Աչքերը, հոնքերն ու քիթը «պատմում» են ձեր մասին
Մարդու դեմքը բաց գիրք է համարվում: Դեմքի յուրաքանչյուր գիծ, ամեն մի կնճիռ շատ բան կարող է ասել տվյալ անձնավորության բնավորության եւ խառնվածքի մասին: Կարեւորվում են մարդու դեմքի հինգ հատվածներ՝ հոնքերը, աչքերը, քիթը, բերանը եւ ականջները: Ներկայացնում ենք դրանցից երեքի՝ հոնքերի, աչքերի եւ քթի կապվածությունը մարդու բնավորության առանձնահատկությունների հետ:
Հոնքեր. Անհրաժեշտ է նշել, որ հոնքերի հիման վրա կանանց ներաշխարհը կարդալն ավելի դժվար է, քան տղամարդկանց: Դա բնական է, քանի որ կանայք իրենց հոնքերը գրեթե միշտ ենթարկում են «գեղարվեստական» մշակման: Եվ այսպես՝ որքան հաստ ու ընդգծված են մարդու հոնքերը, այնքան ավելի անդրդվելի ու համառ է նրա բնույթը: Եթե ձեր հոնքի վերջավորությունը բարակ է, ապա դուք ազնվաբարո մարդ եք, իսկ հոնքի լայն, բարձրացող վերջավորությունը խոսում է խիզախության եւ նախաձեռնող լինելու մասին: Այդպիսի մարդիկ, որքան էլ ցավալի է՝ հակված են նաեւ դաժանության: Եթե մարդու հոնքերը երկար ու նուրբ են, ապա նա հանգիստ եւ պահպանողական անձնավորություն է: Աչքերից ավելի երկար շարունակվող էլեգանտ հոնքերը տվյալ անձնավորության խոր ինտելեկտի վկայությունն են: Կարճլիկ ու բարակ հոնքերը փաստում են այն մասին, որ դրանց տերը միայնակ պայքար է մղում ընդդեմ կյանքի: Կարճ ու կոպիտ հոնքեր ունեցողները շուտ սիրահարվող են եւ հակված են կարիերայի հաճախակի փոփոխության: Եթե մարդու հոնքերը հազիվ նկատելի են, ապա զգուշացեք՝ ձեր առջեւ շատ խորամանկ անձնավորություն է կանգնած: Կարճ եւ խիտ հոնքեր ունեցող մարդը բնավորությամբ անկախ, ագրեսիվ ու բռնկվող է: Իսկ ահա՝ կարճ, կոպիտ ու միաժամանակ խիտ հոնքերը խոսում են չարության, անբարոյականության եւ սեքսուալության մասին: Եթե հոնքերի մի մասը թեքված է հակառակ ուղղությամբ, ապա դա համառության, անզիջողականության նշան է: Իսկ դեպի ներքեւ թեքված հոնքերը վկայում են իրենց տիրոջ խոնարհության մասին: Ուղիղ գծով աճած հոնքերը խոսում են հնարամտության, վճռականության, շիտակության մասին: Մեծ հաջողության հեռանկար է խոստանում հոնքի մեջ տեղակայված փայլուն, սեւ խալը: Բումերանգի ձեւ ունեցող հոնքերն էլ վկայում են այն մասին, որ հայտնագործող տեր ունեն:
Աչքեր. Բոլորն էլ գիտեն, որ աչքերը մարդու հոգու հայելին են: Ոչինչ այնքան չի բացահայտում մարդուն, որքան աչքերը: Ընդ որում՝ մարդու դեմքի վրա կարելի է փոփոխության ենթարկել գրեթե ամեն բան, սակայն աչքերն ու հայացքը միշտ անփոփոխ են: Մեծ աչքերը վկայում են մարդու ընկալունակության, զգայականության, խիզախության եւ իշխանատենչության մասին: Իսկ փոքր աչքերը վկայում են տիրոջ ինքնագոհ, համառ, խանդոտ խառնվածքի մասին:
Եթե աչքերի ծայրերը ուղղված են դեպի վեր, ապա ձեր դիմաց զգացմունքային, համարձակ, վճռական մարդ է, իսկ դեպի ներքեւ ուղղված ծայրերը խոսում են բարեհոգության, լավատեսության եւ ուշադրության մասին: Եթե աչքի արտաքին անկյունը երկարավուն եւ սուր է, դա խելքի եւ խորաթափանցության նշան է, եթե ուղղված է դեպի վեր, ուրեմն՝ դուք գործ ունեք համարձակ, ոչ խելամիտ, ագահ խառնվածքի տեր մարդու հետ: Իսկ եթե այն փոքր-ինչ դեպի ներքեւ է թեքված, ապա ձեր դիմաց համակերպվող եւ խոնարհ անձնավորություն է:
Եթե վերին կոպը կախված է աչքի կենտրոնական մասում, ուրեմն մարդը խորաթափանց է ու ճարպիկ: Իսկ եթե ամբողջ կոպն է թեթեւակի կախ ընկած, ապա ձեր դիմաց սեքսուալ, սակայն սառնասիրտ անձ է: Աչքի կենտրոնից դեպի անկյունային հատվածը ձգվող մասում կախված կոպը խոսում է վատատեսության մասին: Ստորին կոպի ընդհանուր կախվածությունը կանանց մոտ վկայում է ջերմության եւ կանացիության մասին: Մեջտեղում փոքր-ինչ այտուցված ստորին կոպը եսասիրության նշան է: Ընդհանուր առմամբ՝ այտուցված կոպերը (թե՛ վերին, թե՛ ստորին) խոսում են կյանքից հոգնածության մասին:
Քիթ. Որպես կանոն՝ երկար քիթ են ունենում պահպանողական մարդիկ: Չափից ավելի երկար քիթը վկայում է ինտելեկտուալ ձեռքբերումների հակվածության եւ կամակորության մասին: Երկար ու լայն քիթը կայուն բնավորության եւ հանդարտ խառնվածքի նշան է: Կարճ քիթը խոսում է լավատես եւ բարեհամբույր լինելու մասին: Ոսկրոտ քիթը մատնում է տիրոջ թույլ կենտրոնացվածությունը, իսկ եթե նաեւ փոքրիկ սապատ ունի, ապա ձեր առջեւ հպարտ, համառ, ագրեսիվ եւ վճռական խառնվածքի տեր անձնավորություն է: Նեղ քիթը խոսում է այն մասին, որ մարդը ստիպված կլինի ողջ կյանքում տքնաջան աշխատել: Եթե քիթը երկար ու տափակ է, դա սառը եւ հաշվենկատ բնավորության նշան է: Կանանց մոտ, մնացած դիմագծերի համեմատ, փոքր քիթը վկայում է խանդոտ լինելու մասին: Իսկ կանանց բարձր, առաջ մղված քիթը խոսում է տղամարդկանց հետ բարձր դիրքի համար մրցակցության մասին։ Կլորավուն քթածայրը մատնում է տիրոջը՝ նա զարգացած անձնավորություն է։ Կախ ընկած քթածայրը գերսեքսուալության նշան է: Աստիճանաբար սրացող քթածայրը խոսում է դավաճանության եւ հավատուրացության մասին: Արծվի կտուցի նմանվող քթածայրը վրեժխնդրություն է նշմարում: Ամբողջական, մեծ, դուրս ցցված քթածայրը վկայում է բարեսրտության, ջերմության, անձնազոհության պատրաստ խառնվածքի տեր մարդու մասին: Վեր թեքված քիթը ազատ, սեքսուալ, բարոյականության, բայց գաղտնիքներ պահելու անընդունակության նշան է: