Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանն ըստ պատշաճի նախապատրաստվելու հնարավորություն ընձեռելու նպատակով երկրի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի «Միկա»-«Փյունիկ» եւ «Բանանց»-«Կիլիկիա» հանդիպումները հետաձգվել էին: Իսկ նշանակված օրը «Շիրակն» ու «Գանձասարը» խաղացել էին ոչ-ոքի՝ 0:0, «Արարատը» հյուրընկալողի դերում կրել էր յոթերորդ անընդմեջ պարտությունը՝ 0:1 հաշվով զիջելով «Ուլիսին»:
Մինչ այդ, միայն հաղթանակներ տոնած «Փյունիկն» այս անգամ «Միկայի» հետ խաղում հարկադրված էր կատարել հաշվի մեջ հետապնդողի տհաճ պարտականությունը: Սակայն Վարդան Մինասյանի սաներին, ի վերջո, հաջողվեց խուսափել պարտությունից: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Սա Հայաստանի բազմակի չեմպիոնի միավորի առաջին կորուստն էր այս առաջնությունում:
Դրա փոխարեն հաջող հանդես եկավ «Բանանցը», որն առանց լուրջ դժվարությունների 3:0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց «Կիլիկիայի» նկատմամբ եւ մրցաշարային աղյուսակում ընդհուպ մոտեցավ «Փյունիկին»:
Յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք է ստացել.
1. Փյունիկ 7 6 1 0 17-2 19
2. Բանանց 7 6 0 1 11-4 18
3. Միկա 7 4 2 1 13-8 14
4. Ուլիս 7 4 1 2 7-6 13
5. Շիրակ 7 2 1 4 7-13 7
6. Կիլիկիա 7 2 0 5 6-11 6
7. Գանձասար 7 1 1 5 4-11 4
8. Արարատ 7 0 0 7 11 0
Բարձրագույն խմբի առաջնության ութերորդ տուրում «Միկան» հանդիպելու է «Գանձասարի», «Ուլիսը»՝ «Կիլիկիայի», «Բանանցը»՝ «Փյունիկի», իսկ «Արարատը»՝ «Շիրակի» հետ: