Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Գոնե կես ժամ երաժշտություն լսեք»

Մայիս 15,2009 00:00

Ապրիլի 22-ից մեկնարկել է «Ազգային պատկերասրահ» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը շարունակվելու է մինչեւ մայիսի 29-ը: Երեկ պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի ունեցավ փառատոնի շրջանակներում մայիսի 15-ին կայանալիք «Տիգրան Մանսուրյան-70» համերգին նվիրված մամուլի ասուլիս: Ճանաչված երաժշտագետ Արաքսի Սարյանը ցավ հայտնեց, որ կոմպոզիտորի ստեղծագործությունների պրեմիերաներն ավելի հաճախ տեղի են ունենում դրսում, որտեղ ավելի շատ հասկացող ունկնդիր ունի, 70-ամյակն էլ ավելի շուտ նշվեց այնտեղ, քան մեզ մոտ՝ Հայաստանում: Տ. Մանսուրյանն էլ, ի պատասխան, ասաց. «Ես էլ եմ շատ ուզում, որ էստեղ լինեն պրեմիերաները, բայց «դրսից» են պատվիրում, որ այս կամ այն գործը գրեմ»: Ապա կոմպոզիտորն ավելացրեց, որ ինքը ներշնչվում է հայոց լեզվով, անցյալի մշակութային արժեքներով, որոնց հետ սարսափելի կապված է. «Ախր տարիներ առաջ գրված երգեր, գործեր կային, որոնք շատ էինք սիրում, ինչու՞ հիմա չկան, ինչո՞ւ չեն հնչում, շատ եմ կարոտում դրանց, հանդիպելիս էլ կարծես նոր աշխարհ հայտնաբերեմ, նոր ուրախություն գտնեմ: Իմ երաժշտությունը հայոց լեզվի, հայոց աշխարհի, պատմության, իրականության, մեր ճակատագրի երաժշտությունն է: Եվ դա է իմը եւ այսօրվա այն ունայնության քամին, որ անցնում է ավերակների վրայով… Մեզ մոտ արժեքների սարսափելի շփոթ է, որովհետեւ ազատ ենք մեր կարծիքների, գնահատականների մեջ: Եթե մի բան է ասվում, շատ կարեւոր է՝ ով է ասողը: Իսկ հիմա բոլորն ասող ու լսող են: Ամեն մեկը կարող է Հայաստանի համար հի՞մն գրել… Արեւածաղկի սերմ չրթելու պես ենք արժեվորում, գնահատում ամեն ինչ»: Երաժիշտը նաեւ նկատեց, որ մեր հասարակությունն ավելի հակված է գրքին, քան երաժշտությանը. «Մարդիկ օրվա մեջ գոնե կես ժամ պետք է երաժշտություն լսեն, բայց ոչ թե աման լվալու կամ գիրք կարդալու հետ մեկտեղ: Այդ կուլտուրան մեզ մոտ չկա: Համերգներին քանի՞ գրող, մտավորական կարող ես տեսնել, չե՛ս տեսնի… Օրինակ, Գերմանիայում մտավորականը ներկա չլինի համերգի, դա անհնար է»: Նրա կարծիքով, հայերն արվեստագետի կենցաղ չունեն, ու եթե մտավորականը մտնում է քաղաքականության մեջ, ստացվում է՝ պետք է թույլ տա, որ քաղաքական գործիչն էլ իր պոեզիային խառնվի, իսկ դա այդպես չպետք է լինի: Կոմպոզիտորների միության հետ Տ. Մանսուրյանը արդեն 20 տարի առնչություն չունի, միությունների գործունեությունն էլ, ըստ նրա, անհասկանալի է: Նա նկատեց, որ այնպիսի սերունդ է գալիս, որ չի էլ ձգտում լինել որեւէ միության անդամ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել