«ԲելաՊան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 13-ին Մինսկում կայացած ասուլիսում ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը հայտարարել է, թե «օրենսդրությունը համապատասխանեցնելով Եվրամիության պահանջներին՝ կպահանջվի վերանայել ԱՊՀ-ի շրջանակներում կնքված համաձայնագրերը, եւ այդ ժամանակ երկրները պետք է ընտրություն կատարեն»: Նա ասել է, թե տիրապետելով տնտեսական իրավիճակին, գտնում է, որ «այս փուլում Եվրամիությունը չի կարող փոխհատուցել այն կորուստները, որոնք կկրեն այդ երկրները Արեւելյան գործընկերությանը մասնակցելու արդյունքում»: ԱՊՀ-ի գործադիր քարտուղարի կարծիքով՝ Եվրամիության նախաձեռնության մասնակիցներին չի օգնի եւ Եվրամիության առաջարկած «նվազագույն օգնությունը»՝ 600 միլիոն դոլարը: Լեբեդեւը հույս է հայտնել, որ ԱՊՀ-ի վեց երկրների մասնակցությունը Եվրամիության ծրագրին ազդեցություն չի ունենա ԱՊՀ-ում նրանց ակտիվության վրա, եւ նրանք «կմնան ԱՊՀ-ի անդամներ»: