Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍՆԵՐԸ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆՆ Է

Մայիս 15,2009 00:00

Երեկ իրացման գոտու բնակիչներին կրկին թույլ չտվեցին, որպեսզի իրենց բողոքի ակցիան անցկացնեն կառավարության շենքի առաջ: Այս անգամ էլ ոստիկանները նրանց հորդորեցին ցույցն անցկացնել Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ: Մոտ 60 ցուցարարներ վրդովված բղավում էին՝ «Վերադարձրեք մեր սեփականությունը: Վերականգնեք մեր ընտրելու իրավունքը» եւ այլն:

«Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ նախագահ Վաչագան Հակոբյանի ներկայացմամբ՝ իրենք շատ զայրացած են Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի վրա. «Նախընտրական հանդիպումների ժամանակ, երբ Դավիթաշենում քաղաքապետը հանդիպեց բնակիչների հետ, իրացման գոտու բնակիչները նրան հարց ուղղեցին՝ թե ե՞րբ է վերջապես լուծվելու իրենց խնդիրը: Իսկ Գագիկ Բեգլարյանն ասաց՝ ձեր հարցը 2 ամիս առաջ լուծվել է, էլ լուծվելու բան չկա: Իսկ մինչ այդ՝ խոստումներ էր տալիս: Մեկ խոստանում են վերանայել մեր խնդիրը, մեկ ասում են՝ վերանայելու բան չկա»: Ըստ ցուցարարների՝ թեկնածուներն ուզում են մարդկանց խաբելով ու կեղծ խոստումներով ավագանի կամ քաղաքապետ ընտրվեն: Բացի այդ, ցուցարարներից շատերը դժգոհում էին, որ կառավարությունն իրենց ընտրելու իրավունքն էլ չի ցանկանում վերականգնել, քանի որ «հասկանալի պատճառներով իրենց ձայն չենք տալու»: Նշենք, որ մոտ 100 բնակչի փաստացի գրանցում չեն տալիս. «Փաստորեն, մեզ զրկելով սեփականության եւ ընտրելու իրավունքից, ստացվում է, որ Երեւանի, նույնիսկ Հայաստանի քաղաքացի չենք»:

Նրա ներկայացմամբ՝ ներկայումս իրենք փորձում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ հանդիպել եւ ծանոթացնել իրենց խնդրին. «Մենք նամակներ արդեն ուղարկել ենք, սպասում ենք պատասխանի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031