Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ՝ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ

Մայիս 16,2009 00:00

Երեկվանից ինտերնետում www.hay.spyurq. am հասցեում ողջ աշխարհին հասանելի է ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթը՝ կայքը: Թերթը արեւելահայերեն, արեւմտահայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով է: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, որ նախագծի հիմնական նպատակը հայկական սփյուռքի խնդիրների քննարկման համար միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումն է, Հայաստանի եւ օտար երկրներում հայկական համայնքների միջեւ նոր կապերի հաստատումը:

Բացի նորություններից, կայքում կան «Մեր ազգի մեծերը», «Ճանաչենք մեր հայրենիքը», «Հայկական ավանդույթներ», «Գրական էջ», «Հայկական ավանդական խոհանոց», «Հումոր», «Փնտրում եմ հարազատիս» եւ այլ բաժիններ:

Երեկ, սակայն, նոր կայքում կային «ոչ հայկական» լուրեր: Օրինակ, եթե Սփյուռք խորագրի տակ տեղավորվում էր իրանահայ համայնքներում Ծաղկազարդի տոնը նշելու մասին լուրը, ապա պարզ չէ, թե հայկական սփյուռքի եւ իրանահայերի հետ ինչ կապ ունեն լուրերը, թե Իրանը ցանկանում է ԳԴՀ-ի հետ համագործակցել նավթի եւ գազի ոլորտում կամ որ իրանական կործանիչները ռմբակոծում են քուրդ զինյալների հենակետերը: Կամ եթե Porsche Automobil Holding SE եւ Volkswagen AG ավտոմոբիլային ընկերությունները համաձայնության են եկել «ինտեգրացված ավտոմոբիլային կոնցեռն» ստեղծելու մասին, ինչ կապ ունի դրա հետ հայկական սփյուռքը:

Ի դեպ, ՀՀ Սփյուռքի նախարարության կայքը նույնպես ունի նորությունների բաժին, եւ երեկ ողջ օրվա ընթացքում սույն տեղեկությունը նախարարության կայքում այդպես էլ չտեղադրվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել