Հռոմի Պապի՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարան այցելության կապակցությամբ հայկական եկեղեցու տարածքում իսրայելական ոստիկանությունն անցկացնում է ստուգումներ՝ անվտանգության նկատառումներով: Այս առնչությամբ «Հայերն այսօր»-ին գրած նամակում վրդովմունք է հայտնում Հայր Ղեւոնդը՝ նշելով. «Երբեք չի եղել այնպիսի դեպք, որ զինված մարդիկ կարողանան հանգիստ մուտք գործել մեր եկեղեցու տարածք: Հետաքրքիր է, որ նույնիսկ արաբա-իսրայելական պատերազմների ժամանակ, 40-ական եւ 60-ական թվականներին, եկեղեցին բաց չի եղել ոչ զինվորականների, ոչ էլ ոստիկանների համար»:
«Իսկ ինչ է կատարվում այսօր, երբ Հռոմի Պապը ժամանել է Երուսաղեմ: Միաբանության տարածքով կարելի է քայլել միայն ոստիկանության թույլտվությամբ: Ս. Հակոբ եկեղեցու տանիքին էլ զինված մարդիկ կան: Ստուգվում են տեղի բնակիչների տները: Եկեղեցի մտնելու համար պետք է ստուգում անցնել, ինչպես օդանավակայանում: Չգիտեմ ինչ ասել, ցավալի է»,- գրում է Հայր Ղեւոնդը:
Ըստ հոգեւորականի, եկեղեցին գտնվում է Սիոն լեռան վրա, եւ ոստիկանությանը հիանալի առիթ է ներկայացել ստուգել միաբանության բոլոր անկյունները, ինչն էլ անում են արդեն մեկ ամսից ավելի:
«Ցավալի է, որ գտնվում են մարդիկ, ովքեր պատրաստ են «կեսարին» դուր գալու համար ոտնահարել մեր սրբությունները: Ցավալի է, որ Պապի այցելությունը Իսրայելի իշխանություններին հնարավորություն է ընձեռել իրենց համար մինչ օրս անձեռնմխելի տեղեր մտնել»,- գրում է հայ հոգեւորականը՝ ցավով արձանագրելով, որ «մեր եկեղեցին զրկեցին անաղարտությունից»: