Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը դե՞մ գնաց կառավարությանը

Մայիս 16,2009 00:00

ԱԺ-ն ու գործադիրը պայքարում են գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու իրավունքի համար

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հանձնաժողովականներին հայտնել է, որ այս օրինագծերին կառավարությունը բացասական եզրակացություն է տվել: Եվ, զարմանալիորեն, հանձնաժողովը հակադրվեց կառավարությանը՝ օրինագծին տալով դրական եզրակացություն, ինչը նշանակում է, որ ԱԺ առաջին քառօրյայում օրինագիծը կքննարկվի: Ի դեպ, բացառիկ է, որ կառավարության ներկայացրած մերժումին խորհրդարանն այսպես է պատասխանում: Նշենք, որ օրինագիծը վերաբերում է Կենտրոնական բանկի եւ Վերահսկիչ պալատի նախագահների, ինչպես նաեւ երկրի գլխավոր դատախազի հաշվետվություններին եւ դատախազի հրաժարականին: Հիշեցնենք, որ 2007 թվականի իր հաշվետվությունը ՀՀ գլխավոր դատախազը թեպետ ուղարկել է, բայց անձամբ դեռ չի ներկայացրել խորհրդարան: Առաջարկվող փոփոխությունների հեղինակ Վիկտոր Դալլաքյանը «Առավոտին» ասաց, որ սա առաջին դեպքն է, երբ կառավարությունը որեւէ օրինագծի տալիս է բացասական եզրակացություն, սակայն ԱԺ համապատասխան հանձնաժողովը՝ դրական: Ըստ պարոն Դալլաքյանի, ԱԺ պատգամավորների մեկ երրորդը դատախազի հաշվետվության վերաբերյալ կարող է ներկայացնել ուղերձի կամ հայտարարության նախագիծ: Թեեւ Ազգային ժողովի այս կարգի գնահատականը իրավական հետեւանք չի ունենա, սակայն, ըստ օրինագծի հեղինակի, կարող է լուրջ ազդեցություն ունենալ համապատասխան մարմինների եւ պաշտոնատար անձանց հետագա գործունեության վրա: Օրենսդրական փոփոխություններով հստակեցվում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականի ներկայացման եւ ընդունման կարգը. «Դատախազության մասին» ՀՀ օրենքով գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, երբ նա պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացնում ՀՀ նախագահին, մինչդեռ «ԱԺ կանոնակարգ» օրենքով ԱԺ կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձն իր հրաժարականի մասին գրավոր դիմումը ներկայացնելու է ԱԺ նախագահին: Պարոն Դալլաքյանի կարծիքով՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգն ավելի է համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Մինչդեռ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը այլ կարծիքի էր. ըստ նրա՝ գլխավոր դատախազի, ԿԲ հաշվետվության եւ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ Ազգային ժողովին հաղորդում ներկայացնելու ինստիտուտ մեր Սահմանադրությամբ նախատեսված չէ: Պարոն Դանիելյանի գնահատմամբ՝ «իրավաչափ չէ ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողով հրաժարականի դիմում ներկայացնելը», քանի որ Սահմանադրության 103-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «օրենքով սահմանված դեպքերում հանրապետության նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին»: Ըստ նախարարի՝ Գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու այլ միջանկյալ դեպք նախատեսված չէ, եւ պաշտոնանկության ցանկացած այլ տարբերակ կհակասի ՀՀ Սահմանադրությանը: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասել է, որ այս օրենքի նախագծով վերականգնվում է խորհրդարանի դասական դերը: Նա գտնում է, որ գլխավոր դատախազի հրաժարականի մասին պետք է տեղեկացված լինեն եւ ՀՀ նախագահը, եւ Ազգային ժողովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել