Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԿԸ ԵՐԱԶՈՒՄ Է

Մայիս 15,2009 00:00

Աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որը պատրաստվում է հուլիսին IBF-ի վարկածով չեմպիոնական տիտղոսը նվաճել արդեն երրորդ քաշային կարգում, որի համար մենամարտելու է Ջոզեֆ Ագբեկոյի հետ, չնայած արդեն 33 տարեկան է, խոստովանել է, որ իր երազանքը, անկախ քաշային կարգից, աշխարհի լավագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ճանաչված ֆիլիպինցի Մենի Պակիաոյի հետ ռինգում հանդիպելն է: Ու թեեւ նա վստահ չէ, որ կարող է մի քանի քաշային կարգ վեր բարձրանալ, գտնում է, որ այդ հարցում, եթե ցանկանա, իրեն կարող է «աջակցել» Պակիայոն, եթե ինքն ավելի ցածր քաշային կարգ տեղափոխվի:

«Ես երազում եմ նրա հետ ռինգում հանդիպել,- հայտարարել է Վիկը:- Այս դեպքում չեմ պատրաստվում ասել, թե նրան նոկաուտի կենթարկեմ: Այլ ընդամենն ուզում եմ նրա հետ մենամարտել եւ ապացուցել իմ ուժեղ լինելը: Բայց մինչ այդ, ես դեռ պետք է հաղթեմ մի քանի այլ ուժեղ բռնցքամարտիկների՝ ապացուցելու համար, որ պատրաստ եմ նրա հետ մենամարտի: Չեմ կարծում, թե կկարողանամ առաջին կիսաթեթեւ քաշային կարգ բարձրանալ, բայց ի վիճակի եմ հասնել առաջին թեթեւ քաշային կարգի եւ նրան ձեռնոց նետել: Ու եթե ընդունի, ինքը պիտի նույն քաշային կարգ իջնի: Մենիի մարտաոճը ինձ միանգամայն բավարարում է: Եվ չեք պատկերացնում, թե որքան եմ ցանկանում հանդիպել նրան»:

Անդրադառնալով իր առաջիկա մրցակից Ջոզեֆ Ագբեկոյին՝ Վիկն ասել է. «Նա վատը չէ: Բոլորն ասում եմ որ Ագբեկոն ուժեղ հարված ունի: Ցանկանում եմ, որպեսզի բոլորը համոզվեն, որ նրանից ավելի արագ եւ ուժեղ եմ, որ ինձ համար նոր քաշային կարգում իմ հարվածներն էլ ավելի արագ եւ ուժեղ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել