Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԲԱՐԻԴՐԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ

Մայիս 16,2009 00:00

Այն գործիչները, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էին սրա համար՝ հիմա պաշտպանում են Սերժ Սարգսյանի նույն քաղաքականությունը:

\"\"
Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները՝ Պրահայում:

Երբ ապրիլի 28-ի ասուլիսում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե ՀՀԿ-ն մշտապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցն է եղել՝ «Առավոտը» հիշեցրեց, որ 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ իշխանական հակաքարոզչությունն իրականացվում էր նաեւ այս հարցի շահարկմամբ: Մեջբերումներ էին արվում թուրքական մամուլից՝ փորձելով ապացուցել, թե Տեր-Պետրոսյանը Թուրքիայի նախընտրելի թեկնածուն է, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Տեր-Պետրոսյանի մտադրությանը պատասխանում էին թուրքերի հետ քիրվայություն անելու մեղադրանքներով եւ այլն: Հարցին՝ ինչպե՞ս է բացատրելի այս ամենը, եթե իշխող կուսակցությունն այն ժամանակ էլ էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցը՝ պրն Շարմազանովը պատասխանեց. «Գոնե ես չեմ հիշում հանրապետականների, որոնք նման հակաքարոզչությամբ են հանդես եկել: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների ձեր գործընկերներին՝ ես նրանց փոխարեն չեմ կարող պատասխանել»:

Էդուարդ Շարմազանովը ճշմարիտ է այն մասով, որ նման հակաքարոզչության առյուծի բաժինն իրոք իրականացնում էին իշխանական լրատվամիջոցները: Այդ նրանք էին, մեջբերելով 1996թ. սեպտեմբերի 6-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետեւյալ դրվագը՝ «Տնտեսությունը պիտի զարգացնենք, մասնավորապես Թուրքիայի ճանապարհների բացմամբ, քանզի առանց դրա մեր տնտեսությունը զարգանալու հեռանկար չի ունենա»՝ հավելում մեկնաբանություն, թե վերջին 6-7 տարիները փաստում են տնտեսության երկնիշ աճ, ընդ որում՝ առանց Թուրքիայի հետ ճանապարհների բացման. «Այնպես որ, ԼՏՊ-ն իր բնական թրքասիրությանը թող տնտեսական աստառ չտա»: Հենց ԶԼՄ-ներն էին այս կարգի մեջբերումներ անում թուրքական թերթերից. «Հարաբերությունների շրջադարձի հասնելու տեսանկյունից կարեւոր պատեհություն են փետրվարին Հայաստանում նշանակված նախագահական ընտրությունները։ Ընտրություններում առաջատար դերակատարներն են վարչապետ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այժմյան նախագահի ռազմավարական գործընկեր Սարգսյանը հետամուտ է հակաթուրքական դիրքորոշման շարունակմանը, իսկ Տեր-Պետրոսյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»: Սա մեջբերում է թուրքական «Ռեֆերանս» օրաթերթի 2007-ի նոյեմբերի 16-ի համարից, եւ այս հրապարակման մեջ նաեւ նշված էր. «Որպեսզի Տեր-Պետրոսյանը կարողանա հաղթանակել հակաթուրքական տրամադրվածություն ունեցող Սարգսյանին՝ Թուրքիան նախքան ընտրությունները քայլեր ունի կատարելու»: Դրանցից մեկը հետեւյալն էր. «Անկարան պետք է նյութական աջակցություն ցուցաբերի Սարգսյանին հակադիր այն խմբավորումներին, որոնց կառաջնորդի Տեր-Պետրոսյանը»:

Սակայն ԶԼՄ-ներից բացի՝ նման մեղադրանքներ ուղղում էին մասնավորապես ՀԺԿ նախկին գործիչները: Ասենք, Էմմա Խուդաբաշյանը նշել էր. «Ես, ի պատասխան Տեր-Պետրոսյանի՝ ամեն գնով Թուրքիայի հետ մեր հարաբերությունները լավացնելու հայտարարությունների, կուզենայի ընդամենը հիշեցնել, որ երբ ինքը խոսում է հոկտեմբերի 27-ի մասին, թող նաեւ հիշի, որ 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանն իր մկրտությունը ստացել է Թուրքիայում, որտեղ եւ ծաղկեփունջ է դրել Աթաթուրքի գերեզմանին։ Ես հասկանում եմ, որ շատերի համար բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ, սակայն մեր ժողովրդի համար նման քաղաքականությունը չի կարող ընդունելի լինել»: Իսկ Ստեփան Զաքարյանը մեղադրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Ոչ միայն ասում է, այլեւ խոստանում է, որ ընտրվելուց հետո շատ արագ բարիդրացիական հարաբերություններ է հաստատելու Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ Նույնիսկ խոսում է երկաթգծերը աշխատեցնելու, ճանապարհները բացելու մասին։ Հարց է առաջանում՝ ի՞նչ գնով… Կարծում եմ, որ նա պետք է ազնվորեն ասի, թե ինչ է պատրաստվում զիջել, որ Ադրբեջանի, Թուրքիայի համար ընդունելի լինի։ Բացի դրանից, հարց է, նրանք այդ զիջումներից հետո բավարարվելո՞ւ են»:

Այս երկու գործիչներից էլ երեկ հետաքրքրվեցինք, թե ինչպես են այժմ վերաբերվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քայլերին՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Ստեփան Զաքարյանի պատասխանն էր. «Շատ նորմալ եմ վերաբերվում, քանի որ առանց նախապայմանների են այդ հարաբերությունները բարելավվում (եթե բարելավվում են): Եվ Սերժ Սարգսյանն այդպիսի խոստումներ չի տվել: Կարող է այնպես լինի՝ այդ հարաբերությունները չբարելավվեն. դրա համար էլ ժամկետ է սահմանել: Այնպես որ՝ տարբերությունը մեծ է»: Իսկ Էմմա Խուդաբաշյանն ասաց. «Ես հավատում եմ Սերժ Սարգսյանին, եւ Աստված չանի՝ հանկարծ իմ հույսերն ի դերեւ ելնեն: ՀՀ նախագահը հո չի՞ ստում, երբ ասում է, թե չկան նախապայմաններ: Եթե իրոք չկան՝ համաձայն եմ հարաբերությունների լավացմանը: Իսկ եթե լինեն նախապայմաններ՝ ես էլ կմիանամ այն մարդկանց, ովքեր համաձայն չեն այս քայլերին»:

Այնուամենայնիվ, Էդուարդ Շարմազանովն իրավացի չէ, թե ՀՀԿ-ականները քարոզարշավի ընթացքում չեն արել նման հակաքարոզչություն: Որպես մեր պնդման ապացույց՝ ներկայացնենք մի քանի մեջբերումներ: ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան. «Պատահական չէ, որ թուրքական ու ադրբեջանական մամուլն առանձնակի ոգեւորությամբ է ընդունում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը… Այ հենց այստեղ է, որ վտանգ է առաջանում՝ անցնել անթույլատրելիի ռուբիկոնը եւ սպառնալիք ստեղծել մեր ազգային անվտանգության համար»: ՀՀԿ-ի մյուս փոխնախագահը՝ Գալուստ Սահակյանը, լրագրողի հիշեցմանը, թե փաստեր են հրապարակվել, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել նախկին նախագահին՝ այսպես էր արձագանքել «Բնականաբար, Ադրբեջանը եւ Թուրքիան ղարաբաղյան հիմնախնդիրը կցանկանային լուծել Հայաստանի այնպիսի նախագահի միջոցով, ում հետ հնարավորություն կունենան շահավետ պայմանավորվածության գալ»: ՀՀԿ խորհրդի անդամ Համլետ Հարությունյանն ասել էր. «Կզարմանայի, եթե Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռություն չունենային մեր ընտրությունների նկատմամբ։ Ինչպե՞ս կարող են նրանք հանգիստ նստել ու սպասել, երբ պատրաստ են միլիարդներ ծախսել ՀՀ նախագահի պաշտոնում իրենց հաճո անձին տեսնելու համար։ Այս հանգամանքն անհանգստացնում է ոչ միայն ինձ, այլեւ Հայաստանի ապագայով մտահոգ ողջ հայ ժողովրդին։ Ես ոչ թե վախենում, այլ սարսափում եմ մտքից, որ Թուրքիան լոբբինգ է անում՝ որոշակի թեկնածուի օգտին»: ՀՀԿ խորհրդի մեկ այլ անդամ՝ Արմեն Աշոտյանը նշել էր. «Ընդդիմությունն այսօր չունի կառուցողական առաջարկների որեւէ մոդել։ Միակ մոդելն ատելությունն է։ Մեզ նույնիսկ առաջարկում են տնտեսական ընդհանուր համակարգ ձեւավորել արտաքին ամենամեծ պարտքն ունեցող երկրներից մեկի՝ Թուրքիայի հետ»: Ավելորդ է հիշեցնել, որ այս բոլոր անձինք այժմ պաշտպանում են Սերժ Սարգսյանի քայլերը՝ բարելավելու հայ-թուրքական հարաբերությունները: Բայց երբ Էդուարդ Շարմազանովին երեկ փոխանցեցինք այս մեջբերումները՝ ասաց. «Չեմ կարծում, որ դա հակաքարոզչություն է: Իմ գործընկերները փաստեր են ասել, իրենց կարծիքը, եւ դա չի ունեցել հակաքարոզչության կամ սեւացնելու նպատակ»: Չենք մեկնաբանի՝ արդյոք կարելի՞ է որպես փաստ գնահատել այն պնդումը, թե Թուրքիայի լոբբինգը հատկապես ո՛ր թեկնածուի օգտին էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել