Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցանակները՝ վաղը

Մայիս 15,2009 00:00

\"\"Հանրապետությունում ապրիլի 6-ից մեկնարկել է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 4-րդ հանրապետական մրցույթ- փառատոնը: Ավանդական դարձած «Երգող Հայաստանի» առիթով ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության գլխավոր մասնագետ, մրցույթի պատասխանատու քարտուղար Արմինե Ղազարյանը «Առավոտին» փոխանցեց, որ այս տարի մրցույթը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 140-ամյակին: Փաստի առիթով, որ նախորդ մրցույթին մասնակից 120 երգչախմբերի թիվը այս տարի նվազել է 115-ի, Ա. Ղազարյանն ասաց, որ դա կապված է մրցույթի որոշ պայմանների փոփոխության հետ, այդ թվում՝ պարտադիր ծրագրում ընդգրկված է Կոմիտասի որեւէ եռաձայն ստեղծագործության կատարում: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մրցույթի առաջին փուլը կայացել է տեղում՝ Հայաստանում եւ Արցախում, ավարտված է արդեն երկրորդ փուլը, իսկ եզրափակիչ ակորդը՝ գալա համերգը կկայանա մայիսի 16-ին, «Ա. Խաչատրյան» համերգասրահում: «Ուրախալի փաստ է արձանագրվել, օրինակ, Կոտայքի մարզի 29 երգչախմբերից միայն 24-ը հանրակրթական դպրոցների երգչախմբեր են, իսկ Լոռու մարզը 3-րդ տարին է, որ չի ներկայացնում եւ ոչ մի երգչախումբ: Մտահոգող է նաեւ այն փաստը, որ Երեւանի շուրջ 200 դպրոցներից մասնակցեց ընդամենը 12 երգչախումբ: Առանձնապես ուզում եմ առանձնացնել Արցախի, Շիրակի, Կոտայքի երգչախմբերի պրոֆեսիոնալիզմը»,- հայտնեց Ա. Ղազարյանը: Նա նշեց նաեւ, որ մրցույթի ժյուրիի նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, անդամներ Դավիթ Զալյանը, Տիգրան Հեքեքյանը, Հովհաննես Միրզոյանը, Աթանես Առաքելյանը, Արտաշես Բաբուրյանը, որոնք հայտնի են երգչախմբային ոլորտում իրենց բուռն գործունեությամբ, ավանդական մրցանակների թվում որոշել են նաեւ շնորհել առաջին անգամ նորերը, այդ թվում՝ լավագույն տնօրեն, ամենակարգապահ երգչախումբ եւ այլն: Հասկանալի պատճառով՝ տիկին Ղազարյանը չնշեց մրցանակակիր երգչախմբերին, ասելով միայն, որ դրանք 18-ն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել