Չեչեն հրամանատար Սուլիմ Յամադաեւը, որը, իբր, արյան վրեժ է հայտարարել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին եւ Պետդումայի պատգամավոր Ադան Դելիմխանովին, իրականում չի պատրաստվում նրանց վնաս պատճառել՝ պնդում է Սուլիմի եղբայրը: Ըստ newsru.com-ի, Իսա Յամադաեւը (նկարում), ի հեճուկս պաշտոնական վարկածի, շարունակում է պնդել, որ Սուլիմը չէր սպանվել Արաբական Էմիրություններում: Իսան պնդում է նաեւ, որ պարբերաբար կապվում է եղբոր հետ ինտերնետ-հեռախոսակապի միջոցով: Ըստ Ւսայի՝ Սուլիմն անձամբ զանգել է Գուդերմեսի մոլլային, որպեսզի հայտարարի իր արյան վրեժի մասին: Սակայն, ըստ եղբոր, «հանգուցյալը» արյան վրեժ է խոստացել միայն մի նպատակով, որպեսզի հասկացնել տա Կադիրովին եւ Դելիմխանովին, որ կասկածում է նրանց՝ իր դեմ կատարած մահափորձի եւ ավագ եղբոր՝ Ռուսլանի սպանության մեջ: Իսա Յամադաեւը պնդում է նաեւ, որ իր եղբայրը չի կարող վրեժ լուծել Ռամզան Կադիրովից, քանի որ համապատասխան երդում է տվել Ղուրանի վրա: Չեչնիայի իրավապահները ստուգումներ են սկսել արյան վրեժի մասին տեղեկատվության վերաբերյալ: Եթե այն հաստատվի, ապա դատախազությունը կարող է քրեական գործ հարուցել «սպանության սպառնալիք» հոդվածով: