Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Ձեւաչափը փոփոխելու կարիք չկա»

Մայիս 16,2009 00:00

Եվրոպացիները՝ տարածաշրջանի, ԼՂՀ կոնֆլիկտի ու հայ-թուրքական հարաբերությունների մասին

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ՝ մայիսի 15-16-ը Երեւանում անցկացվում է «Անվտանգություն եւ համագործակցություն Կովկասյան տարածաշրջանում եւ նրա շուրջը» թեմայով միջազգային համաժողով: «Այսօր մեր տարածաշրջանը կարեւորվում է որպես ժողովրդավարության զարգացման, միջազգային անվտանգության ու համագործակցության հարթակ, նաեւ որպես էներգետիկ պաշարների արտահանման ու տարանցման կարեւոր ուղի, որ արդի իրողությունների պայմաններում ունի ռազմաքաղաքական եւ տնտեսական նշանակություն: Այսպիսին է հայացքը դրսից: Մեզ համար Կովկասը աշխարհագրական այն միջավայրն է, որտեղ մենք կանք, որտեղ, չնայած առկա հակասություններին եւ տեսակետների բազմազանությանը, տարածաշրջանի պետությունները կանգնած են ավելի խաղաղ ու անվտանգ տարածաշրջան կառուցելու միասնական հրամայականի առջեւ: Հակամարտության եւ անհանդուրժողականության ճանապարհը ոչ մի հանգրվանի չի հասցնի եւ մեր ժողովուրդների համար հղի է նոր վտանգներով ու անցանկալի կորուստներով»,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:

ԵՄ հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, կարեւորելով համաժողովի անցկացումը, նշեց, որ դրանով նախադրյալներ են ստեղծվում Կովկասի երկրների միջեւ տարածաշրջանային երկխոսության, ինչպես նաեւ ԵՄ հետ համագործակցությանը նպաստելու համար: «Երբ գալիս ենք Հարավային Կովկաս, մի բառ, որ մենք այստեղ չենք լսում, դա անվտանգությունն է»,- ասաց Լուցենբերգերը:

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն էլ նշեց, որ տարածաշրջանային համագործակցության նորովի զարգացումը բարձրացնում է ամբողջ տարածաշրջանի գրավչությունը, մեր ժողովուրդների համար հնարավորություն է ստեղծում սահմանել փոխշահավետ համագործակցություն բոլոր բնագավառներում եւ խորացնում է համագործակցությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, գյուղատնտեսության, բնապահպանության եւ այլ ոլորտներում: «Հայաստանը կողմնակից է Թուրքիայի հետ բնականոն, նորմալ հարաբերությունների հաստատմանը՝ առանց նախապայմանների: Թուրքիան, որ այսօր ձգտում է դառնալ ԵՄ լիարժեք անդամ, պետք է քաղաքական արիություն ցուցաբերի՝ բացելու իր սահմանները, հաստատելու բնականոն հարաբերություններ իր հարեւանների հետ: Մենք նաեւ հանդես ենք գալիս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ փոխզիջումային կարգավորման օգտին»,- ասաց Ա. Բաղդասարյանը:

Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայեն Ֆոլն էլ, անդրադառնալով տարածքային ամբողջականությանը եւ ինքնորոշման իրավունքներին, ասաց. «Դրանք քննարկման խնդիրներ են, եւ եթե մի կողմը պնդի ինքնորոշումը, իսկ մյուս կողմը՝ ամբողջականությունը, այդպես հնարավոր չի լինի գալ ինչ-որ լուծման, իսկ Հայաստանի մոտեցումը խնդրի լուծմանը՝ ինձ համար ընդունելի է եւ լավ հիմք է հանդիսանում հետագա բանակցությունների կառուցման համար: Այս հակամարտության գոյությունն ինքնին խաթարում է 2 հարեւան երկրների զարգացումները. փոխզիջումը այն ճանապարհն է, որով հնարավոր կլինի հասնել հակամարտության լուծմանը»:

Լրագրողների հետ ճեպազրույցում ԵԱՀԿ պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող բանակցությունների մասին ասաց. «Կողմերը պետք է հասկանան, որ խնդրի խաղաղ լուծումը փոխզիջումն է: Բանակցությունները տեղի են ունենում Մինսկի գործընթացում, դրա տեղը այնտեղ է, չեմ կարծում, որ այդ ձեւաչափը փոփոխելու կարիք կա, բայց գործընթացին աջակցելու անհրաժեշտություն կա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել