Լրահոս
Օրվա լրահոսը

Հրեա կնոջը հանգիստ չեն տալիս

Մայիս 15,2009 00:00

Արդեն 50 տարի Հայաստանում ապրող Էթել Առաքելյան-Շվարցմանի գեղեցկության սրահի վրա հիգիենիկ հակահամաճարակային

տեսչության աշխատակիցներն անհիմն ակտեր են գրում:

Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ուլնեցու փողոցում գտնվող «Էթել» գեղեցկության սրահի սեփականատեր, 72-ամյա, ազգությամբ հրեա, Հայաստանում հրեաների միության փոխնախագահ Էթել Առաքելյան-Շվարցմանին թաղապետարանի սանէպիդկայանի աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է՝ հանգիստ չեն տալիս: Նրան հալածելու պատճառը, այսպես ասած, «լեւոնական» լինելն է: Ամեն ինչ սկսվել է անցյալ տարվա նախագահական ընտրություններից, երբ նա իր գեղեցկության սրահը, որպես շտաբ, անվճար տվել էր ընդդիմությանը: Սակայն, կնոջ խոսքերով, այս սրահի վրա աչք է ունեցել համայնքի թաղապետ, «հանրապետական» Արայիկ Քոթանջյանը: Քանի որ կինը չի ցանկացել սրահը նրան հանձնել, վերջինս, ըստ տիկին Էթելի, սրահը պայթեցնելու փորձ է արել:

Այժմ էլ թաղապետարանի ենթակայության տակ գործող սանէպիդկայանի աշխատակիցներն են հաճախակի այցելում սրահ ու տեղի-անտեղի տուգանում: «Սանէպիդկայանի աշխատակիցը 30 հազար դրամանոց ակտը ձեռքին եկավ՝ իբրեւ թե իմ աշխատողներից մեկը սանիտարական գիրք չի ունեցել: Վճարեցի: Այս տարի եկավ, մեզ մոտ ամեն ինչ մաքուր էր: Տեսնելով, որ ամեն ինչ նորմալ է, եւ ինքը չի կարող որեւէ բանից կառչել, հարցրեց, թե քլորի լուծույթի տոկոսներն ինչքան են: Ես պատասխանեցի, որ մեզ մոտ լաբորատորիա չի եւ չեմ կարող հաստատ ասել: Նա էլ որոշեց, որ այդ տոկոսները չեն համապատասխանում նորմային ու հաջորդ օրը եկավ ու մեր սրահի վրա 60 հազար դրամ ակտ գրեց»,- պատմում է տիկին Էթելը: Այս ամենից հետո նա դիմել է առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Արտյոմ Վանյանին եւ տեղամասային սանէպիդծառայության պետ Սարգիս Ղուկասյանին: Նա Ա. Վանյանին խնդրել է եւս մեկ անգամ հանձնաժողով հրավիրել իրենց մոտ ստուգումներ անելու համար, սակայն տեսչությունից տիկնոջը պատասխանել են, որ թաղապետարանի մասնագետը ամեն ինչ ճիշտ է արել. «Ինձ նույն ժամանակահատվածում հրավեր եկավ Սարգիս Ղուկասյանից: Ես գնացի: Նա էլ ասաց, որ ամեն ինչ ճիշտ է արվել: Ես ցանկացա խոսել, իսկ քանի որ ռուսերեն էի սկսել խոսել, նա ասաց, որ մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ ապրողները պետք է խոսեն հայերեն: Ես նրան ընդհատեցի ու ասացի, որ հրեա եմ ու չեմ կարողանում վարժ հայերեն խոսել, նա էլ ասաց, թե որ հրեա ես, գնա քո երկիր՝ Իսրայելում ապրի եւ դուրս հրավիրեց ինձ»: Է. Առաքելյան-Շվարցմանը վիրավորվելով Ս. Ղուկասյանից՝ զանգում ու ընդունելություն է խնդրում Ա. Վանյանից. «Գնացի, պատմեցի ամենը: Նա ինձ հանգստացրեց ու 3 հոգանոց նոր հանձնաժողով ուղարկեց սրահ: Պատկերացրեք, որ ինչքան էլ մաքուր էր մեզ մոտ, կրկնակի մաքրեցին: Հանձնաժողովը եկավ: Ոչինչ չէին կարողանում գտնել, ասացին, որ քլորի լուծույթի մեջ վարսավիրների մկրատները պետք է 50 րոպե մնան: Մեր վարսավիրները հարցնում են, իսկ այդ ընթացքում եթե հաճախորդ գա, մենք ի՞նչ անենք, պատասխանեցին, որ դրա համար էլ պետք է 2-3 հատ մկրատ ունենալ: Ինչպես կարող են վարսավիրները 90-120 հազար դրամ տալ ու 2-3 հատ մկրատ գնել, այդ ինչքա՞ն գումար են աշխատում, որ նման ծախսեր անենք»: Կինը նամակով դիմել է նաեւ առողջապահության նախարարությանը, որից հետո նախարարությունից ասել են, որ իր հարցը կլուծվի: «Որոշ ժամանակ անց ինձ զանգեց Վանյանի օգնականը եւ ասաց, որ Ղուկասյանի հետ կգա մեզ մոտ, սակայն ես հրաժարվեցի Ղուկասյանին ընդունել ու մինչեւ հիմա՝ ոչ մի նորություն»,- ասաց նա: Նշենք, որ նախարարությունից տրված գրավոր պատասխանում որպես վերջնաժամկետ նշվել է ապրիլի 28-ը:

Երեկ «Առավոտը» նախարարությունից փորձեց ճշտել, թե ինչո՞ւ տիկնոջ հարցը չի լուծվել: Նախարարության մամուլի ծառայությունից պատասխանեցին, որ օրերս անպայման հարցը կլուծվի:

Հ. Գ. Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ զանգեցին նախարարությունից եւ տեղեկացրին, որ Էթել Առաքելյան-Շվարցմանի հարցը դրական լուծում է ստացել: Նշենք, որ հրեա տիկինը հայ ազգի համար մեծ գործեր է արել երկրաշարժի եւ շրջափակման տարիներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել