Չեխիայի Ուստի Նաբ Լաբեն քաղաքում մեկնարկած սիրողական բռնցքամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին անպայման մասնակցելը մտնում էր մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական խորհրդի՝ նախապես կազմած ծրագրի մեջ, հանդես է գալիս նաեւ մեր հանրապետության հավաքականը:
Մրցաշարի առաջին օրը, ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի՝ վերջերս գործել սկսած ինտերնետային կայքէջը, մեկնարկային մենամարտերը տանուլ են տվել մինչեւ 54 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը, Արա Պուլուզյանը (60կգ) եւ Սամվել Մաթեւոսյանը (69):
Հայ մարզասերների սպասելիքներն առաջին իսկ մարտում արդարացրել է Եվրոպայի վերջին առաջնության արծաթե մեդալակիր, մինչեւ 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը՝ նոկաուտի ենթարկելով ավստրալիացի մրցակցին:
Երեկ, ուշ երեկոյան, Հայաստանի դրոշի պատիվը պաշտպանելու համար ռինգ էր մտնելու Չեխիայի՝ այս մրցաշարում արժանի մրցակիցներ չունենալու պատճառով մեկ աստիճան վեր՝ մինչեւ 51 կգ քաշային կարգ տեղափոխված Հովհաննես Դանիելյանը: