Լրահոս
Օրվա լրահոսը

Աննախապայման

Մայիս 15,2009 00:00

Տարօրինակ է, ես շարունակում եմ անվերջ զարմանալ. այսինքն թե՝ երեւի դեռեւս չեմ կորցրել մանկության ու պատանեկության այն զգացողություններս, երբ իմ նորաճանաչ տեսանելի եւ աներեւույթ աշխարհում ամեն բան ինձ հետաքրքիր էր, տագնապալիորեն ուսանելի: Գուցե երեւի այդ է պատճառը, որ ես այսօր էլ չեմ կարող ապրել անտարբեր կյանքին, որն ինձ շրջապատում է, եւ որի մեջ ես եմ ապրում ու չեմ կարող չհիանալ, չտխրել կամ չզարմանալ: Եվ ես՝ զարմացողս, ժամանակների մեջ տեսնում եմ, թե ինչպես այսօր բոլոր նրանք, ովքեր միակ ճանապարհը տեսնում էին դեպի եվրոպական կատարելագործված սառնությունը, զզվում են անարդար Եվրոպայից: Այնինչ Եվրոպան իր թվացյալ սառնության խորքում շարունակում է պահպանել կյանքի թանկ հատիկը եւ մեզ կանչում է հեռվից մեր պատմական հայրենիքի, սակայն այսօր՝ Թուրքիայի ճանապարհով:

Եվ եղան մարդիկ, որոնք անտեսելով ցեղասպանությունը՝ ուզեցին բարեկամություն հորինել թուրքերի հետ, սակայն նրանց ձայնը լսելի չդարձավ: Ու երբ այսօր ձայնը մեր արժանապատիվ ու աննախապայման լսելի է ամբողջ աշխարհին, սրճարանում իմ հարգելի ընկերը ինձ ասում է՝ տեսա՞ր, որ չստացվեց, եւ նա այդ բառերն ինձ ասում է տարօրինակ ներքին հաճույքով: Ես չգիտեմ, թե նա ինչի համար էր ուրախ, բայց ես ուրախ էի լրիվ հակառակ կողմից, քանի որ տարիներ շարունակ երկիր մոլորակից մի տեսակ բացակա մեր հայրենիքը հայտնվել է աշխարհի հզորների շահերի խաչմերուկում, որը վերջին մեկ տարվա դժվար մեր ապրած կյանքի արժանապատվության արդյունքն է, եւ ուր մեր երկիրը վերջապես կարող է դառնալ Անդրկովկասի կենտրոն. Թիֆլիս, Բաքու կառուցած ժողովուրդը կարծես թե իր գլխի տերն է դառնում այսօր, աշխարհին ներկայացնելով իրեն եւ իր պետությունը:

Ընկերոջս լսելով՝ մտածում էի նաեւ, որ մենք զարմանալիորեն հակված ենք հեշտությամբ զիջել մեր սրբությունները, ինչպես ժամանակին թողեցին մեր Նախիջեւանը, մեր Ջավախքը, մեր Արցախը՝ առանց մտածելու, որ անսրբապատկեր ցանկացած տաճար վերածվում է պահեստի կամ չղջիկների բնակավայր է դառնում:

Եվ կարծում եմ, որ այսօր ոչ թե կորուսյալ սրբերի հիշատակի դեմ մոմ վառելն է մեր խնդիրը, այլ սրբությունները վերադարձնելու ժամանակն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել