«Սոլիդարնոստ» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բորիս Նեմցովը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ դիմել է Սոչիի դատարան՝ այդ քաղաքի քաղաքապետի ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: Ըստ BBC-ի՝ հայցադիմումի համար հիմք է հանդիսացել իշխանության թեկնածուի կողմից վարչական ռեսուրսի համատարած օգտագործումը, ինչպես նաեւ՝ նախընտրական արշավի ժամանակ այլ թեկնածուների համար ԶԼՄ-ների փակ լինելը: Նեմցովի խոսքերով՝ կազմակերպվել էր ընդդիմության լիակատար շրջափակում. Սոչիում ոչ մի հեռուստաալիք, ոչ մի ռադիոկայան, ոչ մի թերթ չէր համաձայնում նույնիսկ գովազդային հիմունքով ներկայացնել ընդդիմադիր թեկնածուի դիրքորոշումը: «Տեղական հեռուստաալիքներով ցույց էին տրվում ստահոդ եւ զրպարտչական հաղորդումներ, որոնք կազմակերպել էր Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Տկաչովը: Այդ հաղորդումներից կարելի էր հասկանալ, թե իբր ես փլուզել եմ Խորհրդային Միությունը եւ Նիժնի Նովգորոդի մարզը, ծախել եմ Ռուսաստանը փարիզյան ակումբին, հանդիսանում եմ կորեական լրտես եւ կաշառակեր»,- հայտարարել է Նեմցովը:
Ընդդիմադիր գործիչը «Թբիլիսի» ռադիոկայանին տված հարցազրույցում նաեւ ավելացրել է. «Բժիշկներին, ուսուցիչներին, զինծառայողներին, հավաքարարներին սպառնում էին զրկել աշխատավարձից եւ նույնիսկ՝ ազատել աշխատանքից: Դա սահմանադրության կոպիտ խախտում է»: Նեմցովը պատրաստվում է անցնել ռուսաստանյան բոլոր դատական ատյաններով, իսկ այնուհետեւ դիմել Եվրոպական դատարան: