Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԱՆՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԷՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՂՆ Է

Մայիս 16,2009 00:00

Անունը չի կարող մարդու կյանքում որեւէ ազդեցություն ունենալ

«Անունս Վրույր է: Դա իմ մահացած քեռու անունն է: Մայրիկս է դրել՝ ի պատիվ նրա»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է 13-ամյա Վրույրը եւ շարունակում, որ երազում է դաշնակահար դառնալ, այնպես, ինչպես քեռին է եղել:

Ամեն օր աշխարհում տասնյակ երեխաներ են ծնվում եւ անվանակոչվում: Իսկ ի՞նչ է անունը մարդու համար, որքանո՞վ այն կարող է ազդել մարդկային ճակատագրի, բնավորության ձեւավորման, կյանքի առաքելության եւ բախտի վրա: Ճի՞շտ է, արդյոք, մահացած մարդու անունով կոչել նորածին երեխային:

Այս հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանի հետ: Նրա փոխանցմամբ, «Մահացած մարդու անունը նորածին երեխայի վրա դնելը խրախուսելի չէ»:

Ըստ քահանա Արթենյանի, հայկական սովորության համաձայն, հայ մանուկների անունները պայմանավորված են տվյալ ընտանիքում կորցրած հարազատի, պապիկ-տատիկի, մոր եւ հոր անուններով. «Մահացած մարդու անունով նորածին երեխային կնքելը հայկական սովորություն է: Հոգեբանորեն առաջին պայմանն այն է, որ այդ մահացածի օրինակը կամ տվյալ մահացածին ուզում են վերածնված տեսնել այդ նորածին երեխայի շնորհիվ: Հաճախ մեր իրականության մեջ անձերի նույնացումը չափազանցվում է, այսինքն՝ տվյալ երեխային փորձում են նույնացնել իրենց կորցրած հարազատի հետ: Կան մարդիկ, ովքեր զավակ են կորցրել, եւ երբ ծնվել է նրանց հաջորդ երեխան՝ կրկին նախորդի անունն են դրել: Այսինքն՝ նորածին մանկիկի մեջ ամբողջությամբ նախորդին են տեսնում, առանց մարդու էությանն անդրադառնալու եւ հասկանալու, որ սա այն երեխան չէ, որին իրենք կորցրել են: Այլ ընդամենը նրա եղբայրն է, որն ունի իր կյանքը, իր առաքելությունը»: Մարդու անվան ազդեցության մասին տեր Եսային նշեց. «Անունը երբեք չի կարող մարդու կյանքում որեւէ ազդեցություն ունենալ, եթե մարդը ինքը թույլ չտա: Երբ երեխային մահացածի անունն են դնում եւ այդ երեխայի հետ կապված ինչ-որ խնդիրներ է լինում, ասում են՝ մահացածի անունը դրեցինք, դրանից է, վատ նշան է, ինչու դրեցինք եւ այլն: Իրականում անունը ազդեցություն չի թողնում: Խնդիրն անվան դրսեւորման հնչեղության մեջ չէ. թե ինչպես է արտաբերվում անունը, բարեհունչ է, թե ոչ, մոդայիկ է, թե ոչ: Եթե երեխային տվյալ անունը դնում ես միայն նրա համար, որ կորցրած հարազատ ունես եւ որ հարազատիդ ես ուզում տեսնել այդ երեխայի մեջ, դա սխալ առաջնորդվելու սկզբունք է»: Տեր Եսային փաստում է, որ նորածնին անվանակոչելիս պետք է շատ զգույշ լինել, քանի որ անունը մարդու էության բացահայտողն է. «Հին կտակարանում եւ ընդհանրապես սուրբ գրային շրջանում անունը հնարավորինս մարդու էությունն էր բացահայտում: Կային մարգարեների, նահապետների անուններ, որոնք հստակ նկարագրում էին տվյալ անձի էությունը: Օրինակ՝ Աբրահամ նշանակում էր բազում ազգերի հայր: Իմ անունը նախկինում Արտակ է եղել: Պարսկերենից թարգմանած՝ նշանակում է արագավազ: Ես՝ ֆիզկուլտուրայի ժամերին մեր դասարանի ամենարագ վազողն էի: Մի անգամ այսպիսի արտահայտություն եղավ՝ անունդ Արտակ է, դրա համար էլ դու այդպես արագ ես վազում: Բայց սա սնահավատություն է, ճակատագրապաշտություն, որը բացառում է թե քրիստոնեությունը, թե առողջ տրամաբանությունը»:

Տեր Եսային շեշտում է, որ անվան նշանակությունը կարեւորվում է նրանով, թե նայած որ ժամանակում է այն դրվում եւ ինչ սկզբունքով. «Հին ուխտում անունը դրվում էր՝ բնորոշելու տվյալ մարդու առաքինությունը, այսինքն՝ թե նա ինչպիսին պետք է լինի: Այն ժամանակ անվանակոչման հստակ ծրագիր եւ հստակ առաքելության կոչ կար: Նույնը կա այսօր հոգեւորականի պարագայում՝ անունը փոխվում է: Անունը շատ հաճախ խորհրդանշում է մարդու առաքելությունը, այսինքն, որին նա կոչված է: Օրինակ, երբ ես դարձա հոգեւորական, ունեցա նոր անուն: Այսինքն՝ ես վերածնվեցի եւ իմ առաքելությունը փոխվեց. մինչեւ իմ հոգեւորական դառնալն իմ առաքելությունը այլ էր, իսկ հոգեւորական դառնալուց հետո այն փոխվեց»:

Քահանա Արթենյանը նշում է նաեւ, որ անունը մարդու առաքելությունը բնորոշող կարեւոր դերակատարությունը կարող է ունենալ, բաց ոչ բոլորի պարագայում. «Վաղ քրիստոնեական շրջանում մի քիչ փոխվեց անունների ընտրության սկզբունքը: Այդ շրջանում ավելի հարգի էր մարդկանց սրբերի անուններով կոչելը: Եվ մանկիկի մկրտության ժամանակ հաճախ երեխայի անունը փոխվում էր»: Ինչ վերաբերում է ներկա ժամանակներին, մեր զրուցակիցն ասաց. «Այսօր շատ բաներ են փոխվել: Երբեմն մկրտության ժամանակ փոխվում է երեխայի անունը՝ ծնողների կամ մեր առաջարկով: Անունների ընտրության հարցում էլ են փոխվել ժամանակները: Կտրուկ փոխվել է նաեւ տրամաբանությունը, մտածելակերպը՝ մարդկանց անուների ընտրության հարցում: Այժմ անուններ ընտրելիս մարդիկ հաշվի են առնում՝ մոդայի՞կ է, թե՞ ոչ, նո՞ր անուն է, թե՞ հին, ուզում են լինի զարմացնող, անպայման արտասահմանյան…»: Ճակատագրի վրա անվան ազդեցության մասին էլ քահանան ասաց. «Անունը չի կարող ազդել մարդու ճակատագրի վրա: Ճակատագիր ասվածը գոյություն չունի քրիստոնեության մեջ ու, բնականաբար, մարդու վրա ոչ մի կերպ չի կարող ազդել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել