք պատկերացնել նաեւ շատ դարեր առաջ հին Հայաստանում տեղի ունեցած հետեւյալ տեսարանը. մեր հանգուցյալ նախնիներից մեկին հարազատները, բարեկամները, ընկերներն ու ճանաչողները լացուկոծով թաղում են, եւ էդ ամենը տեսնելով ու հանգուցյալի երկրային տառապանքները հիշելով՝ հուղարկավորության մասնակից մեր նախնիներից մեկը կողքին կանգնած մեր մեկ այլ նախնու ականջին շշնջում է՝ «գնա մեռի՝ արի սիրեմ», եւ, բնականաբար, էդ առաջին ասողին էդ առաջին լսողը չի հասկացել ո՛չ միայն էն պատճառով, որ նոր խոսքը դժվար է հասկացվում, այլեւ էն պատճառով, որ նոր խոսքն իր մեջ սովորաբար լիքը ճշմարտություն է պարունակում, իսկ ճշմարտությունը, ինչպես երեւի գիտեք, միշտ էլ խրտնեցրել ու խրտնեցնում է մեծամասնությանը, եւ եթե արդեն պատկերացրիք, որ շատ դարեր առաջ հին Հայաստանում առաջինն ինչ-որ մեկն է ինչ-որ մեկի մասին ինչ-որ մեկին ասել՝ «գնա մեռի՝ արի սիրեմ», ապա պիտի պատկերացնեք նաեւ էդ առաջին, երկրորդ ու հաջորդ լսողների առաջին ռեակցիան, որովհետեւ էդ առաջին, երկրորդ ու հաջորդ լսողներն առաջին անգամ լսելով էդ «գնա մեռի՝ արի սիրեմ»-ը, շատ հնարավոր է, ո՛չ թե չեն հասկացել էդ առաջին անգամ ասվածը, այլ, ընդհակառակը, շատ լավ էլ հասկացել են եւ շատ լավ հասկանալով՝ անմիջապես հիշել են հանգուցյալի դեմ իրենց բոլոր արածները. այսինքն, շատ հնարավոր է, նոր խոսքը ոչ թե չհասկացվելու պատճառով է մարդկանց հուշտ անում, այլ, ընդհակառակը, հասկացվելո՛ւ պատճառով, իսկ ամենահավանականն էն է, որ էդ երկու հանգամանքներն էլ հավասարապես եղել են, կան ու կլինեն. այսինքն, մահկանացուների մի մասը չհասկանալու պատճառով է նոր խոսքից խրտնում, իսկ մյուս մասը՝ շատ լավ հասկանալու պատճառով, եւ երբ մեր հայրենակից Պարույր Ղազարյանը Հայր Աստծուց բյուրավոր տարիներ անց կրկնելով բացականչեց՝ «եղիցի լույս», շատերը տարակուսած իրար նայեցին՝ չհասկանալով ասվածը, իսկ ոմանք էլ ասվածը շատ լավ հասկանալով՝ նույնպես տարակուսած նայեցին իրար. այստեղից եզրակացություն. նոր ու ճշմարիտ խոսքն, ամեն ինչից բացի, առաջին հերթին հենց տարակուսանք է առաջացնում եւ հետո նոր միայն՝ չարություն ու թշնամանք, ընդ որում՝ նոր ու ճշմարիտ խոսքը տարակուսանք ու թշնամանք է առաջացնում հատկապես էն դեպքերում, եթե էդ խոսքը հնչում է ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում, եւ ահա՝ երբ Հայր Աստծո բացականչությունից շատ ու շատ հետո՝ խավարի ու ցրտի տարիներին մեր հայրենակից Պարույր Ղազարյանը բացականչեց ու կրկնեց՝ «եղիցի լույս», էդ բացականչության ու կրկնության անհրաժեշտությունն իսկապես կար, որովհետեւ ասվում ու կրկնվում էր ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ու միանգամայն տեղին, եւ երբ ծննդյանս էդ չարաբաստիկ օրը վարչապետին հուղարկավորածները ցրվեցին ու իմ առաջ հառնեց ծաղիկների ու ծաղկեպսակների բուրգը, ես Կիբուռի՝ մի քանի րոպե առաջ ասածը հիշեցի՝ «գնա մեռի՝ արի սիրեմ», եւ Կիբուռի էդ շշնջոցով ասածն ուշացումո՛վ ցնցեց ինձ, չնայած ասվել էր ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ու միանգամայն տեղին, եւ, հուսով եմ, ես էլ միանգամայն տեղին հիշեցի էս ամենը, եւ չնայած արդեն մոռացել եմ՝ ինչ առիթով հիշեցի, համոզված եմ, որ միանգամայն տեղին հիշեցի, որովհետեւ, եթե չհիշեի, երբեւէ չէիք իմանալու, որ անցած դարի յոթանասուներկու թվականի նիհար, բարձրահասակ ու մորուքավոր Օդնան ու նոր հազարամյակի մեր վարչապետ Մարգարյան Անդրանիկը նույն անձնավորությունն էին, եւ հիմա, երբ էդ կարեւորագույն հանգամանքն արդեն գիտեք, արդեն հանգիստ խղճով կարող եմ վերադառնալ ու ընդհատված տեղից շարունակել էս երկարուձիգ ինքնակենսագրությունս, որը, ինչպես վերստին համոզվեցիք, ահագին հասարակական ու քաղաքական հնչողություն է պարունակում, եւ, չնայած դրան, ես պարտավոր եմ ամեն տեսակի հնչողություններից առնվազն ժամանակավորապես հրաժարվելով՝ անհապաղ վերադառնալ անցած դարի յոթանասունյոթ թվական ու «Ծիծեռնակ», բայց, այսուհանդերձ, ես, որպես արդեն որոշակի փորձառության տեր արձակագիր, ոչ թե պիտի պարզապես թռչեմ ու միանգամից ընկնեմ հազար ինը հարյուր յոթանասունյոթ թվական ու «Ծիծեռնակ», այլ պիտի շեղվածս ճանապարհով քայլ առ քայլ վերադառնամ, որովհետեւ բուն նյութիցս նկատելիորեն շեղվելով՝ ո՛չ միայն վերստին բուն կենսագրությունիցս շեղվեցի, այլեւ ժամանակներն ու իրադարձություններն իրար խառնեցի, բայց վերստին արածիս համար չեմ փոշմանում, որովհետեւ էս շարունակական շեղումներիս շնորհիվ դուք ոչ միայն ներկա պահի նախահեղափոխական իրավիճակին որոշ չափով առնչվեցիք, այլեւ բավականաչափ տեղեկատվություն ստացաք իմ համակուրսեցիներ Մրջանանց ու Պետնանց Քոթոների, ինչպես նաեւ՝ նմանապես իմ համակուրսեցի Խոջոյան Արոյի մասին, ինչպես նաեւ՝ Գեւորգ Արմենակովիչ Հայրյանի մասին, ինչպես նաեւ՝ լճացման տարիների սրբագրական աշխատանքի սպեցիֆիկայի մասին, ինչպես նաեւ՝ իմ ու Պետրոսյան Երվանդի ծաղկաձորյան գողոնի մասին, բայց ես իմ կենսագրության յոթանասունյոթ թվականից շեղվելով՝ նաեւ հասել էի իմ ու ձեր կենսագրության երկու հազար յոթ թվականի սեպտեմբերի քսանմեկ, եւ Ջավախյանի ու Իշխանյան Վահանի հետ հրապարակի մետրոյի դիմացի բացօթյա սրճարանում նստած՝ սպասում էինք Ջավախյանի եղբորը՝ Ալավերդու ՀՀՇ-ի արդեն նախկին նախագահ Ջավախյան Ռաֆոյին, եւ Ռաֆոյին «նախկին» եմ ասում, որովհետեւ, մինչ շեղվել ու այլ բաների մասին էի հիշելով գրում, ինքն իր քաղաքական դիրքերը զիջեց առավել ակտիվներին ու վերջնականապես վերադարձավ իր քանդակագործությանը, բայց մինչ այդ՝ երկու հազար յոթի սեպտեմբերի քսանմեկի երեկոյան ներկա էր «Արմենիա-Մարիոթում» առաջին նախագահի մասնակցությամբ ընթացող անկախության օրվան նվիրված միջոցառմանը, ու էդ պահի դրությամբ դեռեւս չգիտեինք, որ էդ միջոցառումն առանցքային նշանակություն է ունենալու մեր նորագույն պատմության համար, եւ չնայած Ջավախյանն արդեն իր բջջայինով կապվել էր եղբոր բջջայինի հետ, ու արդեն գիտեինք, որ Առաջինը ելույթ է ունեցել, այդուհանդերձ, ավազակապետությունը կազմաքանդելու վերաբերյալ դեռեւս որեւէ տեղեկություն չունեինք, ու Հրապարակի մետրոյի դիմացի բացօթյա սրճարանի չափազանց մեծ էկրանին չափազանց հստակ երեւում էին Քոչարյանը, Ազատիչն ու նախկին ընդդիմադիրները՝ համարյա կողք-կողքի, եւ օպերատորն ավելի հաճախ էդ նստածներին էր ցույց տալիս, քան՝ բուն տոնակատարությունը, եւ նախագահական ընտրությունների շեմին, ահա, աչքներիս առաջ ձեւավորված էր իշխանական ու իշխանամետ թեւը, մինչդեռ նույն էդ պահերին «Արմենիա-Մարիոթում» ընդդիմադիր բեւեռն էր ձեւավորվում ու սաղմնավորվում, եւ քիչ անց Ջավախյան Ռաֆոն հայտնվեց ու իր աչքի տեսածները մեկ առ մեկ պատմեց, բայց Ռաֆոյի պատմածը քաղաքական ու մանավանդ ներքաղաքական առումով գրեթե բովանդակազուրկ էր, որովհետեւ նկարիչ ու քանդակագործ Ջավախյան Ռաֆոն բնածին արվեստագետ է ու ընդամենը դեպքերի բերումով էր Ալավերդու ՀՀՇ-ի նախագահ դարձել, ու Ռաֆոյի պատմածից ընդամենն էն իմացանք, որ Առաջինը հանպատրաստից մոտավորապես հինգ րոպեանոց ելույթ է ունեցել, բայց կոնկրետ որեւէ բան չի ասել նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, ու Ջավախյան Ռաֆոյից նաեւ իմացանք, որ «Արմենիա-Մարիոթի» էդ միջոցառմանն ահագին մարդ է եղել՝ շուրջ հարյուր հոգի, եւ մոտավորապես պարզեցինք՝ մեր ճանաչածներից ովքեր են եղել, որովհետեւ, չնայած Ռաֆոն մեր ճանաչածներին անուններով չէր ճանաչում, այդուհանդերձ, էդ միջոցառմանը մասնակցած մտավորականներին ու գործիչներին իսկական քանդակագործի պես էր նկարագրում ու ծեփում, ու ես հնարավորինս գլխի ընկա՝ ովքեր են ներկա եղել, մանավանդ որ՝ Ռաֆոն երբեմն-երբեմն քանդակագործի իր տեսողականությունը շրջանցելով՝ պատմելիս նաեւ դերասանի տեսողականություն ու շնորհք էր հանդես բերում, եւ հատկապես Ջավախյանն ու ես էինք Ռաֆոյին հարցուփորձ անում, որովհետեւ երկուսիս էլ հրավիրատոմս էին ուղարկել, եւ ուզում էինք ճշտել ու պարզել՝ ինչի՞ց ենք մեզ զրկել, եւ առաջին հերթին ուզում էինք իմանալ ու ճշտել՝ գրողներից ովքե՞ր են էդ միջոցառմանը ներկա գտնվել, եւ ավելի շատ Ջավախյանն էր ուզում էդ հանգամանքը ճշտել, բայց Ռաֆոյի քանդակագործական ու արտիստական տաղանդն ակնհայտորեն չէր հերիքում գրողների դիմագծերն ու շարժուձեւերը ճշգրիտ վերարտադրելու համար, եւ էդ հանգամանքից հատկապես Ջավախյանն էր սրտնեղում, որովհետեւ էդ պահի դրությամբ Ջավախյանն արդեն մի շաբաթվա Գրողների միության անդամ էր եւ շատ էր ուզում ճշտել՝ իր կոլեգաներից ովքեր են էդ միջոցառմանն իրենց մասնակցությունը տարել, բայց էդ կարեւորագույն հանգամանքը ճշտելու համար եղբոր բնատուր շնորհներն ակնհայտորեն քչություն էին անում, եւ հուսահատված Ջավախյանը ձեռքը թափ տալով եղբորն ասաց՝ «աչքովդ տեսածն էլ չես կարում մարդավարի նկարագրես, տնաշեն», եւ Ռաֆոն վիրավորված ասաց՝ «ես մեղք չունեմ, որ ձեր գրողնին սեռի են», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սեռին է՛լ ա գույն» եւ մի քիչ էլ մտածեց ու սրտնեղած ավելացրեց՝ «հետո էլ ասում ես՝ նկարիչ եմ», եւ Ռաֆոն արդարանալով ասաց՝ «քսան տարի կըլնի՝ ձեռս վրձին բռնած չկամ. քսան տարուց ավել ա՝ մենակ քանդակի գծով եմ զբաղվում», եւ Ջավախյանը քամահրանքով եղբորն ասաց՝ «քանդակի գծով ես զբաղվում, բայց մարդկանց դեմքերը չես կարում մարդավարի նկարագրես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու նեղացած ասաց՝ «ես մեղավոր չեմ, որ ձեր գրողնին անդեմ են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մորուքավոր մինը կար. վայ թե գրող էր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վայ թե Վանուշն ա էղել», եւ Ռաֆոն հարցրեց՝ «ո՞ր Վանուշը», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «ուզունլարցի», եւ Ռաֆոն ասաց՝ «Վանուշին շատ նման էր, բայց Վանուշը չէր, որովհետեւ իսկական Վանուշն էլ կար՝ Տիգրան Մանսուրյանի հետ պատի տակ կայնած էին», եւ Ջավախյանը հիասթափված ասաց՝ «լավ ա գոնե Տիգրան Մանսուրյանին ճանաչել ես», եւ Ռաֆոն վիրավորված ասաց՝ «Տիգրան Մանսուրյանին աշխարհն ա ճանաչում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու եղբորն ասաց՝ «փաստորեն, էդ գնալդ լրիվ իզուր անցավ» եւ մի քիչ էլ մտածեց ու հիասթափված ավելացրեց՝ «իզուր էլ էդ հրավիրատոմսը տվի», եւ Ռաֆոն հրավիրատոմսը գրպանից հանելով ու եղբորը վերադարձնելով ասաց՝ «հաստատ իզուր տվիր, որովհետեւ ինձ սաղ ճանաչում էին ու ոչ մի հրավիրատոմս էլ չհարցրին», եւ Ջավախյանը սրտնեղած ասաց՝ «քեզ սաղ ճանաչում են, բայց դու մեկին էլ ա չես ճանաչում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «ի՞նչ կարամ անեմ. իմ կյանքն էլ տհենց ա դասավորվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել