Լրահոս
Օրվա լրահոսը

2008 ԹՎԻՆ ԿԱՅԻՆ ԱՆՏԵՐ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Մայիս 16,2009 00:00

\"\"Կան ոլորտներ, որտեղ հաղթողներ չեղան

Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ հանրապետության նախագահի 2008թ. մրցանակների հանձնման արարողությունը։ Այս անգամ նախագահի մրցանակին են արժանացել մրցութային հանձնաժողովների կողմից ընտրված 188 մասնակիցներից 21 լավագույնները՝ տարբեր բնագավառներից: Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար նախագահի մրցանակի արժանացան պատմաբան, գրող ամերիկաբնակ Վահագն Տատրյանը՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ունեցած ծանրակշիռ գիտական վաստակի համար եւ գերմանացի հրապարակախոս Վոլֆգանգ Գուստը՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող գերմանական արխիվային փաստաթղթերը գիտական շրջանառության մեջ դնելու եւ մեկնաբանելու համար: Մրցանակներ շնորհվեցին նաեւ բնական, տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ֆիզիկայի, գրականագիտության, արվեստի բնագավառներում: Երիտասարդական մրցանակներն ընդգրկում էին կերպարվեստի եւ կինոյի, դասական երաժշտության բնագավառները՝ «Գործիքային կատարում» եւ «Երգեցողություն» անվանակարգերում: Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց. «Այս մրցանակներով Հայաստան պետությունը նշում եւ գնահատում է ձեր գիտական ու ստեղծագործական հաջողությունը, որովհետեւ ձեր ձեռքբերումներն ու նվաճումներն իրականում այլեւս ձեզ չեն պատկանում, դրանք մեր ողջ ժողովրդինն են»: Անդրադառնալով երիտասարդական մրցանակներին, նախագահը նշեց. «Չեմ թաքցնում, անձամբ ինձ համար առանձնապես թանկ են երիտասարդական մրցանակները, որոնք մի կողմից խորհրդանշում են սերունդների հերթագայումը, իսկ մյուս կողմից օրինակ են բոլոր երիտասարդների համար»։ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ավանդի համար մրցանակների մասին էլ ասաց. «Պարտքս եմ համարում հատուկ անդրադառնալ մեր այն մրցանակակիրներին, որոնք պարգեւատրվել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին լուրջ ավանդ բերելու համար։ Սա այն ասպարեզն է, որտեղ դեռ մեծ անելիքներ կան։ Ցեղասպանությունը ոճիր է մարդկության դեմ, եւ այդ աշխատանքը երբեք չի կորցնելու հասարակական ու միջազգային հնչեղությունը»։

Ս. Սարգսյանը ցավ հայտնեց, որ կան ոլորտներ, որտեղ մրցանակներն այս տարի իրենց տերերին չեն գտել. «Սա, իհարկե, վկայում է մեր հանձնաժողովների խստապահանջության եւ նշաձողը չիջեցնելու վճռականության մասին, որը, իհարկե, վատ չէ, բայց հուսով եմ, որ հաջորդ տարի մենք կունենանք իսկապես արժանավոր մրցանակակիրներ նաեւ այդ ասպարեզներում»:

Նշենք, որ մրցանակներ չտրվեցին բժշկագիտության, հումանիտար գիտությունների, «Մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեություն եւ ծրագրեր» բնագավառներում, ինչպես նաեւ երիտասարդական մրցանակների «Գրականության» բնագավառում:

Պատմաբան, գրող Վահագն Տատրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ամիսներ առաջ անհավատալի դեպք մը պատահեցավ ինձի համար. առանց իմ գիտության, Ստամբուլի մեջ թուրք համալսարանը հրատարակեց իմ մեկ շատ կարեւոր գործ՝ «Հայոց ցեղասպանությունը եւ թուրքական պատերազմական ատյանների դատերը»: Այդ առիթով շատ թուրք համալսարանականներ կարդացին գործս եւ այն տարածվեցավ, ինչի համար շատ հուզված եմ: Խրախուսված եմ նաեւ այսօրվա՝ նախագահի մրցանակի համար: Այն ինձ ոգեւորում է աշխատել»: Գերմանացի հրապարակախոս Վոլֆգանգ Գուստն էլ նշեց. «Մրցանակը անշուշտ խրախուսելի է: Բայց ցավում եմ, որ մեր պառլամենտը մոտակա ժամանակներում նոր բանաձեւ չի ընդունի «ցեղասպանություն» բառը այնտեղ զետեղելու համար, եթե նույնիսկ Օբաման այն արտաբերի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել