Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՆ ԿԱԶԱԿՆԵ՞ՐԸ

Մայիս 15,2009 00:00

\"\"«Առավոտի» բացառիկ հարցազրույցը Հայ-կազակական միջազգային բարեկամության եւ համագործակցության կազմակերպության նախագահ, ատաման, կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ, հայ-կազակ Կարապետ Զադոյանի հետ:

– Պարոն Զադոյան, ինչպե՞ս եւ ինչու՞ ստեղծվեց Ձեր կազմակերպությունը:

– Հայ-կազակական բարեկամությունը դարերի պատմություն ունի: 1732 թվից Ռուսաստանի հայերը միացել են կազակական զորամիավորումների շարժմանը եւ դարձել զինվորական, տվել հայտնի դեմքեր: Արցախյան պատերազմի ժամանակ մեր կողքին էին կամավոր եկած կազակներ` մոտ 130 հոգի, իրենց ատամանների հետ միասին: Նրանցից 15-ը զոհվեց: Իսկ 1994-ին Վազգեն Սարգսյանը ինձ գործուղեց Հյուսիսային Կովկաս: Այնտեղ ես ոչ միայն աշխատեցի կազակների հետ, այլեւ տեղի հայ դասալիքներին հայտնաբերեցի եւ բերեցի ծառայության: Մեր նպատակն էր Ռուսաստանում եւ Հյուսիսային Կովկասում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելը: Դուք շատ լավ գիտեք, որ այնտեղ հազարավոր հայեր են ապրում, 95-ին կազակներն ուզում էին հայերին արտաքսել այնտեղից, եւ դա մեզ համար վատ կլիներ: Այդ թվականներին մենք ստեղծեցինք այս կառույցը, որը ընդունվեց նրանց կողմից եւ տվեց իր դրական արդյունքը, որոշակիորեն վերաբերմունքը փոխվեց հայերի նկատմամբ: Դա բերեց այն մտքին, որ ես Հայաստանում նույնպես ստեղծեմ այս կառույցը, որը կամրապնդի կապերը Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ: Մեր բարեկամությունը հանգեցրեց նրան, որ կազակական միջավայրում պահպանվում են հայկական եկեղեցիները, կառուցվում են նորերը: Այստեղ մենք ամեն տարի նշում ենք կազակների տոնը:

– Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, երբ տեղեկանում եք, որ այնտեղ ոտնահարվել են մեր հայրենակիցների իրավունքները:

– Ստեղծում ենք հանձնաժողով եւ մեր ուժերով գնում եւ հանդիպում ենք այնտեղի ատամանի հետ, հայտնում մեր խնդիրը: Նրանք մեզ ընդառաջում են, եւ մեր ամենամյա հանդիպումները տալիս են իրենց արդյունքները: Մեր հայրենակիցների համար արդեն բավականին լավ պայմաններ են ստեղծվում:

– Իսկ ի՞նչ կոնկրետ գործառույթներ է իրականացնելու Հայ-կազակական կառույցը Հայաստանում:

– Ընտրություններից հետո մենք կդիմենք քաղաքապետին, նամակներ ենք ուղղել ուժային նախարարություններին, որոնց հետ պետք է համագործակցենք քաղաքում կարգուկանոն պահպանելու՝ նախկին դրուժինաների նման: Մենք ունենք ուսադիրներ կրելու, կոչումներ շնորհելու իրավունք` մեր կանոնադրության համաձայն:

– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում՝ 700 անդամով ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով եք Երեւանում կարգ ու կանոն պահպանելու: Ռուսաստանի կազակներն է՞լ են գալու այստեղ կարգուկանոն պահպանելու:

– Նախ ասեմ, որ մեզ անդամագրվել ցանկացողներ շատ կան: Եթե պայմանագրերը կնքվեն, մեր անդամների թիվը կհասնի մի քանի հազարի, որովհետեւ բանակից զորացրվածների մեծամասնությունը գալիս է մեզ մոտ, ուզում է անդամագրվել, մենք շատ քչերին ենք անդամագրում, ընտրում ենք՝ մեր անվտանգության ծառայության կողմից հարցազրույց անցկացնելուց հետո:

– Փաստորեն, Դուք Ձեր վրա եք վերցնում ՀՀ ոստիկանության գործառույթները:

– Ոչ, ամենեւին: Մենք շատ իրավունքների չենք խառնվում: Մենք կարող ենք միայն իրենց կողքին լինել եւ օգնել:

– Ե՞րբ եք ոստիկանությանը օգնելու:

– Ոստիկանության քանակը կարող է չբավարարել կարգուկանոն պահպանելիս, մենք նրանց օգնության կհասնենք:

– Ի՞նչ իրավիճակում կարող է չբավականացնել: Ասենք՝ մարտիմեկյան իրադարձությունների նման իրավիճակներո՞ւմ:

– Ոչ: Մենք այդ օրերը նկատի չունենք, որովհետեւ մենք քաղաքականությանը չենք խառնվում, մենք պահեստային զինվորներ ենք եւ պահպանում ենք մեր դիրքը այն բանի համար, եթե Հայաստանին որեւէ վտանգ սպառնա արտաքին թշնամիների կողմից:

– Այսինքն՝ Երեւանի միայն արտաքին կարգուկանոնն եք պահպանելու:

– Մենք կլինենք նաեւ ժողովրդի կողքին, եթե խախտում լինի նրանց նկատմամբ, կպարզենք, թե ով է ճիշտ, ոստիկա՞նը, թե՞ ժողովուրդը, եւ կպաշտպանենք մեր հասարակ ժողովրդի շահերը: Գուցե պահ լինի, որ ոստիկանը ճիշտ չէ: Դա վատ է՞: Եթե ծայրամասերում խուլիգանություն է լինում, մենք կկանխենք դա:

– Իսկ եթե լինեն իրավիճակներ, երբ դժվար է կողմնորոշվել, թե ով է ճիշտ կամ սխալ, գուցե երկու կողմն էլ հավասարապես ճիշտ են կամ սխալ: Ասենք՝ ինչպես մարտի 1-ին էր, ինչպե՞ս եք վարվելու դուք:

– Նման իրավիճակում մենք օրենքի կողմը կլինենք կամ չենք խառնվի:

– Իսկ հնարավո՞ր է, ինչպես Դուք ասացիք, քաղաքի ծայրամասում խուլիգանություն կատարվելու պահին քաղաքացին զանգի ոչ թե ոստիկանություն, այլ Հայ-կազակական միջազգային բարեկամության եւ համագործակցության կազմակերպությանը:

– Ոչ, մենք մարդիկ կհատկացնենք, որոնք կլինեն ոստիկանների կողքին, եթե նրանք հարկ կհամարեն, կզգան մեր օգնության կարիքը, իրենց հետ ծառայության կտանեն:

– Դուք ունե՞ք ռազմաբազա, զինտեխնիկա:

– Մենք պաշտպանության նախարարության եւ, առհասարակ, ուժային կառույցների հետ պայմանագրեր կնքելուց հետո անպայման պետք է ռազմական ինչ-որ պատրաստականություն անցնենք, որպեսզի մեր անդամները չմոռանան զենքի հետ վարվելու ձեւերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել