Երեկ ՀՊՃՀ-ում տեղի ունեցավ ոչ թե տեղեկատվական տեխնոլոգիաներին կամ ծրագրավորմանը նվիրված, այլ հայ ավանդական երգի եւ պարի փառատոն: Միջոցառումն ավանդական է, այն իրականացվում է արդեն 30 տարի, դեռ այն ժամանակվանից, երբ Ճարտարագիտական համալսարանը կոչվում էր Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Ճարտարագիտական համալսարանի հասարակության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պատասխանատու Վերոնիկա Խորասանյանն ասաց. «Այդ տարիների ընթացքում փառատոնին մասնակցել են լավագույն համույթներ՝ ավանդական երգի ու պարի կրողները, հարյուրավոր խմբեր եւ անհատ կատարողներ Հայաստանի տարբեր մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից եւ Սփյուռքից: 80-ական թվականներին, երբ խոսք անգամ չկար Ղարաբաղի մասին, փառատոնի մեկ օրը տրամադրվում էր Ղարաբաղից եկած խմբերին եւ անհատ կատարողներին, ովքեր լավագույնս էին ներկայացնում Ղարաբաղի մշակույթը: ՀՊՃՀ-ԵրՊԻ խմբերը ղեկավարել են այնպիսի փայլուն մասնագետներ, ինչպիսիք են հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանը եւ նրա դուստր Մարո Մուրադյանը: Այժմ էլ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը շարունակում է պահպանել մեր ազգի արմատները, մշակույթն ու արվեստը: Այժմ ՀՊՃՀ-ում գործում են «Սասուն», «Արատտա» եւ «Մասունք» խմբերը»: