Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդի փոխարեն մեքենային են տուգանում

Մայիս 16,2009 00:00

Գյումրեցի անհատ տաքսու վարորդները շարունակում են բողոքել ճանապարհային ոստիկանների ու հարկային տեսուչների դեմ, որոնք վարորդներին կանգնեցնելով ու նրանց փաստաթղթերը ձեռքներից խլելով՝ հարկադրում են ստորագրել արձանագրության տակ, որը նախատեսում է առնվազն 20 հազար դրամի տուգանք: Վարորդների իրավունքները պաշտպանելու նպատակով, երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հյուրընկալել էր «Աքիլլես» վարորդների իրավապաշտպան հ/կ-ի փաստաբան Կառլեն Սահակյանին: Մինչ վերջինս վարորդներին խորհուրդ էր տալիս չհամաձայնել անօրինական կազմված արձանագրությունների հետ, նման դեպքերում «թեժ գծով» զանգել իրենց, անհրաժեշտության դեպքում դիմել դատարան ու բողոքարկել ընդհուպ դատախազություն, տուգանված գյումրեցի վարորդներից մեկը ոստիկանների «գլուխգործոցներից» մի զավեշտալի պատմություն ներկայացրեց: Վարորդի պատմելով, առանց փաստաթղթերը ստուգելու՝ իրեն տուգանել են:

Սակայն «աբսուրդն» այն է, որ արձանագրությունը կազմվել է ոչ թե մեքենան վարող վարորդի անուն-ազգանունով, այլ երեւանաբնակ ինչ-որ մեկի, ով գրանցված է որպես մեքենայի սեփականատեր: «Ես մեքենան գնել եմ երկրորդ ձեռքից, սակայն փաստաթղթերը չեմ հասցրել վերաձեւակերպել իմ անունով, ու փաստացի տերը մնացել է առաջին անձը, որը, վստահ եմ, հիմա Հայաստանում չի ապրում, հետաքրիր է, թե էդ որտեղի՞ց պետք է գտնեն նրան, որ տուգանեն»,- զարմացած հարցնում էր վարորդը: Ուշագրավ է նաեւ այն, որ արձանագրության մեջ գրված էր, թե խախտումը կատարել է ոչ թե վարորդը, այլ մեքենան՝ առանց լիցենզիայի տաքսափոխադրումներ իրականացնելով: «Հո մեքենան շնչավոր անձ չէ՞, որ էդպես են գրում»,- զարմացած ասաց «Աքիլլես»-ի իրավապաշտպանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել