Հայաստանյան մամուլը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա ապրիլի 25-ից Երեւանի Ամիրյան փողոցում գտնվող իր բնակարանից դուրս է եկել եւ առայսօր չի վերադարձել ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ հայ Նազարեթ Բերբերյանը: Վերջինս Հյուսիսային պողոտայում կառուցվող հյուրանոցի եւ Արարատի մարզի Դալար գյուղում գտնվող կարպետների արտադրամասի սեփականատերն է:
Տեղի ունեցածը արձագանք է գտել Սփյուռքում: ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիա նահանգում ապրող Բերբերյանի կինը եւ երեխաները 250 հազար ԱՄՆ դոլար պարգեւ են խոստանում բոլոր նրանց, ովքեր կնպաստեն Նազարեթ Բերբերյանի վերադարձին եւ «թեժ գիծ» են բացել: Անհետ կորածի ընտանիքը հայտարարել է նաեւ, որ Նազարեթ Բերբերյանը Հայաստանում գործունեություն էր ծավալել 1999 թվականից, աշխատել է առանց խնդիրներ ունենալու եւ ոչ մի թշմանի չուներ:
Հիշեցնենք, որ Նազարեթ Բերբերյանի անհետացման փաստի առիթով քրեական գործ է հարուցվել սպանություն հոդվածով, իսկ ոստիկանությունը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում լուրերը, թե «Զվարթնոց» օդանավակայանի մատույցներում հայտաբերվել է Բերբերյանի մեքենան: