Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆՉ ԱՄՈՒՍՆԱՆԱԼԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԿՈՒՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ

Մայիս 15,2009 00:00

Հոգեւոր տեսանկյունից կիրքը մեղք է

Դժվար թե հայտնվի այնպիսի մեկը, որն իր սիրելիին համբուրելիս մտածի իր այդ քայլի ճիշտ կամ սխալ լինելու մասին: Համբուրվելիս, հավանաբար, ոչ ոքի մտքով չի անցնում, որ ինքը մեղք է գործում, կամ եկեղեցու կողմից դա չի ընդունվում եւ այլն:

Նախքան օրինական ամուսիններ դառնալը, յուրաքանչյուր զույգ որոշակի շրջան ընկերություն է անում, որի ընթացքում էլ զույգերի միջեւ տեղի են ունենում տարբեր բնույթի շփումներ՝ գրկախառնումներ, համբույրներ, ու նույնիսկ այնպիսի հարաբերություններ, որոնցում գերիշխում է կիրքը, վայելքը, ցանկությունների բավարարումը:

Ինչպե՞ս է եկեղեցին վերաբերվում մինչամուսնական հարաբերություններին, մե՞ղք է, արդոք, կիրքը, թե՞ ոչ:

Ըստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի, Հայ առաքելական եկեղեցին մինչամուսնական կապեր չի ընդունում. «Աղջիկ-տղա հարաբերություններում մեծ են մարմնական ձգողությունը, ցանկությունները. մասնավորապես, սիրահար զույգերի մոտ գերիշխում է կիրքը, երկուստեք ցանկությունը: Գուցե բժիշկներն այս հարցին ա՞յլ պատասխան տան՝ հավանություն տալով մինչամուսնական սեռական հարաբերություններին, ելնելով հազար ու մի պատճառից: Օրինակ, որ ցանկությունները չի կարելի զսպել, վնասակար է առողջությանը, կրքի առկայությունը նորմալ է, բացակայությունը՝ ոչ… Հոգեւոր տեսանկյունից ցանկությունը, կիրքը, սեռական ձգտումը ոչ օրինական պայմաններում համարվում է մեղք: Մեղքն ինքնին նշանակում է՝ չի կարելի, սխալ է: Ցանկացած սեռական կապ, հարաբերություն, որը տեղի է ունենում մինչամուսնական պայմաններում՝ մեղք է: Քրիստոնեական ավանդույթի մեջ միշտ եղել է այն արժեքը, որ ամուսնացողները մինչ ամուսնանալը պետք է ունենան կուսական վիճակ: Եվ ոչ միայն մարմնական, այլեւ պետք է մաքուր լինեն ե՛ւ հոգով, ե՛ւ մտքով: Դա բավական բարդ երեւույթ է մեր ժամանակներում: Բայց սա այն է, ինչ քրիստոնեությունն է ավանդել ե՛ւ մեր եկեղեցուն, ե՛ւ այլոց: Գուցե այլ եկեղեցիները աչք են փակում այդ իրողության վրա: Բայց Հայ առաքելական եկեղեցին ամուսնական հարաբերություններից բացի, որեւէ այլ հարաբերություն չի խրախուսում»:

Ինչ վերաբերում է կիրք հասկացությանը՝ քահանա Ղեւոնդյանն ասաց. «Պողոս Առաքյալն ասում է՝ եթե պատանին ուզում է իրեն նվիրել Աստծուն եւ երբեւէ չամուսնանալ, երբեք պետք է կրքով չայրվի: Բայց եթե կրքով այրվեց եւ աշխարհիկ կյանքը նրան ձգեց՝ առնելով կրքի ճիրանների մեջ, ավելի լավ է նա իրեն նվիրի ամուսնական կյանքին. ամուսնանա, որպեսզի մեղքի մեջ չընկնի: Սա նշանակում է, որ եթե պետք լիներ, եկեղեցու կողմից կդասակարգվեր՝ մարդիկ, որոնք ուզում են ամուսնանալ՝ ամուսնանային, ովքեր չեն ուզում ամուսնանալ, բայց սեռական կյանքով են ապրում՝ այդպես ապրեին: Բայց նման բան չկա: «Մի՛ շնացիր» պատվիրանն արդեն իսկ մեր առջեւ դրված է որպես հստակ օրենք. որքան էլ հասարակությունը զարգանա, հասարակության մեջ ընդունված լինի՝ իբր զույգերը պետք է շփվեն, միմյանց ճանաչեն, համբուրվեն, ինչ-որ հարաբերություններ ունենան՝ ճշտելու համար համատեղելի՞ զույգ են, թե՞ ոչ: Բա մեր ծնողները՝ տատերն ու պապերը ինչպե՞ս էին ապրում, ինչպե՞ս էին ամուսնանում, ընտանիք կազմում եւ 7-8 երեխա ունենում…»:

Ինչ վերաբերում է երիտասարդների գիտակցությանը՝ կապված կրքի մեղք լինել-չլինելու հետ, քահանան շեշտեց. «Գուցե եւ գիտակցում են, որ կիրքը մեղք է: Սիրահար զույգերի համար սահմաններ չկան, բոլոր սահմանները բաց են: Նրանք միշտ փորձում են իրենց համոզել՝ եթե սիրում են, ուրեմն մեղք չէ: Եթե սիրային հարաբերություններում կամ, ինչպես հաճախ ասում են՝ սիրախաղում սեր կա, երիտասարդների կարծիքով ամեն ինչ ներելի է, իրենք մեղք չեն գործում եւ անհանգստանալու կարիք չունեն»:

Հարցին, ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել, երբ բժշկությունն ասում է՝ պետք է, իսկ եկեղեցին՝ մեղք է, տեր Շմավոնն ասաց. «Որեւէ մեկին չեմ կարող ասել՝ ինչպես վարվել: Ոչ ոք այս հարցի լուծումը չի կարող տալ: Ցանկալի է, որ յուրաքանչյուրն էլ ամուսնանա մաքուր, կուսական՝ հոգով, սրտով, մարմնով եւ ամենակարեւորը՝ հավատարիմ լինի: Պարզ է, որ երիտասարդների կամքին ոչ ոք չի կարող բռնանալ. ով ինչպես հարմար է գտնում, թող այդկերպ վարվի: Ըստ իս, ոչ մի հայ տղա իր ապագա կնոջ նկատմամբ սիրուց ծնված սեռական ոտնձգություններ թույլ չի տա, պահպանելով առաջին ամուսնական գիշերվա խորհրդավորությունը: Հակառակ դեպքում՝ դա տղայի կողմից կդիտվի որպես անլուրջ մոտեցում իր զուգընկերուհու հանդեպ: Որքան էլ տղամարդն այրվի կրքի, ցանկությունների մեջ, իր ապագա կնոջ նկատմամբ՝ ընկերության շրջանում սեռական ցանկությունների մարում թույլ չի տա: Ամեն դեպքում սեռական հարաբերությունների ձգտումը, կիրքը՝ ընկերության շրջանում մեղք է: Այնուամենայնիվ, Աստված մարդուն ազատ է թողել ընտրության մեջ: Մարդն անգամ ազատ է Աստծուն մերժելու մեջ …»: Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը նաեւ ընդգծեց. «Եթե զույգերը մինչ ամուսնանալը չեն կարողանում իրենց զսպել եւ տուրք են տալիս կրքին, հետո էլ ամոթից ելնելով վերականգնում են մաքրությունը, ապա ում է պետք այդ միությունը: Ամուսնությունը՝ կնոջ եւ տղամարդու միասնությունը, պարտավորությունների ու պարտականությունների ամբողջություն է: Եթե ամուսնացած ես, ուրեմն պարտական ես: Ինչո՞ւ ժամանակին մեր տատերն ու պապերը սեռական կյանքով չէին ապրում: Չէին կարո՞ղ, թե՞ հարմար թուփ ու անտառներ չկային. նրանք Աստծո վախ ունեին: Հասկանում էին, որ դա մեղք է: Հիմա Աստծո վախ չկա, Աստծո նկատմամբ սիրո ու պարտավորությունների պակաս կա, ինչն էլ այդօրինակ քայլերի հետեւանք է»:

Թե երիտասարդների համար ընկերության շրջանում ի՞նչ է սեռական, մարմնական շփումը, կիրքը՝ հարցախույզի ընթացքում պարզեցինք հենց նրանցից:

27-ամյա ռուսաստանաբնակ Արմանն ասաց. «Հնարավոր չէ ընկերություն՝ առանց գրկախառնումների, համբույրների: Չգիտեմ, թե եկեղեցին ինչ կարծիք ունի այդ ամենի վերաբերյալ, բայց երկու սիրող սրտերի համար դա մեղք չէ: Նույնը եւ սեռական հարաբերությունների մասին կասեմ: Ես ապրում եմ մի շրջապատում, որտեղ բոլորն ու ամեն ինչ ազատ ու անկաշկանդ է: Բայց նման հարաբերություններում զույգերի միջեւ չկա սեր ու հարգանք: Նույնը չեմ ասի հայերի համար: Շատ զույգերի գիտեմ, որ սիրելով գնացել են այդ քայլին եւ մինչ ամուսնանալը ունեցել են սեռական հարաբերություններ: Դա նրանց ավելի է կապել եւ մոտեցրել ամուսնությանը: Եթե զույգերի միջեւ երկարատեւ ընկերությունից հետո տեղի են ունենում սեռական հարաբերություններ, ապա դա միայն սիրո արդյունք է: Եվ չարժե դա մեղք համարել»:

29-ամյա Աշխենն էլ այս ամենի վերաբերյալ այլ կարծիք ունի. «Գտնում եմ, որ զույգերն իրենց հեռավորությունը, սահմանները պետք է պահպանեն: Որքան էլ երկարատեւ լինեն նրանց հարաբերությունները, ապագայի հետ կապված պլաններ ունենան, լիարժեք մտերմությունը, թեկուզ եւ համբույրը, պետք է ամուսնությունից հետո լինի: Ես համամիտ եմ առաքելական եկեղեցու հետ: Կիրքն իրապես մեղք է: Քանիսն են զոհ գնացել այդ կրքին եւ ճակատագրական սխալ թույլ տվել…»:

19-ամյա Լեւոնի կարծիքով էլ, եթե զույգերի մեջ կիրք, ցանկություն չեղավ, ուրեմն սեր էլ չկա. «Սերը կիրք է, որը կլանում է ամեն սիրող մարդու: Եվ տուրք տալով կրքին, ունենալով սեռական հարաբերություններ, նշանակում է՝ ոչ միայն սիրել, այլեւ ընդունել սերը: Հապա մեղքս ո՞րն է…»:

21-ամյա Արամն էլ նշեց. «Որքան էլ սեր լինի, որքան էլ զույգերը ցանկանան իրար, տառապեն այդ ցանկությունից, սեռական հարաբերություն նրանք պետք է ունենան միայն ամուսնության առաջին գիշերը: Դա օրենք է ու հայեցի: Եթե տղամարդը օգտվում է աղջկա կողմից տրված հնարավորությունից եւ առիթը բաց չթողնելով հասնում մինչեւ վերջին կետին, ուրեմն թուլությունը աղջկանն է, իսկ հարաբերությունների անլրջությունը՝ տղամարդունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031