Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԵՏՈ ԿԵՐԵՎԱՆ

Մայիս 16,2009 00:00

Բնապահպաններն արդեն իսկ ահազանգում են, որ «Նաիրիտի» հրդեհը չի կարող անհետեւանք անցնել

Նախօրեին «Նաիրիտի» քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած պայթյունը, որի հետեւանքով բռնկվել է ուժեղ հրդեհ, մայրաքաղաքի, հատկապես գործարանին հարակից թաղամասերի բնակիչների շրջանում անհանգստության պատճառ է դարձել: Չնայած «Նաիրիտից» վստահեցնում են, որ վթարը լուրջ բնապահպանական խնդիրներ չի առաջացրել եւ վտանգավոր արտանետումներ չկան, սակայն, ըստ բնակիչների, նախօրեին՝ երեկոյան ժամերին եւ երեկ առավոտյան գործարանին հարակից թաղամասերում տասնյակ մարդկանց մոտ շնչառական ուղիների հետ կապված խնդիրներ եւ ինքնազգացողության թուլացում է նկատվել: Մասնագետները դեռեւս խուսափում են գնահատական տալ, թե ի՞նչ բնապահպանական խնդիրների կարող է հանգեցնել գործարանի վթարը, սակայն արդեն ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն աշխատանքներ է տանում՝ վթարի պատճառները պարզելու համար:

«Առավոտի» հետ զրույցում «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը ասաց, որ տեղի ունեցածը չի կարելի բնապահպանական աղետ համարել, իսկ արտանետումների վնասակարության մասին էլ այս պահին կոնկրետ ոչինչ հնարավոր չէ ասել. «Անհրաժեշտ է տեղում «էքսպրես» անալիզ կատարել, որպեսզի պարզեն՝ ինչ նյութեր են արտանետվել, որից հետո կպարզվի՝ վտանգավո՞ր են, թե՝ ոչ»: Ըստ Կ. Դանիելյանի. «Պայթյունի օրը եւ հաջորդ օրը մենք ահազանգեր ենք ստացել Շենգավիթ, Էրեբունի, Փոքր Կենտրոն, նույնիսկ Բաղրամյան փողոցի եւ Կոմիտասի սկզբնամասի բնակիչներից, որոնք ակնհայտ իրենց վրա զգում էին, որ մթնոլորտում ինչ-որ բան այնպես չէ: Իսկ երեկ առավոտյան ավելի շատ ալերգիայով հիվանդ մարդիկ էին զանգում, որոնք դժգոհում էին, որ ալերգիկ պրոցեսները սրվել են»:

«Սոցիալ էկոլոգիական ասոցիացիայի» նախագահ Սրբուհի Հարությունյանն էլ «Առավոտին» փոխանցեց, որ համաձայն չէ պաշտոնական այն տեղեկատվության հետ, ըստ որի՝ թունավոր արտանետումները չեն գերազանցում սահմանված չափը: Ս. Հարությունյանի ներկայացմամբ. «Պարտավոր էին 1 կիլոմետրից ավելի շառավղով հողից, օդից եւ այլ ձեւերով փորձանմուշներ վերցնել ու հետազոտել: Առանց նման բաների՝ հայտարարում են, որ վտանգավոր չէ: Քլորոպրենը ծանր նյութ է, երկար ժամանակ պահպանվում է օդում, ինչն էլ մեծ ազդեցություն է թողնում մարդու շնչառության վրա: Արդյունքում՝ առաջանում են առողջական այլ խնդիրներ: Քլորոպրենային կաուչուկը նույնիսկ արտադրության ժամանակ է վտանգավոր, էլ ուր մնաց, թե վթարի դեպքում անվտանգ լինի»:

Նշենք, որ գործարանի մամլո ծառայության տեղեկացմամբ, վթարից մահացել է «Նաիրիտի» 4 աշխատակից: Վիրավորվել են 4 հրշեջ-փրկարարներ, որոնք տեղափոխվել են «Էրեբունի» եւ «Արմենիա» բժշկական կենտրոններ:

«Էրեբունի» բ/կ-ի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանն «Առավոտին» վստահեցրեց, որ երեկվա դրությամբ կլինիկայում հրդեհից տուժածներ չկան. «Մեկ տուժած, որը վիրահատությունից հետո արդեն լավ է, դուրս է գրվել: Նրա մատների ջլերն են վիրահատվել, մոտ մեկ շաբաթից ամբողջովին վերականգնված կլինի»: Մեր հարցին, թե պայթյունից թունավորման դեպքեր չե՞ն արձանագրել, պարոն Ռոստոմյանը պատասխանեց. «Թունավորման դեպքեր չեն եղել: Մեր կլինիկայի 15-20 բժիշկներ հերթով եղել են դեպքի վայրում, նրանց մոտ էլ թունավորման նշաններ չեն եղել»:

«Նաիրիտի» պայթյունի առնչությամբ հարուցվել է քրեական գործ մի քանի հոդվածներով՝ վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելու համար, որի հետեւանքով էլ անզգուշությամբ առաջացել է մարդու մահ, այլ ծանր հետեւանքներ։

Գործարանից երեկ «Առավոտին» վստահեցրին, որ տեղամասի աշտարակում եղած քլորոպրենը հիմնական հումքը չէ, ձեռնարկության մնացած տեխնոլոգիական գծերն աշխատում են, արտադրական պրոցեսները շարունակվում են, իսկ հայտարարված արտակարգ իրավիճակը այսօր արդեն կհանվի: Գործարանի տնօրինությունը զոհերի եւ տուժածների ընտանիքներին հնարավոր օգնություն եւ աջակցություն է կազմակերպում, ինչպես նաեւ հաշվեհամար է բացվել:

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է «Նաիրիտ», հրահանգել է համապատասխան քննություն անցկացնել՝ վթարի պատճառները պարզելու համար:

Նախագահը հորդորել է դասեր քաղել այդ վթարից. «Այս աղետը մեկ անգամ եւս ահազանգ պետք է լինի հանրապետության այլ ձեռնարկությունների ղեկավարների եւ սեփականատերերի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել