Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին: Ըստ ԱԳՆ-ի մամուլի վարչության, հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համագործակցության ընդլայնման ուղիները, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ փոխգործակցության ակտիվացման հնարավորությունները: Բրիտանական կողմի առաջարկությամբ՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի եւ Միացյալ Թագավորության արտգործնախարարությունների միջեւ՝ պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Այս ենթատեքստում Բրայան Ֆոլը ողջունեց այդ ուղղությամբ վերջերս արձանագրված առաջընթացը եւ հույս հայտնեց, որ կողմերը շուտով կսկսեն պայմանավորվածությունների իրականացումը: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի երեկ Բաքվում արած հայտարարություններին, նախարար Նալբանդյանը նշեց, որ Թուրքիայի փորձերը՝ միջամտելու արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացին, կարող են այդ գործընթացին վնաս հասցնել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի բնորոշմամբ, ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ՝ մադրիդյան առաջարկությունների հիման վրա, եւ կողմերը փորձում են մոտեցնել իրենց դիրքորոշումները: Նա հավելեց, որ եթե Թուրքիան ցանկանում է օգնել հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ապա դրա ամենաճիշտ ձեւը կլինի ընդհանրապես չխառնվել այդ հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացին: