Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մայիս 16,2009 00:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքվում մայիսի 13-ին արած հայտարարությունը՝ առանց Ղարաբաղի հարցի կարգավորման Հայաստանի հետ համաձայնագիր չստորագրելու մասին, ըստ ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի՝ ոչ այլ ինչ է, քան նախապայման: Այդ մասին նա հայտարարեց երեկ՝ «Փաստարկ» ակումբում: Ըստ Կիրո Մանոյանի՝ Բաքվում հնչած հայտարարությունից հետո Հայաստանը պետք է դադարեցներ հարաբերությունները Թուրքիայի հետ ընդհանրապես: Իսկ Էրդողանի հայտարարության կապակցությամբ Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հնչեցրած տեսակետը, թե արցախյան հիմնախնդրի լուծմանը միջամտելու Թուրքիայի փորձերը կարող են վնաս հասցնել գործընթացին, պրն Մանոյանը տեղին չի համարում. «Այս իրավիճակում, կարծում եմ, պաշտոնական Երեւանը Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ իր դիրքորոշումն ավելի հստակ պետք է արտահայտի: Ոչ միայն ասի, որ եթե Թուրքիան միջամտի Արցախի հետ բանակցություններին՝ պայմանավորվածություն կխախտի, այլեւ՝ եթե այսպես շարունակվի, մենք բանակցությունները շարունակելը անիմաստ կհամարենք»: Փաստելով, որ ո՛չ նախագահը, ո՛չ էլ արտգործնախարարը բանակցությունները շարունակելու կամ սառեցնելու վերաբերյալ որեւէ հայտարարություն չարեցին՝ պրն Մանոյանն ընդգծեց. «Հայաստանը միանգամայն հստակ եւ մեկընդմիշտ պետք է Թուրքիային ասի, որ նման խաղերն այլեւս հանդուրժելի չեն»: Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանա, որ մեր կողմից դադարեցվեն հարաբերությունները, որպեսզի աշխարհին ցույց տան, թե Հայաստանը չի եղել բանակցությունները տապալող կողմը: Սակայն զգուշացրեց. «Մենք ունենք նաեւ մեկ խնդիր՝ երկիրը պետք է մնա կայուն: Ուրեմն պետք չէ գնալ այնպիսի քայլերի, որպեսզի երկիրն ապակայունանա, ինչի պատճառով կարող ենք շատ բան տանուլ տալ: Կարծում եմ՝ որոշ շրջանակներ, հենվելով այս փաստի վրա, հնարավորինս փորձում են իրենց քաղաքական գիծն առաջ տանել»: Կիրո Մանոյանը նաեւ համոզմունք հայտնեց. «Թուրքիայի հետ բանակցություններ վարել նախապայմաններ բավարարելով, սա արդեն պետության ազգային անվտանգության ռազմավարության խախտում է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել