Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հիմունքներով գործընթաց սկսել

Մայիս 15,2009 00:00

Հայրենիք-Սփիւռք մերձեցումների ռազմավարութիւնը

Սկիզբը՝ նախորդ համարում

Հայրենիք-Սփիւռք գործակցութեանն ուղղուած մերձեցումների մասին հռչակուած պետական վարդապետութիւնը (դոկտրինան) իրաւացիօրէն յենւում է այն իրողութեան վրայ, որ միջազգային ասպարէզում՝ Սփիւռքի հետ միասնութեամբ, Հայաստանը կարող է հանդէս գալ աւելի բարձր քաշային կարգում (Ռ. Քոչարեանի ձեւակերպումն է ), եւ որ համազգային հարցերում Սփիւռքը կարող է օգտակար լինել այլ երկրների (օրինակ՝ գաղթօջախը հիւրընկալող երկրի) աջակցութիւնը ձեռք բերելուն:

Հասկանալի է, որ մերձեցումների ռազմավարութեան ձեւակերպման հիմքում կարեւոր ելակէտեր պէտք է համարել՝

1. Հայապահպանութիւնը՝ ձուլման դէմ պայքարով ազգի յարատեւման գերխնդրի լուծմամբ:

2. Հայ ոգին, հայի ոգեկանութեան պահպանումը՝ ազգային մշակոյթի եւ աւանդույթների պահպանման, զարգացման, տարածման ու յաջորդ սերունդներին ժառանգելու անհրաժեշտութեան գիտակցումով:

3. Հայրենիք-Սփիւռք հոգեհարազատութեան ու կապուածութեան նոր հիմունքներով գործընթացի սկսելը եւ եղածը ամրապնդելը՝ ազգի երկու հատուածների միջեւ առկայ խզումն ու խորթացումը վերացնելով:

4. Հայրենիքի հզօրացումը՝ Սփիւռքի ներուժի մասնակցութեամբ եւ Սփիւռքի գոյատեւումը՝ նեցուկ ունենալով հզօր հայրենիքը:

Այսպիսի ռազմավարութիւն իրականացնելը իմաստ ունի միայն այն դէպքում, երբ անսակարկ կերպով ընդունւում է Սփիւռքի գոյատեւման կարելիութիւնը, արմատախիլ անելով Սփիւռքի ժամանակաւոր լինելու, մահանալու մասին քարոզչութիւնը, որը նշանակում է ազգի աւելի քան կէսի մահացման անխուսափելիութիւն եւ հետեւաբար պայքարից հրաժարուելու անհրաժեշտութիւնը:

Այս ռազմավարութիւնը ենթադրում է գործել ըստ հետեւեալ պայմանների՝

* Մերձեցումները պէտք է լինեն երկուստէք համագործակցութեամբ եւ հանդիպակաց քայլերով:

* Լուծուելիք հարցերի փոխըմբռնման ու փոխզիջման ցանկութեամբ, առանց մի կողմի առաւելութեան ակնկալութեան:

* Գործակցութիւն՝ հաւասար դիրքերից, չանտեսելով Սփիւռքի՝ ազգի 2/3 մասը լինելու գործօնը:

* Մերձեցումը պահանջում է ինչպէս հայրենիքի ներկայութիւնը Սփիւռքում, այնպէս էլ Սփիւռքի ներկայութիւնը հայրենիքում:

Սրանից բխում է, որ սփիւռքահայութեան կարծիքներն ու առաջարկութիւնները պէտք է դիտել որպէս հայաստանաբնակ քաղաքացու նմանատիպ իրաւունքներին հաւասար կամարտայայտութիւն:

Իր հերթին Սփիւռքի բազմադէմ լինելու հանգամանքը, որ կարող է դժուարացնել մերձեցման գործընթացները , պարտաւորեցնում է Սփիւռքին ստեղծել համասփիւռքեան մի մարմին՝ դաշնային (ֆեդերալ) կառույցով, որում ընդգրկուած կը լինեն բոլոր կուսակցութիւններն ու նրանց հովանաւորութեամբ գործող մշակութային, կրթական, մարզական եւ այլ միութիւնները, հայրենակցական, բարեգործական կազմակերպութիւնները, ու անհատներ եւ եկեղեցու ներկայացուցիչները: Միաւորուելու հիմք կարող են հանդիսանալ բոլորի կողմից միակամ ճանաչուած, տարակարծութիւն չունեցող հարցերը, ինչպէս օրինակ հայ դատը, ցեղասպանութեան խնդիրը, ազգապահպանման ու լեզուապահպանման հիմնահարցերը, հայրենիքին սատարելու ցանկութիւնը:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել