Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ԳՈԳՈԼԻ «ՇԻՆԵԼԻ»

Մայիս 16,2009 00:00

Կամ տիկնիկային ներկայացում՝ մեծահասակների համար

Ասում են՝ Գոգոլի «Շինելը» մեծ դեր է խաղացել ռուս գրականության զարգացման գործում: Դոստոեւսկին պատահական չի ասել. «Բոլորս ինչ-որ առումով սերում ենք «Շինելից»: Վիպակի հերոս Ակակի Ակակիեւիչ Բաշմաչկինը, որ ստորացված ու իրավազուրկ պետերբուրգցի չինովնիկ է, հրաշալի մարմնավորվել է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի «Ak. Ak.» բեմադրության մեջ (բեմադրիչ՝ Ռուբեն Բաբայան): Բեմադրիչը հարազատ է մնացել վիպակի կառուցման սկզբունքին՝ Բաշմաչկինի կոմիկական կերպարը կամաց-կամաց վերաճում է ողբերգականի: Տիկնիկներն այնքա՜ն լավ են «խաղում» այս ներկայացման մեջ, այնքա՜ն «թափանցիկ» է աննշան չինովնիկի՝ նոր շինել ունենալու երազը, որ նրա կյանքի ողջ նպատակն է… Եվ ահա նոր շինելը վերջապես պատրաստ է, Բաշմաչկինի չինովնիկ-գործընկերները քեֆ են կազմակերպում: Ակակի Ակակիեւիչը երանության մեջ է, չի էլ հասկանում, որ իրեն ծաղրում են: Բավականին հետաքրքիր լուծում էր գտնված գլխապտույտ պարահանդեսի տեսարանի համար. գործող «անձանց» գլուխները պոկվում-պտտվում են…

Երեկույթից վերադառնալիս Բաշմաչկինին «շինելաթափ» են անում՝ երազը փշրված է… Չինովնիկը ճարահատյալ դիմում է ոստիկանություն ու էլի «կարեւոր» մարդկանց. բնականաբար՝ նրան չեն ցանկանում լսել ու ամեն տեղից վռնդում են: Չդիմանալով այս անարդարություններին ու շինելի կորստի վշտի ծանրությանը՝ Ակակին հիվանդանում ու մեռնում է: Նրա մահից հետո աշխարհում ոչինչ չի փոխվում՝ «փոքր մարդու» ճակատագիրն է այդպիսին:

Նշենք, որ անցյալ տարի «AK. AK»-ը, որը մեծ հաշվով տիկնիկային մնջախաղ է, ճանաչվել է լավագույն ներկայացում եւ արժանացել ԹԳՄ-ի սահմանած «Արտավազդ» մրցանակին: Օրիգինալ այս ներկայացման մեջ հաջողվել էր ընկալելի դարձնել «փոքրիկ մարդու» ողբերգությունը: Տիկնիկավար-դերասանների շնորհիվ հանդիսատեսը մոռացել էր, որ «դերակատարներն» անշունչ տիկնիկներ են: Ներկայացման հաջողության գրավականներից էին դեկորներն ու լուսային եւ երաժշտական ձեւավորումը (օգտագործվել են 7 հեղինակների, այդ թվում՝ Էդիկ Կարապետյանի, Գիա Կանչելիի, Գորան Բրեգովիչի եւ այլոց գործերը): Ինքնատիպ էր նաեւ «դերասանների» խոսքը՝ կազմված ռուսերեն հատուկենտ բառերից ու տպավորիչ բացականչություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել