Լրահոս
Օրվա լրահոսը

Ամոթանք՝ դատախազին

Մայիս 15,2009 00:00

\"\"Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Գ. Պողոսյանի նախագահությամբ, ավարտվեց «Չորրորդ իշխանության» լրագրող Գոհար Վեզիրյանի նկատմամբ քրեական գործի դատաքննությունը: Լրագրողը մեղադրվում է անցյալ տարվա օգոստոսի 6-ին այլ դատական նիստում դատավոր Գագիկ Ավետիսյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար: Մեղադրող Լ. Չարխիֆալակյանը հիմնավորված համարեց լրագրողի մեղքը, նրա արարքի «հասարակական վտանգավորության աստիճանը» եւ պահանջեց 400 հազար դրամ տուգանք: Լրագրող Գոհար Վեզիրյանը ամոթանք տվեց դատավորին եւ ասաց, որ իր դեմ դատական կարգադրիչների ցուցմունքները ոչ թե լսվել են դատարանի դահլիճում, այլ օգոստոսի 6-ի համարում իր հեղինակած հոդվածի վերարտադրությունն են: Նա նաեւ դիմեց մեղադրողին, ասելով, որ հրապարակումը կնվիրի նրան, որպեսզի մեղադրողը հասկանա «ենթադրություն» բառի իմաստը, իսկ մեղադրողը իրեն ապահովագրելու համար լրագրողի առարկություններին ասում էր, որ դա նրա ենթադրությաններն են: Երբ հերթական ամոթանքը տվեց մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանին, դատական նիստի մասնակիցներից մեկը ծափահարեց լրագրողին եւ դատավորը կարգադրեց ոտքի կանգնել եւ հարցրեց, թե ինչո՞ւ է ուրախ ծափահարողը: Նա պատասխանեց. «Ուրախ եմ, որ լրագրողը իր կարծիքը հայտնեց»: Նախագահողը ծափահարողին դուրս հրավիրեց: Գ. Վեզիրյանի պաշտպան Հովիկ Արսենյանը պնդեց, որ Վեզիրյանը քրեորեն հետապնդելի արարք չի գործել եւ նրա նկատմամբ պետք է արդարացման դատավճիռ կայացվի: Նա ափսոսանք հայտնեց, որ դատարանը լսել է միայն չարաբաստիկ նիստում ներգրավված դատական կարգադրիչներին, իսկ փոխարենը չեն լսվել նիստին հետեւող «Հայք», «Հրապարակ» թերթերի լրագրողները: Պաշտպանը հայտնեց նաեւ, որ գոյություն չունի մի ձայնագրություն, որտեղ լրագրողը վիրավորական արտահայտություններ թույլ տված լինի դատավոր Գ. Ավետիսյանի նկատմամբ: Դատարանը Գ. Վեզիրյանին տուգանեց 350 հազար դրամով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել