Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՔՎԵԱՐԿԵՔ ԱՐՅԱՆ ԴԵՄ

Մայիս 16,2009 00:00

\"\"Երեկ ընդդիմության հրավիրած հանրահավաքում երեւանցիներին կոչ արեց դերասան Երվանդ Մանարյանը

Երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի՝ մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններից առաջ նախավերջին համապետական հանրահավաքը: Կոնգրեսի ներկայացուցիչների ասելով, վերջին համապետական հանրահավաքը Մատենադարանի մոտ տեղի կունենա մայիսի 29-ին՝ քարոզարշավի վերջին օրը: Իսկ երեկ հանրահավաքը մեկնարկեց նախորդ օրը «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով: Միջոցառումը վարող Արարատ Զուրաբյանը հենց այդ ողբերգական իրադարձություններով բացատրեց այս անգամ հանրահավաքը առանց երաժշտության սկսելու եւ նաեւ երթը «ավելի զուսպ» անցկացնելու ՀԱԿ-ի որոշումը:

Սիրված դերասան Երվանդ Մանարյանը, որը ընդգրկված է Կոնգրեսի ավագանիների թեկնածուների ցանկում, նկատեց, թե այդ հանրահավաքով սկսվում է ամենավճռական փուլը այն մեծ գործի, որն ընդդիմությունը սկսել է տարիուկես առաջ, որն ուղեկցվել է դժվարությունների հաղթահարմամբ, մարտիմեկյան ողբերգությամբ: Ուստի, բանախոսի ասելով, այդ դժվարությունները պետք է որ իրենց տրամաբանական հանգրվանին հասնեն, «այլապես մենք կդառնանք աշխարհի ամենաամոթալի ժողովուրդը»:

Նա բացատրեց, թե ինչու է ինքն ընդգրկված ՀԱԿ-ի ցուցակում եւ ինչու է կանգնած ընդդիմության շարքերում. «Որովհետեւ ինձ անհանգստացնում է վաղվա սերունդը, իսկ ես իմ ողջ գիտակցական կյանքը կապել եմ երեխաների դաստիարակության հետ: Մենք պետք է ունենանք այնպիսի սերունդ, այնպիսի քաղաքացիներ, որոնք ո՛չ կասեն կաշառքին, ինչ արտահայտություն էլ որ այն կունենա՝ լինի դրամ, թե կարտոֆիլ-ալյուրով, ասֆալտով: Մենք չպետք է կաշառվենք, որովհետեւ այդ կաշառքի մեջ արդեն նախորդ մարտի 1-ից դրված է արյուն: Ով որ այդ կաշառքով իրեն ճանապարհ հարթի, այդպես քվեարկի, ապա արյունոտ դրամ ու արյունոտ կարտոֆիլ տուն տարած կլինի»: Նա ասաց, թե ինքն անձամբ քվեարկելու է արյան դեմ, եւ կոչ արեց ընտրողներին քվեարկել իրենց խղճի մտոք: Ա. Զուրաբյանն էլ սրան հավելեց, թե երեւանցիները պետք է անեն ամեն ինչ, որ քաղբանտարկյալները հայտնվեն ազատության մեջ, որ հետախուզման մեջ գտնվող կամ Հայաստանից հեռացածները վերադառնան: Նա ասաց, թե ընդդիմության հաղթանակը պարտավորություն է նաեւ հենց այդ մարդկանց եւ երկրի ապագայի առաջ:

Խոսեց նաեւ ՀԺԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը: Նա փորձեց վերլուծել անցած երկշաբաթյա քարոզարշավի ընթացքը: Իսկ նա արձանագրեց, թե այդ քարոզարշավը ցույց տվեց, որ իշխանական ճամբարում խուճապ է, «որովհետեւ օգտագործվում են ընդունելի եւ ոչ ընդունելի բոլոր մեթոդները: Ամբողջ հեռուստաեթերը, մտավորականությունն ու ճարտարապետները լծվել են մի գործի՝ ապացուցելու, որ Երեւանը գտնվում է խայտառակ վիճակում, իսկ իրենք գալիս են դա շտկելու»: Գ. Հարությունյանը հռետորական հարցադրում արեց՝ «իսկ ո՞վ է Երեւանը հասցրել այդ վիճակին, ո՞վ է պատասխանատու քաղաքաշինական խեղումների համար, որտե՞ղ էին նրանք, երբ հոշոտում էին Երեւանը, որտե՞ղ էր այդ մտավորականների խոսքը, երբ հոշոտում էին ժողովրդին, երբ տապալվում էր մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությունը, սնանկության էին մատնում բիզնեսը»:

Նա հայտարարեց, թե տկարամիտ են բոլոր նրանք, ովքեր չեն հասկանում, որ առաջիկա ընտրությունները քաղաքական ընտրություններ են: Գ. Հարությունյանն ասաց, թե այդ ընտրություններով որոշվելու է Հայաստանի ապագան. «Սա նոր քաղաքապետի, քաղաքային ընտրություններ չեն, այլ մեր երկրում օրինական իշխանության վերականգնման կարեւորագույն փուլն է»: Նա կոչ արեց բոլորին՝ «ուժայիններին, շարքայիններին, չքավորներին եւ գործարարներին», գիտակցել, որ դա նաեւ նրանց ապագայի խնդիրն է, ուստի՝ պետք է միավորվել եւ ո՛չ ասել վարչախմբին, որը «10 տարի է՝ ժողովրդին թույլ չի տալիս նորմալ ապրել»:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ժամանակավրեպ չհամարեց անդրադառնալու նախորդ օրը «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած պայթյունին եւ դրա համար մեղադրեց գործող իշխանություններին: Նրա ասելով, 1993-ին՝ «ցուրտ ու մութ» տարիներին, երբ «նախկինները» քաղաքական որոշում էին ընդունել վերաբացել «Նաիրիտը», կազմվել էր նաեւ ներդրումների ծրագիր: Ըստ այդմ, գործարանի աշխատանքային ռեսուրսը՝ ըստ գործարանի շահագործման անվտանգության, սահմանվել էր ընդամենը 10 տարվա համար, որից հետո, ըստ բանախոսի, անհրաժեշտ էր լինելու վերազինել ֆիզիկապես եւ բարոյապես մաշված գործարանը նոր տեխնոլոգիաներով ու նոր ներդրումներ անել: Բայց փաստն այն է, որ 2003-ից ի վեր այդ գործարանը շարունակել է աշխատել առանց այդ վերազինման՝ ամեն օր վթարի ենթարկվելու վտանգ ներկայացնելով քաղաքացիների եւ այնտեղ աշխատող մարդկանց համար: Լ. Զուրաբյանն այս համատեքստում ամենեւին էլ անսպասելի չհամարեց «Նաիրիտում» տեղի ունեցած վթարը եւ այն համարեց գործող ոչ կոմպետենտ իշխանությունների, կառավարության հանցավոր գործունեության համ անգործության ուղղակի հետեւանքը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի պասիվ քարոզարշավի առնչությամբ քաղաքացիներից ստացված բողոքներին՝ Լ. Զուրաբյանն ասաց, թե առաջիկա օրերին այդ քարոզչությունն էլ ավելի ակտիվ կլինի, շատ տեղերում «դռնե դուռ» աշխատանքներն արդեն սկսվել են եւ շուտով կընդգրկեն ամբողջ Երեւանը: Նա փորձեց համոզել, թե ՀԱԿ-ի ընտրարշավը վատը չէ, ու որ կոնգրեսականներին համայնքներում մեծ ջերմությամբ են ընդունում:

ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն իր ելույթը սկսեց այն բանից, որ արձանագրեց, թե՝ «իշխանությունները՝ չնայած իրենց գործադրած տիտանական ջանքերին, անցյալ տարի իրականացրած զինված հեղաշրջումը չեն կարողանում մարսել»: Նա իր այդ հայտարարությունը փաստարկեց քաղբանտարկյալների գործով անցնող եւ իրենց նախաքննական ցուցմունքներից ընթացող դատավարությունների ժամանակ հրաժարվող ավելի քան մեկ տասնյակ վկաների նկատմամբ իշխանությունների սանձազերծած եւ արդարադատության անվան տակ իրականացվող «բանդիտական, ահաբեկչական հարձակումներով»: Նա հայտարարեց, թե ժողովուրդն ու ընդդիմությունը չեն հանդուրժելու «ողբալի վիճակում» հայտնված իշխանությունների այդ գործելաոճը: «Այս հարցում կարող էին նաեւ միջազգային կազմակերպությունները որոշակի դեր խաղալ, բայց, ցավոք, նրանք շարունակում են լայն փակված աչքերով նայել, թե ինչպես են Հայաստանում բանդիտիզմ եւ արդարադատություն բառերը դարձել հոմանիշներ»,- եզրակացրեց Դ. Շահնազարյանը:

Բանախոսը ասաց նաեւ, թե գործող ոչ լեգիտիմ իշխանությունների օրոք ՀՀ քաղաքացին իրեն անվտանգ չի զգում, որ նրա անվտանգությանը սպառնում են հենց այս համակարգն ու իրավապահ մարմինները: Նա ընդդիմության եւ ժողովրդի համատեղ լուծելիք կարեւորագույն խնդիրը համարեց այն, որ ՀՀ քաղաքացին իր երկրում իրեն անվտանգ զգա: Նա հայտարարեց, որ թեեւ մայիսի 31-ին կայանալիք ընտրությունները իրավաբանորեն նախագահի ընտրություններ չեն, բայց իրենց ամբողջ բովանդակությամբ հավասարազոր են նախագահական ընտրություններին, ուստի կոչ արեց հավաքվածներից յուրաքանչյուրին մայիսի 31-ին Հայաստանում լուծել ազատության, ՀՀ քաղաքացու անվտանգության հարցը, ինչը երեւանցիներն ի վիճակի են անել: Նա մայիսի 31-ը այդ իմաստով նաեւ խորհրդանշական համարեց՝ հիշեցնելով, որ ուղիղ 20 տարի առաջ այդ օրը հայ ժողովրդի ճնշման տակ բանտերից ազատվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները:

Հ. Գ. Իսկ ՀԱԿ-ի հանրահավաքը եզրափակեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա ելույթն ամբողջությամբ կարդացեք 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել