Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՇԵՑՈՒՄ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մայիս 15,2009 00:00

Երեկ «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հայտարարություն է տարածել, որում մասնավորաբար ասված է. «Անցյալ շաբաթ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերով հանձնաժողովի զեկուցող Ջոն Գրինվեյի Հայաստան կատարած այցելությունը առիթ տվեց ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց վերահաստատելու ՀՀ իշխանությունների կողմից բազմիցս արտահայտած այն տեսակետը, որի համաձայն՝ Հայաստանում հիմնականում լուծված է ադրբեջանահայ փախստականների՝ երկրի հասարակությանը ինտեգրվելու հարցը, իսկ ներկայումս նրանց ունեցած միակ հիմնախնդիրը բնակարաններով ապահովված չլինելն է: Միաժամանակ, ՀՀ արտգործնախարարության պաշտոնատարը հերքեց փախստականների հիմնախնդրի կարեւորությունը Ադրբեջան-Արցախ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում: Ավելին, ՀՀ բարձրագույն իշխանությունը փախստականների հարցի արծարծումը որակում է որպես նրանց հիմնախնդիրների շահարկում կամ քաղաքականացում: Հիշեցնում ենք Հայաստանի իշխանություններին, որ ավելի քան կես միլիոն ադրբեջանահայ փախստականների ոտնահարված իրավունքների ու շահերի մասին խոսելը ոչ թե քաղաքական շանտաժ է, այլ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների պարտքն է ու պարտականությունը:

Կարեւոր է վերջապես հասկանալ, որ ԼՂ հիմնախնդիրը հայկական կողմերի համար այլեւս չի կարող սահմանափակվել լոկ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմամբ: 1988թ. ի վեր շատ բան է փոխվել: ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները պարտավոր են մշակել ու վարել այն արտաքին քաղաքականությունը, որը կներառի մեր ժողովրդի բոլոր հատվածների շահերն ու իղձերը, մինչդեռ այսօր Հայաստանի իշխանությունները իրար են հակադրում ադրբեջանահայ փախստականների ու արցախահայության շահերը: Համազգային շահերի հատվածական ընկալումը անխուսափելիորեն հանգեցնելու է աղետալի հետեւանքների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031