Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ «ԳՈՂԱՆՈՒՄ» ԵՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Մայիս 15,2009 00:00

\"\"Տաքսու վարորդները բողոքում են ոստիկաններից ու հարկային տեսուչներից

Արդեն երկու օր է՝ Գյումրիի, Արթիկի ու Ախուրյանի տաքսու վարորդները փակում են Գյումրիի կենտրոնական փողոցները, կաթվածահար անելով երթեւեկությունը ու հարկայինից պահանջելով անհապաղ դադարեցնել հետապնդումները: Բանն այն է, որ հարկայինի տեսուչները սկսել են շրջագայել ճանապարհային ոստիկանների մեքենաներով ու անօրինական կերպով տուգանել վարորդներին: Մոտ քսան հոգի արդեն իսկ տուգանված է: Վարորդներից մեկի՝ Վահագնի ներկայացնելով, երեկ Հաղթանակի պողոտայում ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է իրեն՝ իբրեւ թե մեքենայի տեխնիկական գրքույկը ստուգելու նպատակով, սակայն կանգնեցնելն ու փաստաթղթերը ձեռքից խլելը մեկ է եղել: Ոստիկանը, այն հանձնելով կողքին նստած հարկայինի տեսուչին՝ վարորդին սպառնացել է. «Կգնաս հարկային ու կստորագրես քո դեմ կազմված արձանագրության տակ, դու տուգանվում ես 20 հազար դրամով, այլապես կմոռանաս «պասպորտիդ» ու վարորդական իրավունքիդ մասին»: Վարորդն էլ ստիպված է եղել գնալ հարկային, ստորագրել է իր դեմ կազմված արձանագրության տակ: «Սա այլ բառով չի կարելի որակել, սա գողություն է, իմ փաստաթղթերը խլել են շանտաժի միջոցով, թող արձանագրեին, որ ես հրաժարվում եմ ստորագրելուց, կարգը դա է, ոչ թե փորձեն ստոր մեթոդներով սոված մարդկանց հաշվին լցնել դատարկ բյուջեն»,- երեկ Շիրակի փոխմարզպետ Միքայել Վարդանյանին բողոքում էր վարորդը:

Մյուսներն էլ պատմում էին, թե ինչպես են ոստիկանները տուգանել մի վարորդի, որը բանկից վարկ վերցնելով՝ փոխել է իր հին մեքենան, սակայն տուգանքների պատճառով կանգնել է փաստի առջեւ. ոչ կարող է գործ անել, ոչ էլ՝ տոկոս փակել:

Վարորդների բողոքը երեկ սկսվեց «Մայր Հայաստան» կոչվող հուշահամալիրից. նրանք շարժվեցին Սայաթ-Նովայի կենտրոնական փողոց ու, հավաքվելով Գյումրիի թատրոնի մոտ, շարունակեցին այն: «Մեզ խաբել են, մի ամիս առաջ տարածքային կառավարման փոխնախարար պարոն Բախշյանը Գյումրի գալով խոստանում էր, որ մեզ ոչ ոք ձեռք չի տա, մինչեւ որ վարչապետին ուղղված մեր դիմում-բողոքին պատասխան չգա, բայց պատասխան չստացած՝ սկսեցին հետապնդումները»,- ասում էին նրանք: Մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գեորգինյանի գլխավորությամբ՝ թատրոնի շենք շտապեցին ոստիկանները: Եվ քանի որ վարորդները սպառնում էին «կտրել ու անցնել թուրքի սահմանը», փոխոստիկանապետը հորդորում էր վերջ դնել այդ «աբսուրդ» գաղափարին: «Նախագահին չհաջողվեց սահմանը բացել՝ մենք կբացենք: Պարոն Գեորգինյան, դուք ռոճիկ ստացող մարդ եք, ձեզ տնից դուրս չեն անի, բայց մենք ի՞նչ անենք, օրինակ՝ դուք ի՞նչ եք առաջարկում, կախվե՞նք, գիտե՞ք, որ Դիլիջանում մի տաքսու վարորդ կախվել էր, քանի որ չէր կարող ընտանիքը պահել, կամ գիտե՞ք ինչ արեք, մեզ ձերբակալեք՝ պրծնենք, էդ ժամանակ մեր էրեխեքը հույսները մեզանից կկտրեն: Ասում են՝ վերջերս Արթիկի քրեակատարողականի պետը բանտարկյալներին սպառնացել է, թե՝ խելոք մնացեք, թե չէ ազատ կարձակեմ, կգնաք՝ սովից կմեռնեք»,- պատկերավոր պատմում էր վարորդներից մեկը:

Նրանք քննադատում էին նաեւ մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Մարզպետունի Մարգարյանին, ով թեեւ իրենց բոլոր բողոքի ակցիաներին ներկա է եղել, սակայն հեռուստատեսությամբ «անմեղ» է ձեւացել, հայտարարելով, թե ոչնչից խաբար չէ: «Պանիկա է տարածում, թե Գյումրիի տաքսու վարորդները սկսել են հարկային դաշտ մտնել, եթե մեր միջից մեկը լիցենզիա հանած լինի, ապա դա Մարզպետունու հորեղբոր տղան կլինի, էն էլ՝ ձեւական, ցուցադրելու համար, թե իբր իրենք օրենք հարգող մարդիկ են, բայց էդպիսի օրենք հարգողներին մենք հո լավ գիտենք»,- ասում էին վարորդները: «Ինչի՞ հարեւան Վրաստանից օրինակ չենք վերցնում, էնտեղ հաստատագրված գումար են վճարում ու պրծնում, Վրաստանի նախագահը, հասկանալով, որ աշխատատեղ չի կարող ապահովել, թեթեւ պայմաններ է ստեղծում, որ մարդիկ սովից չմեռնեն, էդ ի՞նչ մի դժվար հարց է, որ մեր նախարարները մեզանից կպել ու պոկ չեն գալիս»,- դժգոհում էին վարորդները: Փոխոստիկանապետը օգնության կանչեց փոխմարզպետ Միքայել Վարդանյանին: Վերջինս էլ վարորդներին խնդրեց պատվիրակություն կազմել ու գնալ իր կաբինետ՝ հարցը քննարկելու: «Ինձ այնպիսի տարբերակ առաջարկեք, որ ոչ շիշը վառի, ոչ՝ քյաբաբը»,- խորհրդակցության ժամանակ ասաց փոխմարզպետը: Վերջինս էլ իր հերթին օգնության կանչեց ՀՀ տրանսպորտի տեսչության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Ալբերտ Դերձակյանին: Վարորդները, տեսնելով Ա. Դերձակյանին, խնդրեցին պարզաբանել, թե ինչո՞ւ դեռ պաշտոնական պատասխան չստացած՝ հարկայինը անցնում է գործի:

Պարոն Դերձակյանը «երիտասարդ» մեքենաների տերերին առաջարկեց լիցենզիա հանել, խոստանալով «ի չիք անել տուգանքները»: Սա վարորդների շրջանում մեծ դժգոհություն առաջացրեց: Նրանցից ոմանք, խիստ վրդովվելով այս առաջարկից՝ հեռացան մարզպետարանից: Վարորդները առաջարկում էին իրենցից հաստատագրված վճար գանձել՝ ամսական 3 հազար դրամի չափով, ու հարցը փակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել