Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկայինը խեղաթյուրել է տվյալները

Մայիս 15,2009 00:00

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության, այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, շատ այլ ընկերությունների թվում, աշխատակիցների քանակը նվազել է նաեւ «ՍՊՍ Սիգարոնում»: «Առավոտն» այս թեմային անդրադարձել էր մայիսի 14-ին՝ «Գերադասում են քիչ աշխատողներով յոլա գնալ» հրապարակման մեջ: Նշենք, որ Պետեկամուտների կոմիտեն ընկերությունների աշխատողների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը սովորաբար տրամադրում է՝ գործատուների ներկայացրած տվյալների հիման վրա:

Սակայն «ՍՊՍ Սիգարոնից» «Առավոտին» տեղեկացրին, որ կոմիտեի հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ընկերության փոխտնօրեն Նվեր Սարգսյանի ներկայացմամբ. «Այն, որ ցուցակում նշված է, իբր նախորդ տարեսկզբի համեմատությամբ այս տարվա առաջին եռամսյակին աշխատակիցների քանակը նվազել է, դա այդպես չէ: Կարծում եմ, դա հարկայինի կողմից թույլ տրված վրիպակ է»:

Ն. Սարգսյանի հավաստմամբ, 2008-ի մարտ ամսվա դրությամբ, «ՍՊՍ Սիգարոնը» ունեցել է 218, իսկ ապրիլին՝ 239 աշխատակից, իսկ այս տարվա մարտին աշխատողներն ավելացել են: Այս տարվա մարտին եղել է 225, իսկ ապրիլին՝ 240 մարդ: Համեմատաբար ավելացել են նաեւ ընկերության՝ սոցիալական հիմնադրամին կատարած մուծումները. նախորդ տարվա առաջին եռամսյակի 5 մլն 160 հազարի փոխարեն, այս տարի այն կազմում է 5 մլն 350 հազար: Ինչ վերաբերում է ընկերության կողմից թողարկված արտադրանքի ծավալներին, ապա, Ն. Սարգսյանի տեղեկացմամբ, նախորդ տարվա առաջին եռամսյակի 430 մլն դրամի փոխարեն, այս տարի արտադրվել է շուրջ 748 մլն դրամի արտադրանք: Ընկերության փոխտնօրենի խոսքերով. «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ ռեցեսիայի եւ գնողունակության անկման ծայրը դեռեւս չի երեւում, սպառողները շատ ավելի զգայուն են գների հանդեպ: Այս պայմաններում սպառողին պետք է էժան գին առաջարկել, բայց ոչ թե որակի՝ այլ նվազագույն շահույթի հաշվին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել