ԱՄՆ-ի Կոնգրեսի թուրքական խմբի համանախագահ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ռոբերտ Վեքսլերի նախաձեռնությամբ մայիսի 14-ին կազմակերպվել է թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ ունկնդրում: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, լսումներին մասնակցել են ԱՄՆ-ի գերմանական «Մարշալ» հիմնադրամից Յան Օ. Լեսսերը, Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնից Ստեֆան Ֆլանագանը եւ ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդից Դավիթ Լ. Ֆիլիպսը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Դ. Ֆիլիպսը նշել է, որ այդ հարաբերությունների կարգավորումը չպետք է որեւէ կապ ունենա Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետ: Դ. Ֆիլիպսը նշել է, որ հարաբերությունների զարգացումը պետք է լինի «գործով, այլ ոչ՝ խոսքով», եւ մտահոգություն է հայտնել թուրք առաջնորդների արած հակասական հայտարարությունների վերաբերյալ: Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն ասել է, որ հարաբերությունների կարգավորումը կլինի «առանց նախապայմանների», մինչդեռ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այն կապել է Լեռնային Ղարաբաղի հետ:
Ֆիլիպսը, ով 2001-2004թթ. եղել է Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախագահ, անդրադարձել է նաեւ Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի ողբերգական սպանությանը եւ նշել, որ նրա հիշատակը մեծարելու լավագույն միջոցը կլինի զարգացնել երկրորդ մակարդակի դիվանագիտություն, ինչը ժամանակին առաջարկել է Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը: Նա նաեւ նշել է, որ ըստ Արդարադատության միջազգային անցումային կենտրոնի, Հայոց ցեղասպանությունը համապատասխանում է ցեղասպանության համար ՄԱԿ-ի կողմից ընդունված սահմանմանը: