Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ

Մայիս 15,2009 00:00

Իրավապահները չգիտե՞ն «խոշոր ձկների» տեղը

Սկիզբը՝ նախորդ համարում

Առաջին հայացքից թվում է, թե պետությունը արմատական միջոցներ է ձեռնարկել, քանի որ ամենուր ձերբակալություններ են սկսվել, կարգազանցներով, օրինախախտներով լցվել կալանավայրերը: Հեռուստատեսությամբ անմիջապես ցուցադրում են ձերբակալվածին, ու պատրանք է ստեղծվում, թե ուր-որ է կվերանան կաշառակերությունն ու կոռուպցիան, անպատասխանատվությունը, օրինախախտումները: Բանտախցերում ոչ միայն պառկելու, այլեւ կանգնելու տեղ չկա, որն իր հերթին մարդու իրավունքների լուրջ խախտում է: Հավանաբար, նոր կալանավայրեր, ավելի շուտ՝ համակենտրոնացման ճամբարներ հիմնելու անհրաժեշտություն է առաջացել: Իսկ այս կերպ երկրի բնակչության 70%-ը, հաշի առնելով կոռուպցիայի չափերը, պետք է հայտնվի բանտախցերում կամ համակենտրոնացման ճամբարներում: Սակայն դա էլ փրկություն չէ, քանի որ մնացած 30%-ը եւս վարակված է մտածելակերպային այդ վիրուսով: Ահա մի գործով ձերբակալել են հինգ երիտասարդ տղաների: Անշուշտ, պատասխանատվության ենթարկելը ճիշտ է: Սակայն անուշադրության են մատնվում խնդրի բարոյական ու հոգեբանական կողմերը՝ նրանց խստորեն դատապարտելով մի քանի տարվա ազատազրկման: Նրանց ենթարկում ենք փորձությունների, որոնց միջով անցնելով, նրանք կալանավայրից դուրս են գալու հասարակության, կյանքի մասին լրիվ այլ պատկերացումներով: Իսկ դաստիարակության խնդրում զգուշավորությունը, մանավանդ օրենքի բարյացակամությունը, վարչական ու տուգանքների միջոցով պատժամիջոցները կարող էին հասարակության, երկրի համար պահպանել տղաներին: Իրավապահ մարմինները, ԱԺ պատգամավորները պարտավոր են այս խնդիրը խորությամբ քննարկել, նժարների վրա դնել, ինչպես ասում են՝ ծանր ու թեթեւ անել, քանի որ նման կորուստներն անդառնալի են: Համընդհանուր մտածելակերպի է վերածվել «սա երկիր չէ»՝ հասարակության, պետության համար խիստ վտանգավոր արտահայտությունը:

Պետական այրերն էլ են խոստովանում, որ հիմնականում ձերբակալվում են «մանր ձկները», իսկ խոշորները… Իսկ խոշորներն իրենց կողքին են, իրենց հետ, ավելի հաճախ՝ իրենց ներսում: Երբ ՀՀ գլխավոր դատախազը հայտարարում է, որ իրենք չգիտեն «խոշոր ձկների» տեղը, ուզում ես ասել. կառավարության նիստերին նայիր կողքիդ նստածին: Մի՞թե քեզ չեն հայտնել «Ժամանակ Երեւան» թերթի էջերում (27 հունիսի 2008 թ.) զետեղված հոդվածի մասին, թե ինչպես էին լվացվում «Երեւան» հիմնադրամի գումարները: Նման հարյուրավոր օրինակներ կարելի է բերել: Սակայն իրավապահները ձեւացնում են, թե ոչինչ չգիտեն: Իսկ արդյունքում՝ «խոշոր ձկները» նոր պաշտոններ են ստանում, կոռուպցիայի շոշափուկները ընդլայնելու նոր հնարավորություններ ձեռք բերում, միեւնույն ժամանակ, անշուշտ, սարսափելով հատուցումից, «լվացված, մաքրած» գումարներով զրահապատ մեքենա են ձեռք բերում: Իսկ իրական վտանգը նրանց համար արդարադատությունն է: Բայց եւ վստահ են, որ «խոշոր ձուկը» մեկ այլ «խոշոր ձկան» վրա չի հարձակվի (համենայնդեպս՝ ֆրանսիացի օվկիանոսագետ Ժակ Կուստոյի ֆիլերում այդպես էր):

Սակայն երբ քննում ենք կոռուպցիա, կաշառակերություն ու կաշառատվություն ծնող ու սնող արմատները, տեսնում ենք, որ այդ ձերբակալությունները իրենց հերթին ստեղծում են կաշառատվության, կաշառակերության, կոռուպցիայի նոր աղբյուրներ, հասարակությունը նետում անբարոյականության վիհը:

Քննիչներն ուռճացնում են խախտումը, խիստ չափազանցված հոդվածներով որակում ձերբակալվածի արարքը, միեւնույն ժամանակ՝ գործով շահագրգռված անձին (միջնորդ, ծնող, եղբայր) հայտնում, որ այս գործը առաձգական է, կարելի է ձգել, ուռճացնել, կարելի է նաեւ սեղմել, փոքրացնել, նայած, թե ինչպես են պայմանավորվում, միեւնույն ժամանակ ակնարկում, որ իրենք ինքնուրույն չեն, ղեկավարներ ունեն: Ձերբակալվածի ընտանիքը քննիչի թելադրած չափով բարձր տոկոսով գումար է հայթայթում, այդպես փոփոխում մեղադրյալի վրա բարդված հոդվածները՝ կախված կաշառքի չափից: Հոդվածներն իրենց հերթին առաձգական են: Այս կամ այն արարքը կարելի է մեկնաբանել ցանկացած ձեւով: Պարտքի տակ հայտնված ընտանիքը փորձում է ազատվել պարտքի ճնշումից: Ստիպված են լինում վաճառել տուն ու տեղ, ունեցվածք, եթե ունեն՝ իհարկե: Կալանավայրում գտնվողին պարտավոր են ամեն շաբաթ ուտելիք տանել: Կան ընտանիքներ, որոնք տասը տարի շարունակ ամեն շաբաթ սնունդ են հանձնում կալանավայր: Պետությունը չի՞ կարողանում նորմալ սննդով ապահովել իր 25 հազար կալանավորներին: Կարելի է աշխատեցնել կալանավորներին: Ուղղիչ աշխատանքի արդյունքը շատ ավելի շոշափելի է դաստիարակության գործում:

Դատավորները իրենց հերթին վճիռ կայացնելիս հնարավորին չափ գործում են օրենքի հնարավոր խստությամբ, այն դեպքում, երբ կարող են սահմանափակվել վարչական տույժով, տուգանքով: Արդյունքում՝ սխալ քայլ կատարած երիտասարդները հայտնվում են կալանավայրում: Իսկ կալանավայրերի մարդու իրավունքները բացասող պայմանները ոչ թե ուղղում, դաստիարակում են երիտասարդին, այլ նրան դարձնում չար ու անողոք: Ազատվելուց հետո նրանք հասարակությունից դուրս եւ խորթ են զգում իրենց ու առաջին հերթին որոշում հեռանալ հայրենիքից, քանի որ մեծ է վիրավորանքը: Ի՞նչ է շահում հասարակությունը այս իրավիճակից: Առաջին հերթին՝ կորցնում է իր քաղաքացուն, որը ամենաթանկ գանձն է:

Շատ է խոսվում կոռուպցիայի, կաշառակերության վերացման մասին: Հաճախ պետական ապարատում ստեղծվում են կոռուպցիայի դեմ պայքարի խմբեր: Բայց մի՞թե կոռուպցիոն համակարգը կարող է պայքարել ինքն իր դեմ: Քաղաքակիրթ երկրներում կոռուպցիայի, բյուրոկրատիայի դեմ պայքարում ընդգրկված են հասարակությունն ու հասարակական կազմակերպությունները, քանի որ միմիայն հասարակական հսկողությունը կարող է երկիրը մաքրել այդ արատից: Կոռուպցիան, բյուրոկրատիան, կաշառատվությունն ու կաշառակերությունը մտածելակերպ են, որոնք արմատավորվել են մարդկանց, արդեն նաեւ հասարակության ուղեղում: Իսկ դրա դեմ կալանավայրերը, պատիժները ոչինչ են: Խնդիրը մտածելակերպի փոփոխության մեջ է: Կարո՞ղ ենք մենք դա անել:

Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի համակարգ, որ հասարակության յուրաքանչյուր անդամ իրեն պատասխանատու զգա կոռուպցիայի համար, ու այդ համակարգը հնարավորություն տա անհատին լիարժեք ու արագ պայքարելու արատների դեմ: Սա տարօրինակ ու ծիծաղելի՞ է հնչում, մանավանդ հայաստանյան մտածելակերպի պայմաններում: Բայց մենք այլ ելք չունենք: Դա են թելադրում առաջին հերթին պետական, ազգային անվտանգության շահերը: Մեր երկրի շուրջը ստեղծված քաղաքական իրավիճակն ու անվտանգության խնդիրները մեզ թելադրում են, որ մենք այլ ելք չունենք, բացի դեպի բարոյահոգեւոր ազգային արմատները վերադարձից:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել