Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄՆԱՐԿԵՔ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մայիս 15,2009 00:00

\"\"Կկառուցվի Մատենադարանի գիտական մասնաշենքը

Երեկ տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը՝ նվիրված Մատենադարանի՝ իբրեւ գիտական կենտրոնի հիմնադրման 50-ամյակին: Մասնաշենքի ճարտարապետն է Արթուր Մեսչյանը: Արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՌԴ-ում գործող հայ բարերար, «ՄոնԱրխ» կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանը եւ այլք:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն իր ելույթում ասաց. «50 տարի առաջ, Մատենադարանի հիմնական շենքի կառուցումից 2 տարի անց՝ 1959-ին, ստեղծվեց Մատենադարանի գիտական կենտրոնը: Այն կատարել է կրթական, լուսավորչական դեր հայ գիտության, մշակույթի տարածման եւ հանրահռչակման ասպարեզում: Նոր կառուցվող գիտական մասնաշենքն իր տարածքով 4 անգամ գերազանցելու է Մատենադարանի հիմնական շենքին, իսկ Մատենադարանը դարձել է մեր անցյալի եւ ապագայի միահյուսման, մեր լինելիության եւ հավերժության խորհրդանիշը»: Հնչեց վեհափառ հայրապետի օրհնության խոսքը, հետո ընթերցվեց արկղի մեջ դրվելիք գլանակի տեքստը եւ այն փոխանցվեց գիտական մասնաշենքի կառուցմանը աջակցած բարերար Ս. Համբարձումյանին՝ կառույցի մեջ տեղադրելու համար:

Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետ Ա. Մեսչյանն ասաց, որ նոր մասնաշենքը 2-4 հարկանի կառույց է, որի երկու թեւերը հարում են կենտրոնական ծավալին: Այս շենքը Մաշտոցի պողոտայից չի երեւա, եւ կշարունակի դոմինանտ լինել հիմնական շենքը: «Առավոտը» զրուցեց Մատենադարանի նախկին տնօրեն, այժմ՝ կառավարման խորհրդի նախագահ Սեն Արեւշատյանի հետ. «Գիտական մասնաշենքի շինարարությունը դադարեց 1987-ին, երբ սկսվեց ճգնաժամը, դադարը տեւեց 20 տարուց ավելի»: Քանի որ գիտական մասնաշենքի շինարարությունը կատարվում է ռուսաստանաբնակ հայ բարերարի կողմից, հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ են ՀՀ գործարարները օգնում գիտությանը: Պարոն Արեւշատյանն ասաց. «Թող նրանք հետեւեն այս օրինակին եւ իրենց կուտակած մեծ միջոցները ծախսեն հօգուտ գիտության, մշակույթի: Զարմանում եմ, որ մինչեւ հիմա ՀՀ կառավարությունը չի ընդունել օրենք, որի համաձայն, եթե բարերարը նպաստում է արվեստին, գիտությանը, նրան որոշակի տոկոսով պետք է ազատել հարկերից: Ի դեպ, այս օրենքը գործում է աշխարհի տարբեր երկրներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել