Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի մայրավանքի Վեհարանում օրերս ընդունել է համայնքի ավելի քան 150 տիկնանց խումբը՝ կաթողիկոսարանի կրոնական դաստիարակության բաժնի պատասխանատուների գլխավորությամբ: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ տիկնանց համար աստվածաշնչյան թեմաներով դասընթացներ են անցկացվել՝ Կրոնական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, վեհափառ հայրապետը անդրադարձել է հասարակական կյանքի որոշ անընդունելի երեւույթների: Նա իր մտահոգությունն է հայտնել խառնամուսնությունների վերաբերյալ. «Ինչպիսին էլ լինեն պատճառները, սա անընդունելի երեւույթ է: Ինչպես կարելի է խոսել մեր ժողովրդի ինքնության, մեր ազգային պահանջատիրության, հայ եկեղեցու, հայ դպրոցի ու մեր սրբազան արժեքների մասին, երբ խառնամուսնությունները փաստորեն բնական են դարձել: Թերեւս հասկանալի է հեռավոր եւ փոքր գաղութների պարագայում, բայց անընդունելի է հայաշատ գաղութների համար»: