«Ա. Խաչատրյան» համերգասրահում այսօր հայ ունկնդրին երկրորդ անգամ կներկայանա գերմանացի ճանաչված դաշնակահար Բերնդ Գլեմզերը: Նրա համերգները կկայանան նաեւ մայիսի 18-ին եւ 23-ին նույն սրահում: 2004թ. առաջին անգամ Հայաստան այցելած դաշնակահարից հետաքրքրվեցինք, թե աշխարհով մեկ մշտական հյուրախաղային կյանքով ապրող երաժշտին ինչո՞վ է ձգում մեր երկիրը: «Այս անգամ եկել եմ անձամբ ձեր Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի խնդրանքով: Բազմադարյա մշակույթ ունեցող երկրներից հրավեր ստանալուն պես աշխատում եմ դրանք բաց չթողնել»,- ասաց նա: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչո՞ւ հարուստ երկացանկ ունեցող դաշնակահարի ծրագրում բացակայում են հայ կոմպոզիտորների երկերը, մինչդեռ առաջին այցի ժամանակ «Առավոտին» դաշնակահարը հայտնել էր, թե հաջորդ անգամ կկատարի որեւէ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն: «Անշուշտ, ես ճանաչում եմ աշխարհով մեկ սփռված հայազգի բարձրակարգ երաժիշտներին, սակայն, օրինակ, Գերմանիայում ծանոթ ենք միայն Խաչատրյանի, Բաբաջանյանի արվեստին: Կուզենայի, որ Արեւմուտքում, այդ թվում՝ նաեւ իմ երկրում, հնարավորինս շատ հնչեին ինչպես հայ դասական, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների երկեր՝ հենց հայ արվեստագետների մեկնաբանմամբ: Եկել եմ այն եզրակացության, որ ձեզանից լավ ոչ մի ազգի ներկայացուցիչ դա չի անի: Դրա համար էլ առայժմ իմ ծրագրում չեմ ընդգրկում հայ կոմպոզիտորի երաժշտություն»:
Շուրջ 30 տարի պրոֆեսիոնալ բեմում հանդես եկող եւ ժամանակին 17 հեղինակավոր միջազգային մրցույթների մասնակցած ու դափնիներ շահած դաշնակահարին հարցրինք, թե ի՞նչ կարծիքի է նորելուկ միջազգային մրցույթների մասին: Բ. Գլեմզերը պատասխանեց. «Ինչպես իմ տարիներին, այնպես էլ այսօր որեւէ մրցույթի պատրաստվելիս, բնականաբար, ուշադրություններս սեւեռում ենք կատարվելիք ու պարտադիր ծրագրի վրա, բայց այսօր տեսնում եմ, թե ինչպես է մարդկությունը հեռացել երաժշտությունից ու գրքից՝ հույսը դնելով համակարգչի վրա: Օրինակ, Բեթհովենի Դաշնամուրի եւ նվագախմբի երկրորդ կոնցերտի կատարման համար ոչ թե պետք է սեւեռվել միայն այս գործի վրա, այլ հնարավորինս շատ լսել թե մեծանուն երաժիշտների կատարումները եւ թե թերթել բեթհովենյան ստեղծագործություններն ընդհանրապես»: