Արվեստի նվիրյալների կյանքը շարունակվում է անգամ մահից հետո, հարատեւում նրանց մտքի եւ ձեռքի արգասիք գործերում: Գեղանկարիչ Սպարտակ Սարգսյանի երկրային կյանքը ավարտվեց 2008 թվականի մայիսի 17-ին՝ 60-ամյակը նշելուց 15 օր անց: Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետում նկարչի 60-ամյա հոբելյանի կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել, բազմավաստակ գեղանկարչին ներկեր նվիրեցին: Հիմա, նկարչի մահից մեկ տարի անց, նույն ֆակուլտետում ցուցահանդես է կազմակերպվել նրա ծննդյան 61-րդ տարեդարձի առիթով: Սպարտակ Սարգսյանին չեն մոռացել, հիշում են, որ հոգեկան հարուստ ներաշխարհ եւ մեծ հումոր ուներ:
Իջեւանի Գետահովիտ գյուղում ծնված Սպարտակը ստեղծագործական մեծ ու երկար ճանապարհ է անցել: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1979թ.՝ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը: 1973-85թթ. աշխատել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում: 1974թ. անհատական ցուցահանդես է բացել Լեհաստանում, 1986թ. Քութայիսում կայացած միջազգային սիմպոզիումին մասնակցելով՝ արժանացել առաջին կարգի դիպլոմի: Սպարտակ Սարգսյանը հայրենասեր մարդ էր: Ստեղծել է 1988-ի երկրաշարժին նվիրված նկարների շարք, 1992թ. Երեւանում «Սատար կանգնենք Ղարաբաղին» խորագրով ցուցահանդես կազմակերպել: 1993-ին նրա գործերի անհատական ցուցահանդեսը բացվել է Սիրիայում, 1995թ.՝ Փարիզում:
Մեծ է նրա դերը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի կայացման գործում: Ֆակուլտետի ստեղծման օրից՝ 1996-ից, ֆակուլտետի դեկանն էր: Վերջին շրջանում առողջական խնդիրների պատճառով զբաղեցնում էր ֆակուլտետի գեղարվեստական խորհրդի ղեկավարի պաշտոնը:
Վարպետի մահվանից մեկ տարի անց կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված են Սպարտակ Սարգսյանի վրձնած վերջին 11 կտավները: Ցուցահանդեսում ցուցադրված են նաեւ ֆակուլտետի դասախոսների աշխատանքները՝ գծանկարի եւ գունանկարի ամբիոնի վարիչ Նիկոլ Աղաբաբյանի 10 կտավները, բուհի այլ դասախոսների գործերը, ընդհանուր առմամբ՝ 34 նկար: Ցուցասրահի կենտրոնում Սպարտակ Սարգսյանի դիմանկարն է: Հեղինակը նկարչի որդին է՝ Արմենը, որը նույնպես պրոֆեսիոնալ նկարիչ է: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կամո Այվազյանը, ցուցահանդեսի մասին խոսելով, իր գոհունակությունը հայտնեց նաեւ այն առումով, որ այստեղ առաջին անգամ ցուցադրվում են գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի ստեղծագործությունները, որն արդեն մի տարի ֆակուլտետում դասավանդում է: