Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«ԻՄ ՏՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ»

Մայիս 16,2009 00:00

\"\"Երեկ Սիրահարների այգին վերածվել էր փոքրիկ Հայաստանի

«Իմ տուն-Հայաստան». այսպես էր կոչվում երեկ Սիրահարների այգում կազմակերպված ցուցահանդեսը, որի բնաբանն էր. «Բազմաթիվ անավարտ գործեր կան, բայց «Իմ տուն-Հայաստանը» հարուստ եւ հպարտ է իր տաղանդաշատ պատանիներով»: Հենց նրանք էլ երեկվա միջոցառման գլխավոր դերակատարներն էին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությունը ստացած Մայր Իզմիրլյանի անվան մանկատան, «Տիրամայր Հայաստան Պողոսյան» կրթահամալիրի, «Ժան եւ Ալբերտ Պողոսյաններ» Փարաքարի արվեստի դպրոցի, «Մեղվիկ» հ/կ-ի սաները ներկայացրին իրենց ձեռքի աշխատանքները, որոնք նաեւ վաճառվում էին: Երեխաները ամեն կերպ փորձում էին գրավել սփյուռքահայերի ուշադրությունը, որպեսզի իրենց աշխատանքներն էլ վերջիններս գնեն: Սակայն նրանք ոչ բոլոր դեպքերում էին առատաձեռն: Օրինակ՝ «Ժան եւ Ալբերտ Պողոսյաններ» արվեստի դպրոցի սան Օվսաննա Սուքիասյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Սփյուռքահայերն այնքան էլ առատաձեռն չեն, նրանք դեռ ցանկություն չեն հայտնել գնել իմ նկարը»: Իսկ «Տիրամայր Հայաստան Պողոսյան» կրթահամալիրի սան Լուսինե Պարոնյանն ասաց, որ իր համար դժվար է բաժանվել այն գործերից, որոնք մեծ սիրով է կատարել. «Այս անգամ դժվար կլինի բաժանվել ձեռագործ վարդից եւ խաչից: Եթե նկատում եք, իմ բոլոր ստեղծագործությունները վառ գույներով են արտահայտված: Դրա պատճառն այն է, որ ես մարդու հոգու գեղեցկությունը տեսնում եմ վառ գույներով: Ցանկանում եմ, որ բոլոր երիտասարդները լինեն ոչ միայն արտաքինով գեղեցիկ, այլեւ հոգով: Ձեռքի աշխատանքից բացի, նաեւ գրում եմ, հիմնականում, անավարտ սիրո մասին»:

«Մեղվիկ» մանկապատանեկան հ/կ-ի ծրագրերի բաժնի համակարգող Արմինե Գյուլնազարյանն էլ «Առավոտի» հետ զրույցում պատմեց. «Մենք զբաղվում ենք երեխաների հիմնախնդիրներով: Գործում ենք Գյումրիի «Նորավան» համայնքում: Դա մի փոշոտ, անբարեկարգ փողոցներով, անբարետես համայնք է, բայց դրա կենտրոնում գործում է կանչող «Մեղվիկը»: Առաջին հերթին փորձում ենք լուծել երեխաների զբաղվածության խնդիրը, քանի որ նրանց համար մեր համայնքում չկան զվարճանքի վայրեր: Զբաղվում ենք նաեւ սոցիալական որբերի հարցերով: Ունենք մի մանկատուն, որտեղ հիմնականում այդպիսի որբեր են, ոչ թե ծնողազուրկ երեխաներ: Դրա պատճառն այն է, որ Գյումրիում չկան աշխատատեղեր, շատ ընտանիքներ գոյատեւում են արտագնա աշխատանքի միջոցով»: Մայր Իզմիրլյանի անվան մանկատան փոխտնօրեն Արմինե Պետրոսյանն էլ, պատմելով մանկատան գործունեության մասին, ասաց. «Մեզ մոտ հաճախում է 100 երեխա, որից 67-ը դպրոցական է: Նրանցից 49-ը հաճախում է Պարոնյանի անվան թիվ 59 դպրոց, 12-ը՝ Րաֆֆու անվան դպրոց»:

«Առավոտը» զրուցեց նաեւ Կանադայի Տորոնտո քաղաքի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանի հետ: Նա ասաց. «Ցավոք, այն, ինչ ուզում էի գնել, արդեն վաճառված էր»: Խոսելով Կանադայում հայապահպանության մասին՝ պարոն Մկրտիչյանն ասաց. «Այնտեղ մենք, իբրեւ հայեր, չենք կարող այսպես մի այգու մեջ մեր աշխատանքները ցույց տալ, բայց ընդհանուր ցուցահանդեսների մասնակցում ենք: Ունենք 2 ամենօրյա դպրոց, 7-8 մեկօրյա վարժարան, բայց մեր ամենամեծ խնդիրը հայապահպանումն ու հայերենի դասավանդումն է: Կանադայում անգլերենը նույնիսկ օդի մեջ կա: Ուստի մեզ համար կարեւորն այն է, որ երեխան հայերեն սովորի, որ հայ մշակույթի հետ կապը զորանա. եթե հայերեն չգիտես, ինչպե՞ս կարող ես Իսահակյան, Կապուտիկյան կարդալ եւ հասկանալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել