Չորեքշաբթի օրը երեկոյան Ռուսաստանը, օգտագործելով իր վետոյի իրավունքը, կասեցրել է Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության մանդատի երկարացումը: Առաքելության դիտորդները հարկադրված կլինեն մինչեւ հուլիսի 30-ը լքել Վրաստանը, եթե այս ընթացքում կազմակերպության բոլոր 56 երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը եւ Վրաստանը, համաձայնության չգան: Gazeta. ru-ն հիշեցնում է, որ Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում ԵԱՀԿ առաքելության գործունեությունը կասեցվել էր անցած տարվա օգոստոսի ռազմական կոնֆլիկտից հետո, երբ Ռուսաստանը դեմ արտահայտվեց այդ առաքելության շարունակությանը: ՌԴ-ն, որը ճանաչել է այդ հանրապետությունների անկախությունը, այժմ պնդում է, որ դրանց տարածքում տեղակայվեն ԵԱՀԿ առանձին կառույցներ, որոնք անմիջապես ենթակա կլինեն Վիեննայում գտնվող կենտրոնակայանին: ԵԱՀԿ-ի համար այդ տարբերակը անընդունելի է, քանի որ դա կնշանակեր Հարավային Օսեթիայի անուղղակի ճանաչում: ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Անվար Ազիմովը նշել է, որ ԵԱՀԿ ղեկավարությունը ուզում է ելնել այն մեկնակետից, թե իբր, վրացական ագրեսիայից հետո ոչինչ չի փոխվել, սակայն նման մոտեցումը չի համապատասխանում արդի իրավական եւ քաղաքական իրողություններին: «Մենք երբեք ոչ մեկին չենք ստիպել դիտորդների մանդատի ընդունման միջոցով անուղղակիորեն ճանաչել Հարավային Օսեթիան, սակայն պետք չէ նաեւ մեզ ստիպել անուղղակիորեն հրաժարվել դրանց ճանաչումից»: