Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի կունենա «Երրորդ հազարամյակի համալսարանը 90 տարեկան է» խորագրով համերգային թատերականացված ծրագիր՝ նվիրված Երեւանի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին: Հիմնադրման 15-ամյակն է նշում նաեւ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, ուստի մայր բուհի ծննդյան օրը համալսարանականները կշնորհավորեն նաեւ բուհի ակտիվ ուսանողներին:
Միջոցառմանը ներկա կլինեն 1994 թվականին Ուսանողական խորհուրդը հիմնած երիտասարդները եւ նրանց հաջորդած բոլոր սերունդների ՈՒԽ ներկայացուցիչները: Տեղի կունենա նաեւ «Լավագույն ուսանող-2009» ամենամյա մրցանակաբաշխությունը. կպարգեւատրվեն համալսարանի ամենաակտիվ եւ գերազանց առաջադիմություն ցուցաբերած 19 ուսանողներ՝ ԵՊՀ ֆակուլտետներից: Միջոցառումը կհամեմվի ԵՊՀ երգչախմբի, պարային համույթի եւ այլ երաժշտական ելույթներով: ԵՊՀ-ի ծննդյան արարողությանը կմասնակցեն նաեւ ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետը, նախարարներ, Երեւանի քաղաքապետը եւ պաշտոնատար այլ անձինք: