Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈԹ ԳՅՈՒՂԵՐԻ ՔԱՂԱՔԸ

Մայիս 15,2009 00:00

\"\"Հրազդանի քաղաքապետը պնդում է, որ ընդդիմությունն ու իշխանությունը նույն վերաբերմունքին են արժանանում

Հռոմը կառուցվել է յոթ բլուրների վրա, եւ դրանով իրավամբ հպարտանում էին հռոմեացիները: Հռոմի կառուցումից շատ հետո, Հռոմեական կայսրության կործանումից էլ շատ հետո՝ 1960-ականներին, խորհրդային Հայաստանում, մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա, Ներքին Ախտա բնակավայրի յոթ գյուղերի (Մաքրավանք, Ջրառատ, Կաքավաձոր, Վանատուր, Ներքին եւ Վերին Աղբյուրակներ, Կոճոռ) միավորումով ստեղծվել է նոր քաղաք՝ Հրազդան անունով: Միավորումից հետո քաղաքում այլ թաղամասեր են կառուցվել՝ Կենտրոն, Հարավային:

Վանատուրը հեթանոս հայերի հյուրասիրության Աստվածությունն էր, իսկ հրազդանցիների հավատարմությունը Վանատուրին ճաշակեցինք Հրազդանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունում:

2002 թվականից այսկողմ Հրազդանի քաղաքապետը հանրապետական Արամ Դանիելյանն է: 2008-ի հուլիսին երրորդ անգամ քաղաքապետ ընտրված Արամ Դանիելյանի հետ մեր զրույցը սկսեցինք այս ընթացքում նրա ամենամեծ ձեռքբերման եւ ամենամեծ անհաջողության՝ չլուծված խնդրի մասին հարցով:

«Ամենամեծ ձեռքբերումը, որ քաղաքաշինության բոլոր ոլորտներին, խնդիրներին եւ լուծման ուղիներին ծանոթ եմ»,- հայտարարեց Հրազդանի քաղաքապետը եւ հավելեց, որ ամենամեծ չլուծված խնդիրը կրկին քաղաքաշինությունն է՝ «Ժամանակը իր քաղաքաշինական պահանջներն ու որակներն է թելադրում, եւ խնդիրը ժամանակի մեջ տեղավորվելն է, մեր քաղաքը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելը, իսկ դրա համար ֆինանսներ են պետք, որ այսօրվա մեր բյուջեով հնարավոր չէ»:

Այսօրվա ամենահրատապ խնդիրը, որ ծառացած է Հրազդանի առաջ՝ ջրամատակարարման հարցն է, մեր զրույցում ասաց Արամ Դանիելյանը: «Յոթ գյուղերի վրա ձեւավորված քաղաքում ունենք եւ բազմաբնակարան շենքեր, եւ առանձնատներ: Ունենք ե՛ւ գյուղական կոլորիտ, ե՛ւ քաղաքային կոլորիտ: Մեր քաղաքը տարբերվում է այլ քաղաքներից: Այսօր քաղաքում 480 կմ ջրամատակարարման գիծ կա՝ 50-55 տարվա ջրագծեր են, որոնցով կարողանում ենք օրական մի քանի ժամ ջուր մատակարարել բնակչությանը: Սակայն արդեն քայլեր արվում են: Զարգացման ասիական բանկի օգնությամբ եւ կառավարության աջակցությամբ՝ 15 միլիոն դոլարի ներդրում է արվելու, եւ հարցը կլուծվի»,- նկատեց Արամ Դանիելյանը: Ի դեպ, քաղաքը գազիֆիկացված է:

Հրազդանցի է՝ վանատուրցի, ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, եւ գաղտնիք չէ, որ նա Հրազդանում եւ մասնավորաբար Վանատուրում բազմաթիվ կողմնակիցներ ունի, ու մարտյան դեպքերից առայսօր նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում, ու տպավորությունն այնպիսին էր, թե Հրազդանը բաժանվել է երկու մասի՝ Սասուն Միքայելյանի կողմնակիցներ եւ ոչ կողմնակիցներ: Արամ Դանիելյանը այս դիտարկման հետ համաձայն չէ. «Ես չէի ասի, թե քաղաքը երկու մասի է բաժանված: Բնականաբար, մարտի դեպքերից հետո որոշակի խժդժություններ կային Վանատուրում: Բնականաբար, հարազատներ կային, որ ուզում էին իրենց համախոհներով մասնակցել այդ խնդիրների լուծմանը: Ոչ թե երկու մասի էր բաժանված, այլ՝ հարազատների մի խումբ էր»: Արամ Դանիելյանը ասաց, որ Հրազդանում որեւէ քաղաքական ուժ հանրահավաք կամ զանգվածային միջոցառում անցկացնելու հարցում քաղաքային իշխանությունների արգելքին չի հանդիպել:

Երեւանը դառնում է համայնք, ինչպես՝ ասենք, Հրազդանը, պարզապես Երեւանում քաղաքապետի ընտրությունը անուղղակի է: Ուղղակի ընտրված քաղաքապետ Արամ Դանիելյանը կարծում է, որ ընտրված քաղաքապետի պարագայում մեծանում է պատասխանատվությունը քաղաքի եւ քաղաքի բնակիչների նկատմամբ: Հրազդանի հանրապետական քաղաքապետը պատրաստ է Երեւանի քաղաքապետի ընտրություններում օգնել իր հարազատ կուսակցությանը եւ արձանագրում է, որ, ի տարբերություն Երեւանի, Հրազդանում չկա այն լարվածությունը, որ կուսակցությունների միջեւ առաջանում է ընտրությունների ժամանակ՝ Հրազդանի խնդիրների լուծման հարցում կա լայն համագործակցություն ինչպես կուսակցությունների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների հետ:

Համագործակցություն կա նաեւ ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը նվազեցնելու հարցում: Հրազդանը ունի մոտ 60 հազար բնակիչ, եւ այս պահին մոտ 1000 հոգի աշխատում է Հրազդանի ՋԷԿ-ում, մոտ 800 մարդ աշխատում է Ցեմենտի գործարանում, Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկում աշխատում է մոտ 300 մարդ, իսկ գործարկումից հետո կաշխատի 500 մարդ: Բացի սրանից, քաղաքապետը հայտարարեց, որ փոքր ու միջին բիզնեսը զբաղվածություն է ապահովում 2000 մարդու համար: Հրազդանում կա 14 մանկապարեզ, 11 դպրոց, 7 գրադարան, երկու երաժշտական դպրոց, եւ մոտ 1000 մարդ էլ աշխատում է այս կազմակերպություններում:

Մարդիկ նաեւ հողագործությամբ են զբաղվում, չէ՞ որ Հրազդանը գյուղերի վրա ձեւավորված քաղաք է: Բայց արտագնա աշխատանքի գնացողներն այս տարի չեն մեկնել ու հիմա շինարարության ոլորտում աշխատուժի ավելցուկ կա, իսկ սա նշանակում է, որ շինարարության շրջանի բացման ժամանակ մրցակցությունը մեծ է լինելու:

Հ. Գ. Ասում են, թե Արամ Դանիելյանը «Ջիփ» մեքենաների մեծ սիրահար է: Մի քանիսն ունի, իսկ օրերս ձեռք է բերել հերթականը: Այս անգամ՝ LAND ROVER:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել