Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՄՓՈՐԴԸ ՏԱՆՆ Է ՀԱՆԳԻՍՏ ԳՏՆՈՒՄ

Մայիս 16,2009 00:00

Հարցազրույց ԱՄՆ-ում բնակվող հայաստանցի դերասանուհի Նարե Հայկազյանի հետ

\"\"\"\"\"\"

– Ե՞րբ եւ ինչո՞ւ հեռացաք Հայաստանից:

– Հայաստանից հեռանալու մտադրություն երբեւէ չեմ ունեցել: Ես ԱՄՆ աշխատանքային հրավերով եմ այցելել եւ հետո, երբ արդեն այստեղ էի, ամիսներ անց հասկացա, որ սա նոր ընկալումների, նոր զգացական ձեռքբերումների համար մեծ առիթ է: Նաեւ ավելի ազատ մտածելու հնարավորություն է, ինքնադրսեւորման բոլորովին այլ ճանապարհ: Թեպետ ճանապարհս, ճամփորդությունս հեշտ չստացվեց, անկումներ շատ եղան: Սա էլ կոչվում է որոնման ճանապարհ, ինչի մասին բազմիցս եմ խոսել:

– Այս ընթացքում Հայաստան վերադառնալու ցանկություն երբեւէ ունեցե՞լ եք:

– Ես Հայաստանից երբեք չեմ հրաժարվել: Ուղղակի կան ինքնատիպ հեռացումներ եւ ճշմարիտ վերադարձներ: Կա տեսակետ, թե ելքը միայն տարանջատվելն է: Իսկ կարոտների մասին խոսելը մի տեսակ անշոշափելի է թվում, դա մի զգացում է, որ իր լուռ էջը ունի հոգուս մեջ: Երբեմն արթնանում եմ արցունքն աչքերիս, հիշելով իմ բացթողումները: Նման զգացում է այդ վեհանձն կարոտն աստվածային… Իսկ բեմի սովը հետզհետե վերածվում է այն գանձատանը, որը բազում պահապաններ ունի: Այ, երբ դռները բացվեն՝ անթիվ արժեքներ են հորդելու ներսից: Ես սա խոստովանում եմ՝ հավատարիմ լինելով իմ տեսակին:

– Ինչո՞վ եք զբաղված ԱՄՆ-ում:

– ԱՄՆ-ում իմ ստեղծած հագուստներով եմ զբաղվում, կոլաժներ եմ անում, նկարում եմ: Մի քանի անգամ, իհարկե, խաղալու առիթ ունեցել եմ իմ բեմադրած ներկայացումներում: Դրանք իմպրովիզացիոն էտյուդներից բաղկացած սյուժետային պատմություններ էին, կոչվում էր՝ «Սեւ-սպիտակ կարապների պատերազմ»: Այդ ժամանակ նաեւ առիթ ունեցա բեմում նկարելու: Ինչեւէ՝ լավ է մեկ անգամ դիտել, քան բազում անգամ դրա նկարագիրը ներկայացնել: Սա էլ՝ իմ բովանդակ գործունեության մասին:

– Գաղտնիք չէ, որ հայաստանաբնակ եւ այլ երկրներում ապրող հայերի հարաբերություններում լարվածություն կա: Ո՞րն է պատճառը եւ ի՞նչ պետք է անել հարաբերությունները կարգավորելու համար:

– Չեմ կարող քաղաքականացված պատասխան տալ: Գիտեմ միայն, որ մի պարզ պատասխան գոյություն ունի: Հայաստանցիները եւ Հայաստանից դուրս ապրողները գտնվում են տարբեր օրենսդրական դաշտերում, տարբեր օրենքների ձեւավորած իրականության մեջ: Թե ներքին, թե արտաքին: Իսկ սա նշանակում է, որ մտածողությունների մեջ արմատավորվում է իրարից տարբեր գիտակցություն: Պետք է հասկանանք, որ էմիգրացիան, գաղթը, արտագաղթը իր մեջ արդեն բախում-հակադրություն ունի, էլ ուր մնաց պառակտումներ չսկսվեն: Ցավոք, այս միտումը գնալով խորանում է եւ, ինչպես ցանկացած որբ երեխա, միեւնույն է, ենթագիտակցության մեջ հավատում է, որ մի օր ծնողին պետք է գտնի կամ տուն պետք է վերադառնա: Սա լավագույն խաբկանքն է: Գուցե կարելի էր ավելի երկար ծավալվել այս հարցին պատասխանելիս, բայց արդեն ասացի, որ այս կանգառում երկար սպասել չեմ ուզում:

– Կա նաեւ տեսակետ, թե հայերը ամեն տեղ նույնն են, հայը հայ է մնում: Որքանո՞վ է այս պնդումը համապատասխանում իրականությանը:

– Դե իհարկե՝ նույնն են: Գենետիկ կոդից չես փախչի: Ու կա նաեւ արյան հիշողությունը: Արդեն ասացի, որ տարբեր տեղեր ապրողները տարբեր կերպ են մտածում: Թեպետ ամենուր մենք մեր ձեռագիրն ենք հաստատում: Եթե հարցը սովորույթների մասին է, ապա այնքան էլ գովելի չէ: Իսկ եթե բնույթի՝ ապա դրան «հակաթույն» չկա: Այո, մենք ամենուր հայ ենք մնում, եւ դա մեծ տեսակ է եւ բարձր գիտակցություն:

– Հայաստանում ստեղծվել է Սփյուռքի նախարարություն: Առաջին անգամ Սփյուռքի հետ հարցերով զբաղվելու է պետական ամենաբարձր կարգավիճակ ունեցող գերատեսչությունը: Ո՞րը կլիներ Ձեր առաջին քայլը, եթե Դուք լինեիք ՀՀ Սփյուռքի նախարարը:

– Եթե ինձ վստահվեր մի փոքր կետ փոխել կամ ավելացնել սփյուռք ասված կամրջի վրա՝ հումանիզմ եւ ռացիոնալիզմ կօգտագործեի: Կստեղծեի ազատ ելումուտի հնարավորություն, որ բոլորի համար ջնջվեր արգելք կոչվող պատրանքը: Ով որտեղ իրեն հարմարավետ է զգում՝ այնտեղ էլ պիտի ապրի: Սա վերաբերում է թե Հայաստանում ապրողին, թե օտար ափերում սավառնողին: Սահմանները հարկավոր են, որ քո սահմանը ունենաս: Անազատ ես դառնում, երբ սկսում ես սահմաններ գծել ու պաշտպանել դրանք՝ մոռացած մարդու իրական կարիքների մասին: Վերջին հաշվով՝ մենք շատ յուրաբնույթ եւ խիտ ժողովուրդ ենք եւ իրավունք չունենք իրարից անջրպետված ապրելու:

Կարեւորը՝ վերջում: Ամեն մի ճամփորդ, ի վերջո, իր տանն է հանգիստ գտնում: Ես այդ վերադարձողն եմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել