Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՔՍԻՆԵՐԻՆ ՓՆՏՐԵ՛Ք ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐՈՒՄ

Մայիս 15,2009 00:00

Տաքսի ավտոմեքենաները, անկախ նրանից, թե որ կազմակերպությանն են պատկանում, կարող են անարգել մտնել

կայանատեղի եւ հանգիստ սպասել ուղեւորի:

Մարդատար տաքսիների կայանման խնդիրը Երեւանում մինչեւ վերջերս կանոնակարգված չէր: Անձնական օգտագործման ավտոմեքենաների եւ մարդատար տաքսիների անկանոն կայանումից քաղաքի փողոցների թողունակությունը փոքրանում էր, երթեւեկությունը դառնում անկազմակերպ:

Այդ առիթով, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանձնարարական է տվել, որպեսզի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության ու տրանսպորտի վարչությունները խնդիրն ուսումնասիրեն եւ քաղաքի տարբեր մասերում առանձնացնեն 40 հատված, որտեղ կհիմնվեն տաքսի ավտոմեքենաների կայանատեղիներ: Քաղաքապետարանի պատասխանատուների ներկայացմամբ, տաքսի ավտոմեքենաները, անկախ նրանից, թե որ կազմակերպությանն են պատկանում, անարգել կմտնեն կայանատեղիի տարածք եւ, առանց պետավտոտեսչության աշխատակիցների կողմից տուգանվելու մտավախության՝ կսպասեն ուղեւորների կամ այնքան, մինչեւ ուղեւորվելու կանչ կստանան: Այս օրերին նշված 40 կայանատեղիները «կահավորվում են», իսկ դրանց մի մասը՝ նշագծված եւ երթեւեկության համապատասխան նշաններով կահավորված, արդեն շահագործվում է: Նշենք, որ դեղին գույնով արված գծանշումների սահմաններից ներս, բացի տաքսի ավտոմեքենաներից, այլ տրանսպորտային միջոցների կայանումն արգելվում է:

Մարդատար տաքսիների համար նախատեսված բոլոր 40 կայանատեղիներն էլ ընտրվել են՝ նկատի առնելով մարդկային հոսքերի շատությունն ու խոշոր առեւտրահասարակական կենտրոններին մոտ լինելու հանգամանքը: Քաղաքապետարանի պաշտոնյաների ներկայացմամբ՝ տաքսիների կայանատեղիներն այդքանով առայժմ չեն սահմնափակվի, եւ եթե թաղապետարանների կողմից առաջարկություններ լինեն, եւ ոլորտի պատասխանատուներն էլ գտնեն, որ տվյալ հատվածում դրանք իսկապես անհրաժեշտ են, ապա այդ տարածքներում էլ կայանատեղիներ կհիմնվեն:

Ըստ քաղաքապետարանի պատասխանատուների՝ երթեւեկության համար լրացուցիչ խնդիրներ չհարուցելու նկատառումով, հիմնականում առանձնացվել են այն փողոցներն ու փողոցների այն հատվածները, որտեղ եթեւեկության ոչ մեծ խտության պայմաններում մայթերին զուգահեռ մեկ շարքով կայանելու հնարավորություն կա:

Հողամասերի սխեմատիկ հատակագծերի հիման վրա քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը «Լուսանշան» ՊՈԱԿ-ին դրանք ճանապարհային համապատասխան նշաններով եւ գծանշումներով կահավորելու առաջադրանք է տվել: Երկու շաբաթ անց, ուսումնասիրվելով տաքսիների կայանման համար նախատեսված բոլոր վայրերը, կազմվել են համապատասխան գծապատկերները, եւ այսօր արդեն, աշխատանքների մեկնարկից կարճ ժամանակ անց, ավարտված է բոլոր 40 կայանատեղիների կահավորումը համապատասխան գծանշումներով եւ ճանապարհային նշաններով:

Օրերս էլ Գ. Բեգլարյանը շրջայցի ժամանակ մոտեցել է Ֆրանսիայի հրապարակի կայանատեղիում կայանած «Տուր» տաքսի ծառայության վարորոդներին՝ հետաքրքրվելու նրանց հուզող հարցերով: Վարորդների խոսքերով՝ «Գիշերը կայանատեղիում կանգնած էինք, Երեւանի քաղաքապետը ստուգայցով շրջում էր քաղաքում: Մոտեցավ, բարեւեցինք, մեզ հուզող խնդիրները բարձրացրինք, այդ թվում եւ քաղաքում կայանատեղիներ ունենալու հարցը: Մարդը խոստացավ կարգավորել, եւ խնդրեմ, այսօր մեր տաքսիներն արդեն թույլատրված տարածքում են կանգնած՝ պաշտպանված ավտոտեսուչների հետապնդումներից: Սա տաքսու բոլոր վարորդների սրտովն էր. կայանատեղին կծառայի բոլորին: Կարող են գալ, «դիրքավորվել», սպասել: Այսպես վարորդի մեր աշխատանքն ավելի կազմակերպված կդառնա»:

«Տուր» տաքսի ծառայության վարորդ Պետրոս Սարգսյանի ներկայացմամբ էլ՝ «Մինչ այս քաղաքում խառնաշփոթ վիճակ էր: Պետավտոտեսուչներն ամեն քայլափոխի գալիս–տուգանում էին, փողոցում կայանելն արգելում. չգիտեինք՝ որտեղ կանգնել»:

«Վիպ» տաքսի ծառայության վարորդ Էդիկ Արշակյանի խոսքերով էլ. «Հազիվ ազատվեցինք ավտոտեսուչներից. օրվա վաստակած 3000 դրամը տանում-մուծում էինք՝ չիմանալով ինչի համար: Իսկ հիմա հանգիստ կանգնում ենք՝ սպասելով մեր ուղեւորին»:

Երեւանյան բակերի բարեկարգման ընթացիկ աշխատանքների 2-րդ փուլում էլ Գ. Բեգլարյանը նախատեսում է ընդհանրապես բակերն ազատել դրանցում կայանած ավտոմեքենաներից ու ավտոտնակներից: Ինչպես տեղեկացանք, դա կարող է լինել ավտոմեքենաները ստորգետնյա տարածքներ տեղափոխելու, կայանելու իրավունքին առավել կայուն կարգավիճակ տալու, ստորգետնյա կայանատեղիների վերին հատվածները մարզահրապարակների, խաղահրապարակների համար օգտագործելու եւ այլ ճանապարհով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել