Լրահոս
Օրվա լրահոսը

Վերազինման քաղաքականության հետեւանքները

Մայիս 15,2009 00:00

15 տարի առաջ այս օրերին ՀՀ-ի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվեց զինադադարի համաձայնագիր: Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, Լիոնի Ժան Մուլեն համալսարանի Պաշտպանության եւ միջազգային անվտանգության հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ երեկ «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց միջազգային գիտաժողով՝ «Հարավային Կովկասում անվտանգային միջավայրի վերագնահատում. տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն եւ կերպափոխում» խորագրով: Մասնակցում են մի քանի տասնյակ փորձագետներ՝ Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից:

«Ինչպես ցանկացած այլ պետության, այնպես էլ Հայաստանի համար կարեւոր առաջնահերթություններից մեկը տարածաշրջանային անվտանգությունն ու համագործակցությունն է»,- բացման խոսքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա ձեւակերպմամբ, Հայաստանը կարեւորում է Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը եւ որեւէ պատճառ չի տեսնում այդ ձեւաչափի փոփոխման համար: Նախարարը չմոռացավ նշել, որ տարածաշրջանը զերծ չէ մարտահրավերներից ու սպառնալիքներից. «Մասնավորապես, Հայաստանի համար անմիջական ռազմական սպառնալիքներն են ղարաբաղյան հակամարտության առկայությունը եւ հակամարտող կողմերի միջեւ կարգավորման փոխհամաձայնեցված քաղաքական-իրավական հիմքերի բացակայությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից վարվող ռազմականացման քաղաքականությունը, ռազմական գերակայության հասնելու եւ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժի կիրառմամբ լուծելու ձգտումը»:

Զինադադարի 15-ամյա գործածության եւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հաճախակի զինադադարի խախտումների մասին էլ Ս. Օհանյանն ասաց. «Զինադադարի խախտումները փորձեր են ապակայունացնելու իրավիճակը տարածաշրջանում: Հայաստանը միշտ հանդես է եկել հակամարտության խաղաղ, փոխզիջումների վրա հիմնված կարգավորման օգտին: Ցավոք, նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին: Այս համատեքստում առավել լուրջ մտահոգության առիթ են տալիս Ադրբեջանի կողմից իրականացվող զինված ուժերի լայնածավալ վերազինման քաղաքականությունը եւ ռազմական բյուջեի ծավալների կտրուկ մեծացումը»:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆֆն էլ ասաց. «Ռուս-վրացական օգոստոսյան պատերազմն ապացուցեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, եւ ուժի գործադրումը լուծում չէ: 2008 թվականին Վրաստանի իրադարձությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է բանավեճեր անցկացնել սառեցված եւ չկարգավորված հակամարտությունների շուրջ, քանի որ Ռուսաստանի եւ Վրաստանի առճակատումը հանգեցրել է տարածաշրջանում լուրջ փոփոխությունների, ստեղծել նոր սպառնալիքներ, իրավիճակի նոր ընկալում: Սակայն, բացի այդ գործոններից, ստեղծվել են նաեւ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման նոր հնարավորություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել