Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿԿ-ն պատրաստ է աջակցել դատախազությանը

Մայիս 16,2009 00:00

«Այս անգամ բախտներս բերեց»,- «Նաիրիտի» վթարի մասին ասում է Ռուբեն Թովմասյանը

Նախորդ օրը «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած վթարը առաջ է բերել Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարի վրդովմունքը, ինչը երեկ նա հարկ համարեց կիսել «Առավոտի» հետ: Ընկեր Թովմասյանը գտնում է, որ մահացու ելքերով այդ վթարը «կապիտալիզմի թալանչիականության վառ ապացույցն է»: Նա Հայաստանի իշխանություններին մեղադրում է անտարբերության եւ արդյունաբերության բնագավառում անգրագիտության մեջ. «Ահա թե ինչի հետ կարող ենք գործ ունենալ, երբ նման գործարանը կարող է հայտնվել պատահական մի կապիտալիստի ձեռքերում, եւ նա միանգամից կսկսի շահագործել գործարանը՝ մարդկանց հետ միասին, բացառապես սեփական գրպանը հարստացնելու նպատակով: Այս համակարգը կեղեքել եւ շարունակում է կեղեքել Հայաստանը, նրանց չի հետաքրքրում ո՛չ մարդկային կյանքը, ո՛չ մարդու ապրելակերպը: Նրանք միայն մտածում են բանվորին շահագործելով՝ իրականության իմիտացիա ապահովել իրենց տված ներդրումների մասին կեղծ խոստումներին»: Համեմատություններ անելով խորհրդային տարիներին «Նաիրիտի» շահագործման անվտանգության կանոնների հետ՝ մեր զրուցակիցը կասկած չունի, որ որեւէ մեկը «նեղություն չի կրել» աշխատող բանվորներին սարքավորումների շահագործման եւ արտադրության գործընթացների համապատասխան հրահանգավորումներ անել, նա համոզված է, որ այդ գործարանում այժմ բավականին մեծ քանակ են կազմում անպիտան սարքավորումներն ու օգտագործվող ժամկետանց նյութերը, եւ մտավախություն է հայտնում, որ այս պայթյունը վերջինը չի լինի: Ցավակցելով զոհվածների ընտանիքներին՝ ընկեր Թովմասյանն, այդուհանդերձ, արձանագրում է, որ «այս անգամ բախտներս բերեց», այն առումով, որ վթարի հետեւանքով շրջակա միջավայրի մեծ աղետ տեղի չի ունեցել: ՀԿԿ առաջին քարտուղարը հանրապետության դատախազից պահանջում է մեկ անգամ խիզախություն ունենալ եւ «խորանալ գործի մեջ ըստ էության՝ սկսած գործարանի սեփականաշնորհման, վաճառքի եւ վերավաճառքի ընթացքում տեղի ունեցած խարդախություններից»: Նա առաջարկում է գիտակ հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի այդ հարցերի ու վթարի իրական պատճառների հետազոտությամբ, եւ Կոմկուսի անունից պատրաստակամություն է հայտնում տրամադրել բանիմաց մասնագետների: «Օդանավի վթարի նման՝ այս անգամ էլ չասեն՝ մարդկային գործոնի պատճառով: Այո, մարդկային գործոն է, բայց ոչ բանվորի, այլ այս համակարգի թալանչիների, հարստահարիչների ագահության»,- ասում է Ռ. Թովմասյանը: Նաեւ գտնում է, որ խիստ պատասխանատվության պետք է ենթարկել, ընդհուպ քրեական, այն մարդկանց, որոնց որոշմամբ եւ ձեռքով փակվեց «Նաիրիտը» եւ անցած այս տարիների ընթացքում թողնվեց բախտի քմահաճույքին, այդ թվում՝ «Նաիրիտի» երկաթգծի փակուղու վրա «թավալ տվողներին», ովքեր արգելում էին հումքի մուտքը գործարան եւ պատրաստի արտադրանքի ելքը» (Ռ. Թովմասյանը նկատի ունի Խաչիկ Ստամբոլցյանին- Ն. Գ.):

Ընկեր Թովմասյանը վրդովված է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի կեցվածքից, ով քիմիական արդյունաբերության մասին խոսելիս նախեւառաջ պետք է մտածի լուրջ անվտանգության խնդիրների մասին՝ ե՛ւ մարդկանց, ե՛ւ շրջակա միջավայրի, ոչ թե մերկապարանոց հայտարարություններ անի քիմիական արդյունաբերությունից ստանալիք օգուտների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել